«Ինչպե՞ս կարող է փոքրը պարփակել Մեծին»

«Ինչպե՞ս կարող է փոքրը պարփակել Մեծին»

«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»,- կարդում ենք Ավետարանում (Հովհ. 1:18): Դարեր առաջ և այսօր էլ մարդը հավատում է Աստծուն՝ առանց Նրան տեսնելու: Տիրոջ հարությունից հետո թերահավատ Թովմասի հավատը հաստատվեց այն ժամանակ, երբ նա տեսավ Փրկչին և ձեռքով դիպավ Նրա խոցված կողին: Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց տեսնելու» (Հովհ. 24:29): Մարդկանց հավատն առ Աստված հիմնված է բնածին կրոնական զգացման վրա: Հավանաբար բոլորին ծանոթ է այն զգացումը, թե ինչպես է մարդն անմիջականորեն զգում իրեն ուղղված ինչ-որ մեկի անթարթ հայացքը: Մարդը տեսնում է միայն իրեն շրջապատող աշխարհը, բայց սրտով զգում է, որ կա Մեկը, Ում անթարթ հայացքը դեպի իրեն է ուղղված, որ ինքը մենակ չէ և սկսում է դիտել իր շուրջը ու փնտրել անտեսանելի, բայց և զգալի էությունը: Աշխարհի ուսումնասիրությունները, շրջապատող բնության հետ ծանոթացումն առավել են հաստատում այն իրողությունը, որ եթե կա իմաստությամբ արարված աշխարհը, ուրեմն կա Նա, Ով արարել է այն:

Հավատն առ Աստված կարող է ժխտել միմիայն մակերեսային և թերի կրթություն ունեցող մեկը, քանի որ ճշմարիտ գիտությունը, որ հիմնված է երկնքի և երկրի գաղտնիքներն ուսումնասիրելու, բնության օրենքները լուսաբանելու վրա, անխուսափելի կերպով մարդուն ուղղորդում է դեպի Աստված: Մեծագույն գիտնականները երկնային մարմինների շարժման, ամենափոքրիկ իսկ միջատի մեջ պարզ կերպով տեսել են Արարչին: Այդ գիտնականներից Նյուտոնն իր մասին ասել է. «Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն-երբեմն զվարճանում, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»: Այդպես համեստ էր դատում իր մասին մտքի և գիտության մեծ հանճարը, իսկ աստվածությանը նա վերաբերվում էր այնպիսի ջերմեռանդությամբ, որ նույնիսկ փողոցում գլուխը ծածկած չէր արտասանում Աստծո անունը: «Աստվածպաշտության հակառակը աթեիզմն ու կռապաշտությունն է։ Աթեիզմն այնքան պակասամիտ բան է ու ատելի է մարդկությանը, որ երբեք բազմաթիվ հետևորդներ չի ունեցել։ Մի՞թե կարող է պատահականություն լինել այն, որ բոլոր թռչունները, կենդանիներն ու մարդիկ միայն երկու աչք ունեն, և ո՛չ ավելի, միայն երկու ականջ, միայն մի քիթ երկու անցքով, և առջևի երկու ոտքեր, կամ երկու թևեր, կամ երկու ձեռքեր ուսերի վրա, և երկու ոտքեր կոնքերին, և ո՛չ ավելի։ Որտեղի՞ց է սերում այս միակերպությունը նրանց բոլոր արտաքին կերպերի մեջ, եթե ոչ՝ մի Հեղինակի որոշումից ու գործից։ Այս և նման մտորումները միշտ գերակշռել են և միշտ էլ գերակշռելու են մարդկության մեջ, հավատալու համար, որ գոյություն ունի մի Էակ, որ ստեղծել է ամեն բան, և ամեն բան Իր իշխանության տակ է, և հետևաբար՝ հարկավոր է երկյուղ ունենալ Նրա նկատմամբ, փառաբանել, գովել և սրբացնել Արարչի Անունը՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին»,- ասել է գիտնականը։

Հռչակավոր մաթեմատիկոս և բնագետ Ամպերն իր նամակներից մեկում, խորհուրդ տալով երիտասարդ գիտնականին, ասել է, որ զգուշանա բացառապես գիտությամբ զբաղվելուց. «Սովորի՛ր, հետազոտի՛ր երկիրը, այդ է գիտության մարդու պարտականությունը, բայց տեսանելի աշխարհի վրա նայիր մի աչքով միայն, իսկ մյուսն անընդհատ ուղղիր դեպի հավիտենական լույսը: Մի ձեռքով քննիր երկիրը, իսկ մյուսով բռնիր Աստծո քղանցքից, ինչպես որդին է բռնում հոր փեշից»:

Մտքի և գիտության մեծամեծ գիտնականները պարզորոշ ցույց են տվել, որ միայն գիտական մեծամտությունն է անաստվածություն ուսուցանում, իսկ ճշմարիտ գիտությունը մարդուն ուղղորդում է դեպի Աստված: Այժմ էլ գիտնականների մեծամասնությունը հաստատում են Աստծո գոյության փաստը, նրանք հաստատակամորեն պնդում են, որ ԴՆԹ մոլեկուլների կառուցվածքը չէր կարող ինքն իրեն ստացվել, դա մշակված է ինչ-որ մեկի ձեռքով: Մարթեն Ջոն Ռիսը, որ շուրջ 500 գիտական աշխատությունների հեղինակ է, 1,4 միլիոն դոլար է ստացել Արարչի գոյությունն ապացուցելու համար՝ չնայած, որ ինքն անձամբ աթեիստ էր: Այլ գիտնականներ ևս գիտական մեթոդներով ապացուցում են Աստծո գոյությունը:

Աստծուն հասկանալու կարողությունը տրված չէ մարդուն, աստվածայինը գիտի միայն Աստված, իսկ մարդը կարող է իմանալ միայն մարդկայինը: Քրիստոսի ծննդից առաջ Սիկիլիայում մի թագավոր էր ապրում Գիերոն անունով: Նրա պալատում ապրող բազմաթիվ իմաստուններից աչքի էր ընկնում Սիմոնեդը, որին արքան կանչեց և ասաց, որ բացատրի իրեն, թե ով է Աստված: Իմաստունն ասաց, որ նման դժվար հարցին պատասխանելու համար իրեն երկու օր ժամանակ է անհրաժեշտ: Երկու օր անց իմաստունը ևս չորս օր է խնդրում, հետո՝ ութ օր: Գիերոնը հոնքերը կիտում է.

– Կատակո՞ւմ ես, Սիմոնեդ, նախ երկու օր խնդրեցիր, հետո չորս, այժմ՝ ութ: Հետո երևի կխնդրես տասնվեց օր, ապա՝ երեսուներկու, եթե այդպես է, ուրեմն ե՞րբ ես պատասխան տալու:

– Դու հասկացար, ո՛վ արքա,- հանդարտորեն պատասխանեց Սիմոնեդը,- անցներ ութ օր, ես պիտի խնդրեի տասնվեց, հետո երեսուներկու օր և այդպես անվերջ կրկնապատկելով: Ինչ վերաբերում է հարցի պատասխանին, ինձ թվում է, որ ես այն արդեն տվել եմ:

– Ինչպե՞ս թե տվել ես,- զարմացավ Գիերոնը,- դու դեռ Աստծո մասին ոչինչ չես ասել, այլ միայն ժամանակ ես խնդրել մտածելու համար:

– Հենց այդ է իմ պատասխանը,- ասաց Սիմոնեդը,- քո հարցին ոչ մի իմաստուն չի կարող պատասխանել: Որքան ավելի մտածես այդ մասին, այնքան քիչ կհասկանաս, ստիպված կլինես միշտ ժամանակ խնդրելու: Այդ հարցը սարի նման է, հեռվից նայում ես, շատ մեծ է երևում, որքան մոտենում ես, այնքան ավելի է մեծանում ու բարձրանում և դու դրա առջև քեզ այնքան փոքր ես զգում: Իսկ եթե սարը չես կարող գրկել, կամ ձեռքով ծածկել, ապա ինչպե՞ս ես ուզում, արքա՛, մտքով գրկել Նրան, Ով ստեղծել է մարդուն և սարը:

Գիերոնը հասկացավ Սիմոնեդի խոսքերը, բարձրացրեց իր աչքերը դեպի երկինք և ասաց. – Այո, Աստված անիմանալի է և անհասանելի:

Իսկ եկեղեցու հայրերից Ս. Օգոստինոսը, որ բազմաթիվ գրքեր է գրել քրիստոնեական կյանքի և հավատի մասին, երբ սկսում է Աստծո մասին մի գիրք գրել, որպեսզի մարդկանց համար ընկալելի լինի, թե ով է Աստված, տեսնում է, որ երկար ու լարված աշխատանքից հետո ոչինչ չի ստացվում: Երկար մտածումից հոգնելով՝ գնում է ծովափ՝ զբոսնելու և տեսնում է, որ մի երեխա կոտրած փարչով ծովից ջուրը բերում և լցնում է փոքրիկ փոսի մեջ: Սրբի այն հարցին, թե ինչ է անում փոքրիկը, նա պատասխանում է, որ ցանկանում է ծովի ջուրը լցնել իր փորած փոսի մեջ: Ս. Օգոստինոսը ժպտում է և առաջ գնալով՝ ինքն իրեն ասում, թե որքան պարզամիտ են երեխաները, որքան քիչ բան են հասկանում, օրինակ՝ այս երեխան ցանկանում է կոտրած փարչի կտորով ծովի ջուրը լցնել փոքրիկ փոսի մեջ: Ապա սուրբը կրկին վերադառնում է իր նախկին խնդրին և ասում՝ մի՞թե ես էլ նույն երեխան չեմ. իմ տկար մտքով ուզում եմ ըմբռնել և ուրիշի առջև բաց անել Աստծո հավիտենական գոյության էությունը: Ինչպե՞ս կարող է փոքրը պարփակել Մեծին, այդ փոքրի համար բավական է և այն, որ նա խոնարհվի Մեծի առջև, ինքն իրեն հանձնի Նրա կամքին, աշխատի ճանաչել և կատարել Նրա կամքը:

Աստծուն հնարավոր է ճանաչել այնքանով, որքանով որ Ինքն է Իրեն բացահայտում մարդկությանը: Ս. Բարսեղ Մեծն ասում է, որ ոչ ոք չի կարող հասնել Աստծուն արժանի պատկերացմանը, եթե անգամ այդ ուսումնասիրության համար միավորվեն աշխարհի բոլոր մտքերը: Ս. Գրքի համաձայն՝ Աստված զորավոր է, մեծ և անսահման. «Օ՜, ինչ խորն են Աստծո առատ ողորմությունը, իմաստությունը ու գիտությունը: Որքա՜ն անքննելի են Նրա վճիռները, և անզննելի՝ Նրա ճանապարհները» (Հռոմ. 11:33-34): Ճշմարիտ աստվածճանաչողության հնարավոր է հասնել միայն Աստծո հետ միավորվելով, իսկ Աստծո հետ կարող է միավորվել մաքուր սիրտ ունեցողը՝ երանի՜ նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5: 8):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում