Ներսես Աթաբեկյան․ Վերջի սկիզբը

Ներսես Աթաբեկյան․ Վերջի սկիզբը

Հինգ օր անձրև չէր,
Այլ ջրհեղեղի նախածանուցում,
Ու վեցերորդին,
Երբ Աստված կրկին
Արարեց ինչ-որ մարդանման իր,
Ես ինձ մոռացա:

(Թռչուններն ի՞նչ են պահանջում Աստծուց,
Երբ կտուցները պարզում են երկինք:
Ակնակլության պահերին մահն է
Նախորդում` սակավ արթնացումներով,
Ու ջերմախտավոր հիշողությունը
Ապաքինվում է փլվող ձյուներով):

Ու յոթերորդին,
Երբ Աստված, կարծեմ, հանգստանում էր
Իր արարածից պարտվելուց առաջ,
Ջարդված հայելու շրջանակի մեջ
Մահամերձ ձյուն էր
Ու տխրություն էր մի համատարած…

Հետևեք մեզ նաև Telegram-ում