Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով՝ դառնալով նրա երկրորդ ամենաթանկ վաճառված աշխատանքը

Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով՝ դառնալով նրա երկրորդ ամենաթանկ վաճառված աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի Portrait of a Woman in White («Սպիտակազգեստ կնոջ դիմանկարը») կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով, հաղորդում Է Christie’s աճուրդի տան թվիթերյան էջը:

«Այսօր «Լատինամերիկյան արվեստ» աճուրդի շրջանակում Ֆրիդա Կալոյի «Սպիտակազգեստ կնոջ դիմանկարը» կտավը գերազանցել է նախապես սահմանված արժեքը՝ վաճառվելով 5,8 միլիոն դոլարով. սա նկարչուհու երկրորդ ամենաթանկ վաճառված աշխատանքն է»,- ասված է աճուրդի տան հայտարարության մեջ:

Մեքսիկացի նկարչուհու՝ 1929 թվականին ստեղծված կտավը պատկերում է սպիտակ զգեստով աղջկա: Ենթադրվում է, որ Ֆրիդան այդ կտավի վրա պատկերել է Դորոթի Բրաուն Ֆոքսին՝ «իր ամերիկացի ընկերուհուն և նկարչուհուն»:

Աճուրդի տունը կտավի արժեքը գնահատել է 3-5 միլիոն դոլար։ Այն ցուցադրվել է մի շարք մասնավոր ցուցահանդեսներում:

Մեքսիկացի նկարչուհին առավել հայտնի է իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով ոգեշնչված աշխատանքներով: Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր: Իր ապրած 47 տարիների ընթացքում Ֆրիդա Կալոն հեղինակել է ավելի քան 100 կտավ: Նրա կտավները ցուցադրված են ամբողջ աշխարհում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում