Աղոթքի մեջ պետք է հաստատակամ ու համբերող լինել

Աղոթքի մեջ պետք է հաստատակամ ու համբերող լինել

– Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»:

– «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը:

– Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ:

– Այո՛, պետք է: Տե՛ս, երբ որևէ հիմնարկություն ենք գնում և խնդրանքով դիմում պատասխանատու անձին, ապա ցանկացածիդ հասնելու համար երբեմն ստիպված ես համառություն ցուցաբերել: «Խնդրում եմ օգնեք, այլապես այստեղից չեմ հեռանա»: Այդպես էլ աղոթքի մեջ է համառություն պահանջվում. և՛ քանանացի կինն էր Քրիստոսին համառորեն խնդրում(1), և՛ այրին՝ անիրավ դատավորին(2):

– Բայց որքան շատ է ժամանակն անցնում, հա՛յր, և խնդրանքս անպատասխան է մնում, այնքան ավելի եմ վշտանում:

– Աղոթքի մեջ որևէ բան խնդրելիս պետք է համբերությամբ սպասել: Մի անգամ աչքս ուռեց ու սաստիկ ցավում էր: Երեք անգամ գնացի Աստվածամոր պատկերի մոտ և աղաչեցի բժշկության համար, որպեսզի կարողանամ գիշերները Սաղմոսարան կարդալ: Սրբապատկերի առջև դրված կանթեղի ձեթն էլ աչքիս քսեցի, բայց չանցավ: Մի քանի օրից վիճակը վատթարացավ՝ աչքս ավելի ուռեց ու սկսեց ավելի սաստիկ ցավել: Տասնհինգ օր անցավ: Այնժամ ես կրկին խոնարհությամբ գնացի Աստվածածնի պատկերի մոտ և ասացի. «Սո՛ւրբ Աստվածածին, ների՛ր ինձ, մեկ անգամ էլ անհանգստացնեմ քեզ»: Կրկին ձեթ վերցրի կանթեղից և հազիվ էի աչքիս քսել, երբ այն միանգամից առողջացավ: Մի՞թե Աստվածածինը չէր կարող առաջին անգամ էլ բժշկել աչքս: Սակայն թույլ տվեց տառապել, որպեսզի օգուտ քաղեմ դրանից: Դու ևս խոնարհաբար խնդրիր և համբերությամբ սպասիր: Աղոթքը լսելի է լինում, եթե արվում է հավատով, սրտացավությամբ, համառությամբ ու համբերությամբ և եթե խնդրածը հօգուտ մեզ է լինելու:

1. Մտթ. 15:21-28

2. Ղուկ. 18:2-8

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում