Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն

Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն

Կարծում եմ` տարօրինակ չի լինի, եթե ասեմ, որ մայրենի՝ լեզվի շնորհիվ ընթերցողը լրիվ հարազատորեն, այսպես ասած իր արյունով, իր ընդերքով կընկալի համաշխարհային գրականության ոգեկան անգնահատելի արժեքները, և դրանք հոգու լիակատար սեփականությունը կդառնա, ուստի կդառնան նաև ժողովրդի սեփականությունը:
Սա իմ խոր համոզմունքն է:

Արդարև, մայրենի լեզուն չէ՞ այն հզոր միջոցը, որով հաստատագրվում և իմաստավորվում են մարդու առաջին, հիմնական, անջնջելի տպավորությունները կյանքից, աշխարհից, և սկսում է կազմավորվել նրա հետզհետե ընդլայնվող աշխարհաճանաչումը: Իրերն ու երևույթները, զգացումներն ու գործողությունները մանուկի հոգում մայրենի լեզվով են անուն ստանում և կապվում իրար: Իսկ մեծանալով` նա սկսում է մտածել, իրեն գիտակցել, իրեն համար աշխարհը հայտնագործել մայրենի լեզվով: Որքան էլ հետագայում, նույնիսկ հարաբերաբար վաղ տարիքից, մարդը օտար լեզուներ սովորի, որքան էլ այս կամ այն օտար լեզվի իմացությունը հասցնի գրեթե կատարելության, միևնույն է` ծառն ու աստղը, սերն ու բարկությունը, ժամանակն ու տարածությունը նրա հոգու խորքում կարձագանքվեն այն բառերով ու խոսքերով, որոնք նա լսել ու թոթովել է իր կյանքի առաջին տարիներից: Մայրենի լեզվի բառն ու բանը և հնչյունները նրա գիտակցության ու ենթագիտակցության աշխարհում ընդմիշտ զուգորդված են հարազատ պատկերների, զգացումների, գաղափարների, հարազատ ապրումների հետ, կյանքի ու աշխարհի հարազատ ընկալման հետ, ինչպես մանկությունից ծանոթ բուրմունքը կամ մեղեդին: Մարդ ուր էլ գնա, ինչ իրականության հետ էլ շփվի, ինչ լեզվով էլ խոսի ուրիշների հետ, հոգու խորքում անգիտակցաբար, ինքնաբերաբար, կարծես մեքենայնորեն ամեն ինչ «թարգմանվում է» մայրենի լեզվին և ընկլվում համապատասխան զգացողությամբ: Մենք դա չենք նկատում սովորաբար, քանի որ չենք գիտակցում, բայց եթե մի պահ կանգ առնենք ու խոր հայացք գցենք մեր մեջ, կտեսնենք, որ այդպես է: Դա հատկապես ցայտուն երևում է այն պահերին, երբ օտար լեզվով կարդալիս կանգ ենք առնում ուշադրություն գրաված մտքի կամ պատկերի առաջ` խորհրդածելու, ավելի խոր հասկանալու, ըմբոշխնելու համար. գուցե առաջին վայրկյաններին հարակայորեն շարունակվի նույն օտար լեզուն, բայց մեր մտածողությունն անմիջապես, ինքնաբերաբար, մեր կամքից անկախ, անցնում է մայրենի լեզվին, որի հետ, զուգորդության ուժով, բացվում են մեր աշխարհազգացողության ավելի խոր, մանկությունից կազմավորված ծալքերը, և խորհրդածությունն ու ըմբոշխնումը դառնում են ավելի հեշտ ու բնական, ընկալումն էլ` ավելի հարազատ ու ամբողջական, սուզվելով այդ ծալքերի մեջ:

Այս բոլորից, կարծում եմ, ակնհայտորեն հետևում է այն, թե մայրենի լեզուն էական դեր է կատարում համաշխարհային գրական արժեքները հոգու լիակատար սեփականություն դարձնելու, ուստի նաև ժողովրդի սեփականությունը դարձնելու համար: Այդ դերով է պայմանավորված թարգմանական գրականության առաջնակարգ նշանակությունն անհատի հոգու կյանքում և ժողովրդի ազգային մշակույթի մեջ:

Եթե մեկը օտար լեզու չգիտե, իսկ իր մայրենի լեզվով թարգմանական հարուստ գրականություն չկա, նա մեծ չափով զրկվում է, բնականաբար, համաշխարհային գրական (ու նաև, անշուշտ, փիլիսոփայական, գիտական) արժեքներին հաղորդվելու և դրանք յուրացնելու հնարավորությունից, ուստի նրա հոգևոր զարգացումը հարաբերական նեղ շրջանակի մեջ է կատարվում և մնում է այս կամ այն չափով գավառական: Եվ քանի որ, իբրև կանոն, ժողովրդի մեծ մասն են կազմում նրանք, ովքեր օտար լեզու չգիտեն կամ գիտեն այնքան, որ բավարար չէ լուրջ ընթերցանության համար, ուրեմն մայրենի լեզվով թարգմանական հարուստ գրականություն չունենալը, պարզ է, բացասաբար է անդրադառնում առհասարակ ժողովրդի հոգևոր զարգացման վրա:

Իսկ եթե մեկը լավ գիտե որևէ օտար լեզու, որով թարգմանական հարուստ գրականություն կա, նա շատ ավելի մեծ հնարավորություն կունենա, անշուշտ, հաղորդվելու համաշխարհային այդ արժեքներին: Բայց դրանց յուրացումը, համոզված եմ, չի լինի այնքան հարազատ ու խորունկ, որքան պիտի լիներ մայրենի լեզվով հաղորդվելու դեպքում: Հետևաբար, օտար լեզու իմացողն էլ որոշ չափով տուժում է, եթե մայրենի լեզվով չկա թարգմանական հարուստ գրականություն և, ստիպված, կարդում է ուրիշ, գուցե նույնիսկ շատ լավ իմացած, բայց իրեն ոչ անմիջապես հարազատ լեզվով: Տարբեր հարց, իհարկե, եթե օտար լեզուն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, համարժեք է դարձել կամ նույնիսկ փոխարինել է մայրենի լեզվին, թեպետ այդ պարագային էլ, եթե փորփրենք, ի հայտ կգան հոգեբանական բարդություններ, մանավանդ մեր` աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի մեջ դիտելի, բայց իմ նպատակից դուրս է այժմ այդ բարդությունների մեջ խորանալը:

Եվ այնուամենայնիվ` առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ այս միտքը, որ իբրև իմ խոր համոզմունքն եմ ներկայացնում: Առավել ևս տարօրինակ կթվա, եթե ավելացնեմ, որ նույնիսկ որևէ երկի բնագիրը կարդալու դեպքում (ենթադրելով, որ լեզվաոճական նրբությունների համն ու հոտը զգալու չափ լավ գիտես տվյալ լեզուն, որ սակայն քո մայրենի լեզուն չէ) յուրացումն այնքան հարազատ չի լինի, որքան եթե նույն երկի թարգմանությունը կարդայիր քո մայրենի լեզվով:

– Ինչպե՞ս թե,- անմիջապես հիմա լսում եմ առարկությունը: – Բնագիրը թողած` թարգմանությո՞ւնը կարդամ:

Չէ, խոսքն այն մասին չէ, իհարկե, թե բնագրի փոխարեն պետք է անպայման թարգմանությունը կարդալ: Եթե բնագիրը մատչելի է ընթերցողին, ավելի լավ. նա կարող է բախտավոր համարել իրեն, որ հոգեպես հարստանալու ավելի շատ հնարավո-րություն ունի: Խոսքն ուրիշ բանի մասին է, և ըստ իս` ավելի խոր խնդիր է սա:

Անկեղծ ասած, ես այստեղ վիճում եմ նախ ինքս ինձ հետ: Իմ այդ համոզմունքն ամենից առաջ տարօրինակ է թվացել իմ աչքին, թեպետ, ճիշտ է, առաջին հայացքիր միայն: Ես ինձ հարց եմ տվել.

– Որտեղի՞ց է գոյացել քո այդ համոզմունքը, երբ ինքդ համաշխարհային շատ ու շատ գլուխգործոցներ կարդացել ես օտար լեզուներով, հաճախ հենց բնագրով: Ինչ է, դրանց յուրացումը հարազատ ու խորունկ չի՞ եղել քեզ համար: Ճշմարի՞տ է արդյոք այդ քո համոզմունքը:

Եվ զգացել եմ, որ ներքին մի ձայն պատասխանում է խորքից.

– Ճշմարիտ է, ու հենց քո փորձն է քեզ բերել այդ համոզմունքին:

Խորհրդածել եմ, վերլուծել, որպեսզի հասկանամ այդ պատասխանը:

Այո, համաշխարհային գրականության գլուխգործոցները մեծ մասամբ կարդացել եմ օտար լեզվով, որովհետև հայերեն թարգմանությունները չեն եղել կամ չեմ գտել, իսկ եղածներից էլ շատերը, մեր օրերում պետհրատից հոնորար ստանալու մարմաջով կատարված, եղել են վատ թարգմանություններ ու խրտնեցրել են ամենից առաջ իրենց խղճուկ, անհամ, փայտացած հայերենով, էլ չեմ խոսում թարգմանական արվեստի բա-ցակայության, պատահական գրչի անբերախիղճ հանդգնության ու անճարակության մասին (օրինակ, հայերեն Բալզակի աղյուսանման հատորները): Օտար լեզվով կարդացածներս էլ հաճախ եղել են թարգմանություններ ինձ անծանոթ լեզվից ծանոթ լեզվին, բայց ընդհանրապես լավ, երբեմն էլ հոյակապ թարգմանություններ, ինչպես Վերգիլիոսի պոեմները Դրայդընի անգլերենով, Սերվանտեսի «Դոն Կիխոտը» Լյուբիմովի ռուսերենով: Այո, ըմբոշխնել եմ նաև բնագրի համն ու հոտը` անգլիացի, ֆրանսիացի, ռուս և որոշ չափով էլ գերմանացի մեծ գրողներին կարդալիս, և շատ եմ ափսոսացել, որ պատանեկության օրերին, երբ արդի հունարենն էլ հարազատ լեզու էր ինձ համար, մի հավելյալ ճիգ անելով չեմ սովորել հին հունարեն, որպեսզի հին հույն մեծերին էլ կարողանայի բնագրով ըմբոշխնել, ինչպես մեր հին մեծերին ըմբոշխնում եմ գրաբարով, և մանավանդ թարգմանել Պլատոն և Սոփոկլես` ինձ շատ սիրելի հեղինակներ:

Բոլոր այդ երկերը, ինչ լեզվով էլ կարդացած լինեմ, իրենց համամարդկային բովանդակությամբ հարազատ են իմ հոգուն, բնականաբար, ինչպես բոլոր այն մարդկային հոգիներին, որոնք բաց են դրանք ընկալելու համար: Իսկ ինչպե՞ս է այդ հարազատությունը, այսպես ասած, մտել իմ արյան մեջ, դարձել խոր յուրացում: Հենց ընկալման այն ոչ ակնհայտ, ինքնաբերաբար գործող մեխանիզմի շնորհիվ, որ նկարագրեցի մայրենի լեզվի մասին խոսելիս: Այդ համամարդկային բովանդակությունը հոգուս խորքում «թարգմանվել» ու յուրացվել է իմ մայրենի լեզվով` հայերեն, քանի որ հայ ես: Ամեն անգամ, երբ գիտակցորեն կամ անգիտակցորեն անդրադարձել եմ այդ երկերին, զգալով դրանց էությունը և իմաստավորվելով, հայերեն եմ մտածել: Եվ նույնիսկ երբ հարկ է եղել օտար լեզվով վերարտադրել իմ ընկալումը, զգացել եմ, որ այդ վերարտադրումն իսկ գունավորված է խորքից հայերեն մտածողությամբ կատարված իմաստավորման երանգով: Մի խոսքով, այդ հոգեկան սնունդը օտար լեզվով եմ ընդունել, բայց «մարսել» եմ հայերեն: Ծախսվել է կրկնակի եռանդ: Եվ բնականաբար կորուստներ են եղել, քանի որ այդ օտար լեզուներից, որոնք իմ մայրենին չեն, այլ ձեռք են բերված իմ մանկությունից հետո իբրև ստացական լեզուներ, որոշ բան եմ իմ հոգուն դիպել ու անցել է միայն, ընթերցման պահին ընկալվելով, բայց հարաբերաբար մնալով ընկալման մեկ երեսին: Եվ հատկանշական է, որ այս կամ այն սիրելի հատվածը, կրկին ու կրկին վերընթերցելիս, գրեթե ակամա թարգմանել եմ ինձ համար մտովի, տող առ տող, և այն, ինչ մնացել էր ընկալման մակերեսին, իջել, խորացել է հարազատության աշխարհը, կորուստները վերագտնվել են: Կորուստներն ավելի քիչ կլինեն, յուրացումը կլիներ ավելի անմիջական, եթե իմ մայրենի լեզվով ընդունելի այդ հոգեկան սնունդը, հայերեն թարգմանությամբ: Այո, բայց…

Բայց ինչպիսի՞ թարգմանությամբ:

Եվ ահա հիմնական խնդրին հասանք հիմա:

Տաղանդավոր, այսպես կոչված «հանճարակիր» թարգմանությունն է միայն, որ կարող է բնագրին փոխարինի: Այլ կերպ ասած` թարգմանությունը պետք է բնագրային հնչողություն ունենա, որպեսզի ընկալվի հարազատորեն, դառնա թե՝ անհատի հոգու, թե՝ ազգային մշակույթի լիակատար սեփականությունը: Պետք է ընթերցողին թվա, թե իր մայրենի լեզվով գրված բնագիր է կարդում: Ի դեպ, այստեղ ուզում եմ ավելացնել, որ արդեն վերջացել էր իմ ներքին վեճը, համոզմունքս գոյացել, այս էջերն էլ գրվել էին վաղուց (իմ «Գովք թարգմանության» էսսեում), երբ հանկարծ, պատահաբար, գրեթե նույն իմ պաշտպանած «տարօրինակ» մտքին հանդիպեցի Հեգելի մի նամակում (մայիս, 1805), ուղղված գերմանացի բանաստեղծ ու թարգմանիչ Ֆոսսին, որ տվել է «Իլիականի» ու «Ոդիսականի» գերմաներեն դասական թարգմանությունը: Ահա այդ տողերը, որ ուրախացրին ինձ, ավելի ևս ամրացնելով համոզմունքս. «Լութերը գերմաներեն թարգմաներ Աստվածաշունչը, իսկ դուք` Հոմերոսին. դա մեծագույն նվերն է, որ կարող է մատուցվել ժողովրդին: Չէ՞ որ ժողովուրդը բարբարոսական է մնում և չի կարող այն հրաշալի երկերը, որ ճաշակում է, իր իսկական սեփականությունը նկատել այնքան ժամանակ, մինչև դրանց չծանոթանա իր սեփական լեզվով»:

Քիչ չեն բնագրային հնչողություն ունեցող թարգմանությունները, որոնք պատ-վավոր տեղ են գրավել քաղաքակիրթ ժողովուրդների գրականության, մշակույթի մեջ: Բերեմ այսպիսի մի օրինակ, որ հատկապես ցայտուն է իր լայն նշանակությամբ: Ավգուստ Վիլհելմ Շլեգելի թարգմանությունները Շեքսպիրից, որ նա հրատարակեց 1797-1801 թվականներին, կարևոր դեր կատարեցին ոչ միայն գերմանական գրակա-նության մեջ, այլև ընդհանրապես շեքսպիրագիտության համար: Ի դեպ, Շելլինգն իր «Արվեստի փիլիսոփայությունը» գրքում իսպանացի թատերագիր Կալդերոնի մի ողբերգության փիլիսոփայական-գեղագիտական վերլուծությունն է անում` հիմնվելով նույն Շլեգելի գերմաներեն թարգմանության վրա. հատկանշական փաստ: Ըստ որում, փիլիսոփան ավելորդ չի գտնում հիշատակելու հատկապես, թե Շլեգելը «մեծ ծառայություն» է մատուցել Շեքսպիրի և իսպանական թատերագրության «իսկական թարգմանությունը» տալով իր ժողովրդին:

Բայց հեռու չգնանք: Մեր նախնիները մեկուկես հազարամյակ առաջ, սրբացյալ թարգմանիչներ, որոնց հիշատակին հատկապես տոն է նվիրված նույնիսկ` բացառիկ տոն համամարդկային պատմության մեջ, վճռականորեն «մեծ ծառայություն» են մատուցել հայ ժողովրդին` ամենից առաջ Աստվածաշնչի անզուգական թարգմանությամբ, որի լեզուն այնքան վճիտ, գեղեցիկ ու մանավանդ հարազատ հայերեն է, որ այդ գրքում ամեն ինչ ժողովուրդը դարերով ընկալել է մրտամոտ հայեցի զգացումով: Իսկ վերջին հարյուրամյակի ընթացքում, օրինակ, հարազատության զգացումով ենք տոգորվել Շեքսպիրի հանդեպ, և այդ զգացման համար պարտական ենք հատկապես Մասեհյանի թարգմանություններին, որոնք ոչ միայն հնչել են բեմից` մեր լավագույն դերասանների կատարումով, այլև եղել են սիրելի ընթերցանության նյութ, փնտրված գիրք, անձնական գրադարանի զարդ: Ասե՞մ. ավելի քան կես դար առաջ Աթենքում ձեռք եմ բերել Շեքսպիրի անգլերեն լիակատար միհատորյակը, որը քանիցս ընթերցել ու վերընթերցել եմ, բայց միշտ էլ ցանկություն եմ զգացել Մասեհյանի թարգմանած շեքսպիրյան երկերը նաև հայերեն ըմբոշխնելու. և հայերեն կարդալիս սիրտս ավելի է ջերմացել հարազատության զգացումով, ըստ որում ինձ բոլորովին չի խանգարել այն, թե Մասեհյանի լեզվում որոշ տարրեր կարող են գուցե հնացած հնչել այսօր:

Մայրենի լեզվով բնագրային հնչողություն ունեցող թարգմանությունն է, ուրեմն, որ ընկալվում է հարազատորեն ու դառնում ընթերցողի հոգու և ազգային մշակույթի սեփականությունը: Իսկ անարվեստ, անկենդան թարգմանությունը պարզապես խրտնեցնում, վիրավորում է բարձրաճաշակ ընթերցողին, շատերին էլ թողնում է ներքուստ չբավարարված, նաև փչացնում է դեռ կազմավորվող ճաշակը, ուստի «արջի ծառայություն» է դառնում թե՝ հեղինակի, թե՝ ընթերցողի, թե՝ մանավանդ մայրենի լեզվի ու մշակույթի հանդեպ: Ավելին` ուղղակի վնաս է հասցնում մայրենի լեզվին, աղավաղում է, աղճատում, զրկելով հյութից, համ ու հոտից, կենդանությունից, գեղեցկությունից, ճշգրտությունից, նաև մտքի, հույզի, պլաստիկ պետկերման երանգներ արտահայտելու ճկունությունից, լեզվի արժանիքներ, որոնք պետք է հատկապես ի հայտ գան և որոշ դեպքերում նույնիսկ հղկվեն, զարգանան, ճոխանան` գեղարվեստական գրականության մեծ երկեր թարգմանելիս: Վնաս է հասցնում նաև ազգային մշակույթին առհասարակ, որովհետև անկենդան թարգմանությունը նման է կեղծ դրամի, որ հարստություն ունենալու ինքնախաբեյություն է ստեղծում, բայց ըստ էության նշանակում է սնանկություն: Մայրենի լեզվով թարգմանական հարուստ գրականություն ունենալու` նշանակում է ունենալ իսկական թարգմանությունների առատություն, հիշելով Շելլինգի այդ պարզ ու սպառիչ բնորոշումը, և ավելացնենք` այնպիսի թարգմանությունների, որոնք, ինչպես Հեգելն է ասում վերոհիշյալ նամակում, ժողովրդին մատուցված մեծագույն նվեր են:

Իսկ այդպիսի թարգմանություններ կարող են ստեղծվել այն դեպքում միայն, երբ թարգմանելը ներքին պահանջ է արվեստագետ-թարգմանչի համար: Ներքին պահանջ թարգմանության բարոյական օրենքն է, որ բացառում է որևէ կողմնակի, մանավանդ շահադիտական նկատառում: Դրա էությունն այն է, որ թարգմանիչն իր ազատ կամքով ենթարկվում է հեղինակի աշխարհը ճշմարտորեն վերստեղծելու անհրաժեշտությանը: Իհարկե, այդ անհրաժեշտությունը պետք է համապատասխանի թարգմանչի սեփական ստեղծագործական ազատ կամքին, որպեսզի ծնվի ներքին պահանջը: Իսկ համապատասխանությունն այստեղ կարող է լինել միայն սերը թարգմանվող երկի հանդեպ, այն ինքնաբուխ առնչությունը, որ թարգմանչին կապում է, մի կողմից, երկի ու հեղինակի հետ, մյուս կողմից` իր մայրենի լեզվին ու ազգային մշակույթին ծառայելու նախաձեռնության հետ: Սիրո մեջ այդ երկու կողմերի միասնությամբ է, որ ծնվում է իսկական, ստեղծագործական թարգմանության հրաշքը:

«Գարուն», 2001, 8

Աղբուր՝ Garoun.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում