Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն

Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն

Ավետարանում դիտարժան է այն տեսարանը, երբ Հիսուսը զրույցի է բռնվում սամարացի կնոջ հետ և ասում. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար» (Հովհ 4.13-14):

Գոյություն ունեն բազմաթիվ ճանապարհներ, որոնք առաջարկում են կյանք ու երջանկություն մարդու համար: Դեռևս անտիկ փիլիսոփայությունը Հունաստանում ձևավորում էր իմաստասիրության բազմազան ուղիներ, որոնք լուծումների փնտրտուքի մեջ մատնանշում էին տարբեր փիլիսոփայական հայացքներ և փորձում բացահայտել նվաղած մարդու հոգուն կյանք տալու անհրաժեշտ խորհուրդը, իսկ Արևելքն էլ այդ ուղին հիմնականում աշխատում էր գտնել անհատի կրավորական փորձառության մեջ` տառապանքի միջոցով ազատագրվելու հույսով: Այդուհանդերձ մարդկության այս դեգերումները չէին բերում այն բաղձալի հաղորդակցությունը, ուր տիրում է հարատև կյանքի ապրումը, որովհետև մարդը, ի վերջո, բախվում է մահվանը և ձախողվում իր գաղափարաբանական ու կրոնական հույսերում: Ո՛չ օրենքները, ո՛չ հայեցակարգերը, ո՛չ ծիսական արարողակարգերի լուծումները չէին տալիս մարդուն այն անհրաժեշտ կենաց ջուրը, որը պիտի զարթոնք ու ծաղկունք հաղորդեր նրան: Մի՞թե ճշմարիտ է կանգնել անջուր մնացած ու թառամող ծաղիկների մոտ ու գովել և ասել, թե ինչ լավ ու կենարար բան է ջուրը, երբ ծաղիկները կարիք ունեն ոչ թե պատմությունների, այլ իրական ջրի ու ծարավից չորանում են: Ահա այսպիսին է ներկայիս քրիստոնեությունը մեր մեջ: Անկեղծ պիտի լինենք ու խոստովանենք, որ այդպիսի դրություն է տիրում այսօրվա մեր եկեղեցիների մեջ, ինչքան էլ կամենանք իրականությունից խուսափել ու աչք փակել:

Ամբողջ հարցն այն է, որ հաճախ մարդիկ ծաղիկներն ու ջուրը բաժանում են միմյանցից` դրանք համարելով տարբեր իրողություններ, երբեմն էլ հակադրելով իրար: Այդպես էլ հավատքն ու կյանքն են զատորոշում ու հոգևորն ակամայից մասնավոր իրողություն դարձնում: Այստեղ է, որ ճգնաժամ է սկսվում մարդու և եկեղեցու մատուցած հոգևոր խոսքի միջև, ուր անհատին անհասկանալի են դառնում աստվածաբանական ճառերն ու խոսքերը, որոնք պատմում, ներկայացնում են, թե ինչ հիասքանչ պարգև է ջուրը, բայց այդ ջուրն այդպես էլ չեն փոխանցում ծարավից թառամող ծաղիկներին: Իսկ երբ թառամած ծաղիկները ջրում ես, խոնարհած գլուխները վեր են բարձրացնում ու ծաղկում, այդպես էլ մարդու հոգին է արթնանում, լցվում գարնան ուրախության շնչով ու ծաղկում Քրիստոսի հետ իրական հաղորդակցությունից: Մյուս կողմից, եթե մարդու ներսում տեղի չի ունենում այս փոփոխությունը, նշանակում է` տվյալ անհատն իրականության մեջ ինչ-ինչ պատճառներով փակ է պահում իր սրտի դռները և թույլ չի տալիս աստվածային լույսի կյանքաբեր թափանցումն իր հոգուց ներս, որպեսզի այն ծաղկունք ապրի: Եթե չի գործում այս կենդանի հաղորդակցությունը, ուրեմն անձի ներսում անհատական խնդիր կա Երկնավոր Հոր հետ հարաբերության մեջ: Պետք է այն առաջին հերթին ինքնաճանաչման միջոցով պարզել ու հասկանալ: Բայց մեր երկրում հոգևոր դատարկություն է տիրում, որովհետև մարդկանց սրտերը չեն փոխվում. ձևականորեն քրիստոնյա են, բայց իրենց սրտերում` Քրիստոսից հեռու, որովհետև յուրաքանչյուրս խուսափում ենք ապրել Քրիստոսի պես և նմանվել Աստծո Որդուն: Մարդիկ ցանկանում են, որ իրենց շրջապատող հանգամանքները փոխվեն, բայց իրենք չեն ցանկանում փոխվել: Այստեղ է, որ հավատքը կորցնում է իր բովանդակությունը և ուրվագծվում միայն ձևի մեջ, ինչպես դատարկ, բայց տեսքով գեղեցիկ բաժակը, որի մեջ կենարար ջուր չկա, որպեսզի մարդ հագեցնի ծարավը: Հետևաբար, քրիստոնեությունը սոսկ խոսքով ու ձևով չպիտի արտահայտվի, այլ կյանքով: Հաղորդակից լինել Քրիստոսին նշանակում է հաղորդակից լինել իրական կյանքին: Երբ Քրիստոսը մոտենում էր կույր մարդուն, չէր պատմում, թե լույսն ինչքան պայծառ է, այլ բացում էր կույրի աչքերը, որ նա այդ պայծառ լույսը տեսնի, երբ մոտենում էր խուլ մարդուն, չէր ասում, թե երաժշտությունն ինչքան հիասքանչ է, այլ բացում էր խուլի ականջները, որ նա լսի այդ հիասքանչ մեղեդին, երբ մոտենում էր բորոտին, չէր վախենում, թե ինքն էլ կվարակվի, այլ բժշկում էր նրան ու առողջություն պարգևում: Ահա սա է քրիստոնեության իսկությունը` ոչ թե սոսկ խոսքեր, գաղափարներ, կանոններ կամ արտաքին ձևեր, այլ կյանք` լցված աստվածային զորությամբ ու անսպառ սիրո լույսով: Ի՞նչ է տալիս այդ հաղորդակցությունը մարդուն: Մշտապես հնարավոր չէ սխալներից խուսափել, որովհետև մարդկային բնությունը խաթարված է, բայց հնարավոր է սխալների լաբիրինթոսից դուրս գալ, երբ հաղորդակից ես Աստծուն: Այս հաղորդակցությունը ներդաշնակում է մարդու մեջ գոյություն ունեցող ծայրահեղություններն ու տկարությունները, նրան դուրս բերում անդառնալի փորձություններից ու սխալների հողմապտույտից: Արդ, մարդ պիտի քայլի դեպի Քրիստոսը, Ով փոխանցում է սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն և զարդարում այլ հոգևոր առաքինություններով (Գաղ. 5.22)` յուրաքանչյուր անհատին տալով յուրահատուկ փայլ և գեղեցկություն:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում