Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական

Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական

Բրիտանացի նկարիչ Էնդի Լինկը պնդում է, որ նկարիչ Բենքսիի «Ուրբաթ» քանդակը Sotheby’s-ի ժամանակակից արվեստի աճուրդում անօրինական է վաճառվում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Guardian-ին:

Քանդակը տեղադրվել էր Լոնդոնի փոքրիկ հրապարակներից մեկում 2004 թվականին առանց համապատասխան թույլտվության, ինչպես սթրիթ-արտի հայտնի ներկայացուցչի գրեթե բոլոր աշխատանքները:

Լինկը «առևանգել» է այն, գրանցել «գտածոն» ոստիկանությունում և կապվել Բենքսիի հետ այն գնելու համար: Բայց նա առաջարկել է բենզին լցնել վրան և այրել: Էնդին այն թողել էր իր այգում: Երեք տարի անց քադակը գողացել են, քանի դեռ Լինկը տանը չի եղել, ինչի մասին նա հայտնել էր ոստիկանություն:

Այս աշուն քանդակը հայտնվել է Sotheby’s-ի աճուրդային կատալոգում: Գինն է՝ 970 հազար դոլարից մինչև 1 միլիոն 290 հազար դոլար: Սա աճուրդի ամենաթանկ լոտն է, որը կայանալու է նոյեմբերի 19-ին:

Sotheby’s-ում պնդում են, որ վաճառողից ստացել են ստեղծագործության վաճառքի օրինականության երաշխիք, և ենթադրում են, որ գողությունը կատարել է կամ հենց Բենքսին կամ նրա շրջապատից որևէ մեկը: Բենքսիի ներկայացուցիչներից որևէ մեկը դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Լինկը կարծում է, որ աշխատանքը պատկանում է իրեն, քանի որ այն նետել էին փողոցում, իսկ նա գրանցել է «Ուրբաթ» քանդակը ոստիկանությունում, Բենքսին էլ չի խնդրել այն վերադարձնել:
«Ես չեմ հասկանում, թե ինչպես Sotheby’s-ը կարող է այն վաճառել, երբ ես ունեմ նման ապացույցներ»,- ասել է բրիտանացի նկարիչ Էնդի Լինկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում