Հախնազարյանները՝ մեկ բեմում

Հախնազարյանները՝ մեկ բեմում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին կմասնակցի երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Հոբելյարը ևս իր կատարումներով հանդես կգա համերգի ընթացքում:

Համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր Հախնազարյանների կատարմամբ: Երկրորդ բաժնում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և համերգի հյուր Խաչատուր Ալմազյանը (ջութակ): Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և Ջովաննի Սոլլիմայի «Tarantulae Cadenzas» –ն (հայաստանյան պրեմիերա)՝ գրված թավջութակի, ջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Տիգրան Հախնազարյանը:

«Տոնական ծրագիր է, համապատասխանում է այն առիթին, որի կապակցությամբ հանդես ենք գալիս»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուր Ալմազյանը:

Էդուարդ Թոփչյանի ներկայացմամբ, մտածել են համերգային ծրագիրն այնպես կազմել, որ սեղմ՝ երկու բաժնում ներկայացնեն այն, ինչ հնարավոր է կապված Սուրեն Հախնազարյանի հետ:

«Տարիներ շարունակ կա իրենց ընտանեկան տրիոն: Առաջին բաժնում հենց իրենք հանդես կգան: Երկրորդ բաժնում՝ Նարեկի, Տիգրանի և Սուրեն Հախնազարյանների համագործակցությունն է՝ ներկայացնելով «Մուսան և պոետը»: Հետո Սոլլիմայի ստեղծագործությունը կկատարենք՝ որպես նվեր Սուրեն Հախնազարյանին»,- ասաց մաեստրո Թոփչյանը:

Նարեկ Հահնազարյանը նշեց, որ սա մեծ ընտանիքի համերգ է. «Մենք Հախնազարյաններով, Խաչատուրը, որը շատ մտերիմ է մեր ընտանիքին, թանկագին բարեկամն է մեր, մաեստորն էլ մեր ընտանքի անդամն է»:

Ասուլիսին ներկա Գայանե Հախնազարյանը շարունակեց. «Ես միշտ ասում եմ՝ Էդուարդ Թոփչյանն իմ չորրորդ զավակն է»:

Հարցին, թե արդյո՞ք մասնագիտական վեճեր ունենում են Հախնազարյանները և ում նվագելուց եք ավելի շատ հուզվում, տիկին Գայանեն ասաց. «Իհարկե, մենք վեճեր ունենում ենք, որովհետև ամեն մեկս մեր մոտեցումն ունենք: Երբ նվագում եմ Սուրենի հետ, մեր պրոֆեսիոնալ գաղափարներն այնքան մոտ են, որ իրար շատ օգնում ենք, լրացնում, ում մոտ ինչ բաց կա: Նարեկը կարողանում է քեզ այնպիսի աշխարհ տանել, որ չես հասկանում, թե ինչ է քեզ հետ կատարվում, գնում ես առանց մտածելու, գնում ես հավատալով ու մեծ հաճույք ստանալով: Ես ինքս անձամբ հաճույք եմ ստանում: Նարեկը մեր ամենախիստ քննադատողն է»:

Նարեկ Հախնազարյանը խոսելով իր ծնողների մասին՝ նշեց. «Նոյեմբերի 11-ին համերգով Սուրեն Հախնազարյանի հոբելյանը նշվել է նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում: Եզակի երաժիշտներ կան, որոնք այս հասակում և չունենալով մեծ համերգային պրակտիկա, քանի որ իրենց կյանքը նվիրել են դասավադմանը, դաստիարակում են մի քանի սերունդ, կարող են այդպիսի ծրագիր նվագել ու նվագել փայլուն: Ապշած եմ»:

Սուրեն Հախնազարյանը շարունակեց որդու խոսքը. «Որտեղից Սեն-Սանսը ծնվեց: Կարող էինք այլ գործ էլ նվագել: Նարեկն այսպիսի ձևով ինձ դիմեց՝ կկարողանաս նվագել Սեն-Սանս: Այդ գործը չէի հիշում, բայց առանց մտածելու ասացի՝ իհարկե, կարող եմ: Հարցն այնպես էր դրված, որ չէի կարող ասել՝ կնայեմ նոտաներն ու նոր կասեմ»:

Նարեկն ասաց. «Հիմա պապան ոչ միայն կարողանում է… զգում եմ, որ մինչև համերգը մի քիչ ավելի շատ պետք է ես պարապեմ»:

Սուրեն Հախնազարյանը 2008թ-ից Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974 – 2007թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ.-ից դոցենտ, 1993թ.-ից պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովի անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (պրոֆեսոր Վիլլի Մոկացյան, 1972թ.) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լեոնիդ Կոգան, 1974թ. ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում