Աստվածածնի ընծայման տոնի քարոզ

Աստվածածնի ընծայման տոնի քարոզ

‹‹Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ Իւրոյ, զի ահա յայսմհետէ երանեսցեն ինձ ամենայն ազգք››:

‹‹Որովհետև հայացքը դարձրեց Իր աղախնու խոնարհության վրա, և բոլոր ազգերը ինձ երանի պիտի տան››: (Ղուկաս Ա 48-49)

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը` Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որն ամեն տարի անշարժորեն նշվում է նոյեմբերի 21-ին: Հայ Եկեղեցու տոնացույցում և մեր եկեղեցական տոների շարքում յուրահատուկ տեղ են զբաղեցնում Աստվածամորը նվիրված տոները:

Ամենախնամ Աստուծո օրհնությամբ երբ ծնվեց Սուրբ Կույսը, նրա ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց արած ուխտի համաձայն, նրան որոշեցին տաճարին ընծայել: Երբ լրացավ մանկան երրորդ տարին, ծնողները բազմաթիվ ընծաներով և նվերներով իրենց զավակին կրկին տաճար տարան և հանձնեցին Զաքարիա քահանայապետին: Եվ մինչ յոթ տարին լրանալը ծնողներն ամեն տարի տաճար էին տանում, որի մասին Սողոմոն արքան այսպես է ասում. ‹‹Արքան ինձ իր սենյակը տարավ››, մեծ արքայի այն սենյակը, որն անմեկնելի լույսերի խորանն է:

Ըստ ընկալյալ ավանդության` Մարիամը տաճարում մոտ ինը տարի մնացել և դաստիարակվել է բարեպաշտ կանանց և հոգևոր քույրերի խնամքի ներքո: Եվ այսպես` տաճարի շրջակայքում, հոգևոր խոկումների և սրբազան ներշնչումների մթնոլորտում Մարիամն իմացապես և մարմնապես աճում է ‹‹Որպես ձիթենի պտղալից, որպես ծառ, որ տնկեալ է ի գնացս ջուրց, որ պտուղ իւր ի ժամու տացէ››:

Սուրբ Գրիգոր Նարեկացին այսպես է բնութագրում Ամենասրբուհի Կույսին. ‹‹Նախքան զծնանել Բանին առ ի քէն անթերի լրականութեամբ, հրեշտակական թևոցն սքօղմամբ` ցանգ արկեալ պահէիր անաղարտ անբծութեամբ››: Իրապես, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, տաճարում Մարիամը պատրաստվում էր Աստուծո ամենօրյա քաղցր և ուշադիր հայացքի ներքո:

Սիրելի՛ հավատացյալներ, ընծայվելով Սուրբ Տաճարին և ապրելով Աստուծո տանը` Սուրբ Կույսն ստացավ Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները` զարդարվելով յոթ առաքինություններով: Իր ողջ կյանքի ընթացքում ապրեց իբրև անբիծ աղավնի, աճեց ու զարգացավ հասակով և աստվածային իմաստությամբ: Տաճար ընծայման այս սուրբ ու նվիրական խորհրդի մեջ Աստվածածինն իր կատարյալ օրինակով մեզ ամենքիս ցույց է տալիս աստվածսիրության և խոնարհության առաքինությունները, որոնք առանց գործի և նվիրումի անօգուտ են: Թողնելով իր տունն ու ազգականներին, իր աշխարհային բոլոր ցանկություններն ու ձգտումները՝ շտապում է դեպի Աստուծո տաճար՝ իրեն նվիրաբերելու և ընծայելու Աստծուն՝ հաստատուն խոստումով, մշտնջենավոր ողջախոհությամբ և ծառայական խոնարհությամբ: Իր ձեռքին ունենալով զույգ տատրակ՝ որպես իր անմեղ ու մաքուր սիրտը, որի վրա փայլում է իր հոգու անմեղությունը, հեզությունն ու խոնարհությունը, ինքնակամ գալիս է հանապազօրյա ծառայություն բերելու Աստծուն: Իր բոլորանվեր առաքինություններով հանդերձ՝ իր հոգին ու միտքն Ամենակարող Աստծուն ծառայեցնելով՝ ասում է. ‹‹Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ իւրոյ. զի ահա յայսմհետէ երանեսցեն ինձ յամենայն ազգք››:

Եվ գիտե՞ք, սիրելիներ, ինչպես Հին Կտակարանում մեր հավատի հայր Աբրահամն իր որդի Իսահակի ողջակիզման համար երրորդ օրը տեսավ Մորիա լեռը, նույնպես նաև Սուրբ Կույսն Իր կյանքի երրորդ տարում տաճարին ընծայվեց՝ տեսնելու այն նվիրական վայրը, որտեղ զոհաբերվում էին գառներն ու ոչխարները, որոնք օրինակն էին Քրիստոսի՝ Իր ապագա զավակի: Աստվածամոր տաճարին ընծայվելը նույնանում է նաև հինկտակարանյան այն դրվագի հետ, երբ ուխտի տապանակը մտավ Վկայության Խորան, իսկ տապանակի գերումից հետո վերացավ Իսրայելի փառքը: Սակայն Տերը, կամենալով կրկին փառավորել իսրայելացիներին, այս անգամ տաճար տարավ Սուրբ Կույսին, որպեսզի այն փառավորվի Մարիամով՝ Խորհրդական տապանակով, ով իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստուծո, Ով ոչ միայն Իսրայելի ժողովրդին Սինայի անապատից դեպի Ավետյաց Երկիր առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ երկնային Երուսաղեմ, դեպի հավիտենական կյանք ու փրկություն:

Իրապես, չափազանց մեծ և կարևոր են այն բոլոր հատկանիշները, որոնք ուներ Աստվածածինը, ում օրինակելի և առաքինի կյանքը բոլոր ժամանակներում մարդկության համար ներշնչումի մշտահոս աղբյուր է եղել: Սակայն այս ամենից առավելն այն է, որ Մարիամն արժանացավ Աստուծո Որդու մայրը լինելու մեծագույն երանությանը, ում համար Եղիսաբեթն այսպես է ասում. ‹‹Օրհնեալ ես Դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի Քո›› (Ղուկ. 1:42-43): Իբրև Աստվածամայր՝ Մարիամը վեր է, քան մարգարեները, առաքյալները, մարտիրոսներն ու վարդապետները և ավելի վեր, քան իշխանություններն ու պետությունները, սերովբեներն ու քերովբեները, ով զիջում է միայն Արարչին՝ Անեղ Բնությանը՝ գերազանց ու աներևույթ Աստվածությանը: Սուրբ Կույս Մարիամը եղավ այն մշտամնա շնչավոր եդեմական դրախտը, որտեղից բխեց կյանքի հորդառատ և անսպառ աղբյուրը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Կենաց այն Աղբյուրը չորս գետերի բաժանված, որն ավետարանիչների քարոզչությունն է՝ լսված աշխարհի չորս կողմերում՝ Սուրբ Հոգով ու հավատքով:

Նա մեզ համար դարձավ Անկեզ Մորենի, քանզի սպառող հուրը աստվածության փայլակնատարած լույսով բնակվեց նրա որովայնում և չբոցակիզեց, որից ոչ թե մեկ Մովսես առաքվեց Եգիպտոս՝ Փարավոնին պատժելու և Իսրայելն ազատելու, այլ տասներկու առաքյալներ՝ ուսուցանելու ողջ աշխարհին Տիրոջ պատգամները, ովքեր կործանեցին անմարմին փարավոնին իր զորքերով հանդերձ և հեթանոսներին փրկելով՝ սուրբ և անմահ կյանքի կոչեցին:

Սիրելինե՛ր, այս է պատճառը, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին խորին հարգանք և ջերմ սեր է տածել Աստվածամոր անձի նկատմամբ` նրան կոչելով որպես ‹‹Մայր Փրկչի››, ‹‹Մայր հաստատության ամենայն մարդկան››, ‹‹Բոլորի փրկության մայր››, ‹‹Միջնորդ Աստուծո և մարդկան›› և այլն: Մարիամը միաժամանակ մեզ համար հավատավոր, առաքինի կնոջ և ամենակարևորն անձնազոհ մոր մարմնացումն է եղել, ով իր կյանքի օրինակով և կատարած բազմաթիվ առաքինի ու լուսավոր գործերով բարձրացրել է մոր դիրքն այս աշխարհում: Եվ սրա համար էլ Մարիամ Աստվածածինը հայ ժողովրդի հոգեկանության մեջ ընկալված է որպես մոր գերագույն տիպար: Ոչ թե այնպիսի մեկը, որ լոկ զավակ է ծնում, այլ այնպիսին, որն ապրում է իր զավակի համար: Եթե մենք թերթենք Ավետարանի էջերն ու հետևենք այն բոլոր դրվագներին, ուր ներկայացված է Աստվածամոր կյանքը, կտեսնենք իրական մոր տիպարը: Հարկ է հիշել նրան, երբ ուխտի գնալիս տասներկու տարեկան Իր զավակին կորցրեց բազմության մեջ ու ամեն ինչ թողնելով՝ Իր զավակին փնտրելու գնաց: Նա, Ով տառապեց ամեն անգամ, երբ Իր զավակը հալածվեց: Նա, Ով Իր զավակի խաչելության պահին Նրա ողջ տառապանքն Իր անձի մեջ կրեց:

Եկե՛ք, ուրեմն, սիրելի հավատացյալներ, խորախորհուրդ այս սրբազան Պատարագի ընթացքին միասնաբար աղոթք վերառաքենք ամենօրհնյալ Սրբուհուն՝ Սուրբ Կույս Աստվածածնին, որ բարեխոս լինի Իր Միածին Որդուն մեզ ամենքիս, մեր ազգի ու ժողովրդի, մեր Սուրբ Եկեղեցու համար աղաչելով ու խնդրելով ասենք. ‹‹Մայր Սուրբ սքանչելի Լուսոյն, աղաչեա, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր և արդարութիւն ի յերկրի››,- այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյան

(քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագին, 21-ը նոյեմբերի 2008 թ.)

Աղբուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում