Աղոթքի ցանկություն

Աղոթքի ցանկություն

– Ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր:

– Քեզ փոքր երեխայի պես զգա, իսկ Աստծուն՝ որպես քեզ հայր, և խնդրիր Նրան այն ամենն, ինչի կարիքն ունես: Աստծու հետ այս կերպ զրուցելով՝ այլևս չես ցանկանա Նրանից հեռանալ, որովհետև մարդը միայն Աստծու մեջ է անվտանգություն, մխիթարություն, աստվածային քնքշությանը միավորված աննկարագրելի սեր գտնում:

Աղոթքը նշանակում է Քրիստոսին սրտում ընդունել և սիրել ողջ էությամբ: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով», – ասում է Սուրբ Գիրքը (Ղուկ. 10:27): Երբ մարդն Աստծուն սիրում է և շփում ունի Նրա հետ, երկրային ոչինչ նրան չի գայթակղում: Նա ասես խենթանում է: Ամենալավ երաժշտությունը միացրու խենթի համար՝ այն նրան չի հուզում:

Ամենասքանչելի նկարները ցույց տուր՝ նա անգամ ուշադրություն չի դարձնի:

Ամենահամեղ ուտելիքը, ամենալավ հագուստը, ամենահրաշալի բույրերը տուր՝ նրա համար միևնույն է, նա իր աշխարհում է ապրում: Այդպես էլ երկնային աշխարհի հետ շփում ունեցող մարդն է՝ ամբողջությամբ այնտեղ է և ոչ մի գնով չի ցանկանում բաժանվել դրանից: Ինչպես չես կարող երեխային պոկել մոր գրկից, այնպես էլ չես կարող աղոթքից կտրել այն մարդուն, որը հասկացել է դրա իմաստը: Երեխան ի՞նչ է զգում մոր գրկում:

Միայն նա կարող է դա հասկանալ, ով կզգա Աստծու ներկայությունը, իսկ իրեն՝ որպես փոքր երեխա:

Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք իրենց փոքր երեխա են զգում աղոթելիս: Եվ եթե որևէ մեկը լսի, թե նրանք ինչ են ասում աղոթելիս, ապա կասի, որ նրանք փոքր երեխաներ են:

Իսկ եթե տեսնի, թե ինչպիսի շարժումներ են անում այդ ընթացքում, կասի, որ այդ մարդիկ խելագարվել են: Ինչպես երեխան է վազում հոր մոտ, բռնում թևքից և ասում. «Չգիտեմ ինչպես, բայց պիտի անես այն, ինչ խնդրում եմ»: Նույնպիսի պարզությամբ ու համարձակությամբ այդ մարդիկ խնդրում են Աստծուն:

– Հա՛յր, իսկ աղոթքի ցանկությունը կարո՞ղ է ծնվել շփման, մխիթարության էմոցիոնալ կարիքից:

– Եթե նույնիսկ այն ծնվի Աստծու նկատմամբ էմոցիոնալ բարի կարիքից, մի՞թե վատ է: Սակայն, երևում է, որ դու շարունակ մոռացկոտության մեջ ես գտնվում և միայն կարիքի դեպքում ես աղոթքի դիմում: Պարզ է, որ Աստված այն պատճառով է թույլ տալիս, որ զանազան կարիքների և դժվարությունների հանդիպենք, որպեսզի Նրան դիմենք, սակայն ավելի լավ է, երբ երեխան սիրուց մղված է վազում հոր կամ մոր մոտ: Հնարավո՞ր է մի երեխայի պատկերացնել, որը գիտի, թե ծնողներն ինչպես են իրեն սիրում և որին ստիպված լինես ուժով ստիպել մոր կամ հոր գիրկը գնալ:

Աստված գորովալից Հայր է և սիրում է մեզ: Ուստի պետք է անհամբերությամբ սպասել աղոթքի ժամին և երբեք չհագենալ Նրա հետ շփումից:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում