«Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ»

«Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ»

«Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետև ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» (Ղուկ. 9:48):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ ի Քրիստոս,

Օրվա ավետարանական հատվածն այսօր մի անսովոր տեսարան է ներկայացնում մեր ուշադրությանը՝ պատմելով առաքյալների մեջ ծագած վեճի մասին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա տեղի ունեցավ ոչ թե իրենց ընթացքի սկզբում, երբ անտեղյակ էին Քրիստոսի վարդապետությանը, այլ Նրա հետ բավականին երկար ճանապարհ անցնելուց հետո, որը հեզությամբ ու խոնարհությամբ էր կերտվել, ապա կարելի է ենթադրել, որ ծանրակշիռ շարժառիթ կար դրա համար:

Ավետարաններն ընթերցելիս, վստահաբար, նկատել եք, որ առաքյալներից մեկը՝ իր կրակոտ խառնվածքով, համարձակությամբ ու նախանձախնդրությամբ միշտ աչքի է ընկնում մյուսներից առավել և սիրելի Ուսուցիչն էլ կարծես նախապատվության է արժանացնում նրան: Նա առաջինն էր, որ նախքան Տիրոջից կանչվելն արդեն իսկ Տեր կոչեց Նրան (Ղուկ. 5:8-11): Նա երեք աշակերտներից մեկն էր, որ Թաբոր լեռան վրա աժանացավ պայծառակերպության աստվածային լույսին (Մատթ. 17:1-2), և կրկին այս երեքից մեկն էր, որ ականատես եղավ Հայրոսի աղջկա զարմանահրաշ հարությանը (Մրկ. 5:37-42): Նրա քաջությունն էր, որ բավարարեց փոթորկած ծովի վրայով Քրիստոսին ընդառաջ գնալու և նա էր առաջինը, որ Քրիստոսին Աստծու Որդի վկայեց, ինչի համար էլ Քրիստոս նրան «Եկեղեցու վեմ» կոչեց և վստահեց Երկնքի Արքայության բանալիները (Մատթ. 16:15-19): Այո՛, խոսքն, իհարկե, Պետրոս առաքյալի մասին է: Եվ եթե այս ամենին հավելենք նաև այն դեպքը, որ նախորդեց վերը նշված վեճին, երբ Քրիստոս Պետրոսին հանձնարարեց ձուկ որսալ և դրա բերանում գտած մեկ արծաթով իրենց երկուսի համար Տաճարի տուրքը վճարել, ապա կարծես թե ուրվագծվում է աշակերտների մեջ առաջացած վեճի պատճառը: Սակայն, սիրելինե՛ր, կարևորն, իհարկե, այն պատասխանն է, որ Տեր Հիսուս Քրիստոս տվեց՝ առանց վեճի դրդապատճառին անդրադառնալու, որին սրտագետ Աստված միանշանակորեն քաջատեղյակ էր: Այո՛, Վարդապետին հետևելու հարցում Պետրոսն ավելի պատվախնդիր էր, քան մյուսները: Սակայն Հովհաննեսն էր ամենասիրելի աշակերտը, և նա, որը չէր վախենալու մինչև Գողգոթայի բարձունքը հետևել իր Վարդապետին (Հովհ. 19:26): Իսկ Անդրեասն առաջինն էր, որ գնաց Քրիստոսի հետևից (Հովհ. 1:40): Բարդուղիմեոսն էլ միակն էր, ում Տեր Հիսուս Քրիստոս կոչեց «մի իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1:47): Սակայն նրանցից և ոչ մեկին Քրիստոս չառանձնացրեց և չմատնանշեց որպես մեծ:

Սիրելի՛ հավատացյալներ, պատմությունից շատ կերպարներ են հայտնի «Մեծ» կամ «Առաջին» մականուններով: Աշխարհը միշտ էլ իր չափանիշներով որոշված մեծ-եր է հրամցրել մարդկությանը, և մարդիկ, գիտակցաբար, թե անգիտակցորեն, միշտ էլ իդեալներ են ստեղծում իրենց համար, ընդօրինակում նրանց և ձգտում ամեն ինչով նմանվել: Դրանք միշտ հայտնի դեմքեր են՝ քաղաքական գործիչներ, առաջնորդներ, մշակութային ու սպորտային աշխարհի ներկայացուցիչներ, այսպես կոչված «աստղեր», մի խոսքով՝ աշխարհիկ փառքի, հարստության ու իշխանության տեր մարդիկ, որ հեղինակություն են վայելում և կշիռ ունեն շրջապատում: Բնականաբար, նման մարդիկ կային նաև Քրիստոսի երկրային կյանքի ժամանակաշրջանում, սակայն նրանց թվացյալ առավելություններից և ոչ մեկը պիտանի չեղավ, որպեսզի Քրիստոս օրինակ բերեր Երկնքի Արքայություն մտնելու համար: Այլ ինչպես ավետարանիչներն են պատմում. «Հիսուս իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի» (Մատթ. 18:2-5, հմմտ. Մարկ. 9:32-36, 41-47, Ղուկ. 9:46-48, 17:1-2):

Ինչպիսի՜ անակնկալ օրինակ, Երկնքի Արքայությունը ժառանգելու որքա՜ն անսպասելի պայման: Քրիստոսի խոսքերն առաջին պահին շփոթեցնում են լսողին, անակնալի բերում, քանի որ սովոր չենք երեխաներին մեծահասակների համար որպես օրինակ դիտարկել: Եվ սա մտածելու տեղիք է տալիս. ինչո՞ւ հատկապես մանուկների պես: Իսկ պատասխանը հենց Քրիստոսի խոսքի մեջ է, սիրելինե՛ր, որտեղ ասում է «եթե չդառնաք», այսինքն՝ կրկին չլինեք այնպիսին, ինչպիսին էիք: Որովհետև բոլոր մարդիկ, անխտիր, նախ մանուկ են եղել, ապա՝ մեծացել: Բոլորն, անխտիր, ծնվել են մաքրամաքուր սրտով ու անաղարտ հոգով: Բոլոր մանուկների սրտերը, հավասարապես, աստվածաբույր են, և բոլորի հոգիներն՝ աստվածատես: Համարձակորեն կարելի է ասել, որ անկեղծ, անչար, աննախանձ, խոնարհ, ամեն տեսակի մեղքից ու չարիքից զերծ, անվերապահորեն հավատացող ու սիրող այս հոգիներում Աստծու Արքայությունն է տիրում և կարծում եմ, որ սա ենթագիտակցորեն զգալով ենք այդքան շատ սիրում երեխաներին: Նրանց հոգում առկա երկնայինն ու աստվածայինն են, որ ձգում են մեզ: Բոլոր մարդիկ ծնվում են այն բոլոր առաքինություններով, որոնց հետո այդքան ձգտում ենք, որոնց համար այդքան ջանում ենք ու աղոթքով աղերսում Աստծուց: Եվ Քրիստոս պատվիրում է սրտի հենց այդ մաքրությանը դառնալ, այդ խոնարհամտությանը, պարզությանն ու անչարությանը, որ ունեինք ի սկզբանե, սակայն կորցրինք՝ մեղքի իշխանությանը տրվելով: Եվ որպեսզի վերհիշենք այդ բոլոր սքանչելի հատկանիշները, առաջարկում է մեր հոգու վիճակը մշտապես ստուգել՝ մանուկների հետ համեմատելով:

Տեսե՛ք, թե մանուկներն ինչպես են սիրում ու հնազանդվում իրենց ծնողներին և նրանցից սովորեք սիրել ձեր Երկնավոր ծնողին ու խոնարհվել Նրա Սուրբ կամքի առջև, սիրելի՛ հավատացյալներ: Դուք բարկանում եք ձեր փոքրիկի վրա, երբեմն՝ պատժում, հաճախ նրա ցանկացածի փոխարեն տալիս եք այն, ինչ միգուցե այնքան էլ հաճելի չէ նրան, սակայն օգտակար է և չի վնասում: Երեխան վիրավորվո՞ւմ է դրանից, քե՞ն պահում, հրաժարվո՞ւմ ձեզնից: Իհարկե ո՛չ: Կարճատեև լացից հետո կրկին ժպտում է արցունքների միջից ու փարվում սիրելի ծնողի ոտքերին:

Տեսե՛ք նաև, թե փոքրիկներն ինչպես են սիրում իրենց հասակակիցներին, շրջապատողներին ու նրանցից սովորեք ձեր մերձավորին սիրել: Երբ երրորդ զավակս Դաունի համախտանիշով ծնվեց, և ես սկսեցի առանձնահատկություններով երեխաների հետ աշխատել, մեծագույն ցավով առերեսվեցի մեր՝ մեծահասակներիս աշխարհի խտրական վերաբերմունքին՝ իրենցից փոքր-ինչ տարբերվող, սակայն միևնույն արարածի հանդեպ: Իսկ ի՞նչ եք կարծում, սիրելի՛ հավատացյալներ, երեխաներն իմ տղային ինչպե՞ս ընդունեցին մանկապարտեզում: Սիրով, ինչպես բոլորին, առանց տարբերակելու, քանի որ նրանք ուղղակի չեն տեսնում մեկ այլ երեխայի առանձնահատկությունները, կամ մաշկի գույնը, կամ հագուստի արժեքը, և ոչ թե որովհետև չեն հասկանում, այլ, որովհետև չեն կարևորում դրանք: Նրանք դեռևս Քրիստոսի աչքերով են նայում մարդկանց: Եվ մեր առջև նույնպիսի առաքինության հասնելու խնդիրն է դրված, այն պայմանով, որ ինչպես երեխաները չեն գիտակցում իրենց առաքինությունը, հետևաբար՝ մեծությունը, որովհետև այն ի ծնե իրենց հոգու բնական վիճակն է, ուստի չեն հպարտանում դրանով, այնպես էլ մենք պիտի վերաբերվենք մեր առաքինություններին, ընտելանանք դրանց, որպեսզի դառնան մեր բնական վիճակը, ուստի նույնիսկ չնկատենք դրանք և հպարտանալու կամ մեծամտանալու միտք անգամ չծնվի մեր հոգում:

Այս քարոզը գրելիս մի պատմություն հիշեցի, երբ փոքրիկ աղջիկը մորը հարցնում է. «Մայրի՛կ, ճի՞շտ է, որ Աստված շատ մեծ է, իսկ մենք Նրա համեմատությամբ՝ շատ փոքր»: «Ճիշտ է, աղջի՛կս»: «Բայց դու ասում էիր, որ Աստված պետք է մեր սրտում բնակվի»: «Այո՛, ասում էի»,- համաձայնում է մայրը: «Բայց եթե մեծ Աստված մտնի մեր փոքր սիրտը, ապա չի կարողանա այնտեղ թաքնվել, անպայման կերևա»,- եզրափակում է աղջիկը:

Եվ ես մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի Քրիստոս Աստված իսկապես բնակվի ձեր սրտում, և ձեզ նայող մարդիկ անպատճառ տեսնեն Երկնքի Արքայության արտացոլանքը թե՛ ձեր խոսքերում, թե՛՝ գործերում. ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում