Լևոն Անանյան․ Հավաքական ուժի պատգամը

Լևոն Անանյան․ Հավաքական ուժի պատգամը

Հայերս անցյալի փառավոր ուղի ենք անցել, ինչպես 1500 տարի առաջ Մ. Խորենացին է գրել՝ «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ…, բայց և այնպես մեր երկրումն էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:
Սակայն հայոց պատմությունն ունի մի անբարետես երես, որի անունը ազգային անմիաբանության ախտանիշ է:
Մենք անմիաբան էինք, երբ աշխարհակալ Տիգրան Մեծի կայսրությունը փլուզվեց իր իսկ որդիների դավաճանության պատճառով:
Արշակունիների հարստությունը կործանվեց, քանի որ կենտրոնախույս նախարարները երկիրը ծախեցին պարսիկներին:
Բագրատունիները զոհ գնացին բյուզանդասեր հայ ազնվականության խարդավանքներին:
Կաթոլիկ դարձած Կիլիկյան Հայաստանը կորցրինք՝ սեփական ուժի փոխարեն ապավինելով Հռոմի պապի ողորմածությանը:
Անկախ պետականության 600-ամյա անկումից հետո Հայաստանի Առաջին Հանրապետությունը խեղդամահ արինք քաղաքացիական եղբայրական կռիվների մեջ:
Թերևս հենց համազգային այս պարտությունների շարունակական շարանն է ստիպել Նժդեհին ասել՝ «Երբեք չենք իմացել՝ ինչպես օգտագործել մեր ցեղի բովանդակ ուժը» և մանավանդ Թումանյանին մորմոքել. «Երկիր ունենք – չենք ճանաչում, գրականություն ունենք – չենք ճանաչում, լեզու ունենք – չենք իմանում»:
Իսկ մեր կողմից ավելացնենք՝ այսպես էլ թափ կառնի ազգային կորուստների այս վիճակագրությունը, եթե ազգովի չվանենք մեր մեջ բուն դրած անմիաբանության ախտը, եթե չսերտենք Պատմության դասերը:
Հապա փորձենք բացել այն գումարելիները, որոնք կազմում են նորանկախ Հայաստանի մթնոլորտը, փորձենք առանց թունավորվելու թերթել մեր մամուլը:
Մաղձը, ատելությունը, անհանդուրժողականությունը հետզհետե վերաճում են ազգային բնավորության: Ազգային գաղափարախոսությունը, որ այնքա՜ն սիրում ենք վանկարկել, այդպես էլ պարապ վախտի խաղալիք է մնում, և մեր աչքի առաջ ազգը դառնում է խալխ, ազգային գաղափարը՝ վիրտուալ երազանք:
Հատվածականությունը հոշոտում է մեզ ներսից ու դրսից՝ է՛լ ավելի խորացնելով սոցիալական աղետներից հուսահատ մեր հասարակության դեպրեսիան:
Առանց այն էլ երկփեղկված հայոց եկեղեցու հավատի միասնությունը սասանվում է այլևայլ աղանդների գրոհներից:
100-ից ավելի մեր կուսակցությունների զգալի մասը ձգտում է սեփականաշնորհել ազգը՝ հաճախ խտրություն չդնելով ազգադավ գործարքների միջև:
Մեր Սփյուռքը ծյուրվում-մաշվում է միջհամայնքային, ներհամայնքային, արտահամայնքային երկպառակություններից:
Մեր հայրենիքը աստիճանաբար դառնում է համաշխարհայնացման փորձադաշտ՝ ազգային ինքնության անշտկելի աղավաղումներով:
Լեզուն, մեր մեծասքանչ լեզուն իսկ, որ դարերով փոխարինել է պետականությանը, ազգը բաժանել է երկու անհաշտ բանակի, և այսօր դարավոր թշնամու հանդեպ ավելի հանդուրժող ենք, քան ճակատագրով մեզ պարտադրված երկու ուղղագրությունների:
Իսկ մեր ոխերիմ դրկիցը քնած չէ, շարունակում է փայփայել և իրագործել Մեծ Թուրանի իր զառանցանքը՝ ներսից նվաճելով Եվրոպան և ափաշկարա սերմանելով պանթուրքիզմի վարակը. «Մենք սիրում ենք մարդկությանը, բայց ամենից շատ սիրում ենք մեր ազգը», «Թող մեր արյունը հեղվի, բայց հաղթանակի իսլամը», «Ավելի լավ է ունենալ մի ատրճանակ, քան 10 եղբայր»,- ասում է թուրքը:
Իսկ մենք ինքնակոչ խորթ եղբայր ենք խաղում հաշտեցման կակածելի հանձնաժողովներում՝ վտանգելով Հայ դատը, ապա խորհրդարանում ու շքամուտքերում կրակում ինքներս մեզ վրա:
Իսկ մենք, արտագաղթի ճամպրուկներն առած, ամայացնում ենք մեր երկիրը:
Իսկ մենք անձնական շահի մոլուցքով թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում՝ խարխլելով հայոց պետության հիմքերը, չխնայելով անգամ անկախության թերևս միակ ձեռքբերումը՝ Հայոց բանակը:
Իսկ մենք աղքատ ազգականի դերն ենք վերապահում մեր մշակույթին, ավելին՝ ազգային փառքի՝ Նարեկացու «Մատյանի» 1000-ամյակը տոնում ենք կիսադատարկ դահլիճում:
Մեր կրթությունը պատանդ ենք դարձնում Համաշխարհային բանկի ձեռքին, մեր ձեռքից եկածն էլ Հայկական հանրագիտարանը փակելն է, հավանաբար… կիսագրագետ սերունդ ունենալու ռազմավարությամբ:
Սթափվելու ժամանակն է: Ինքնակազմակերպվելու ժամանակը: Անմիաբանության բարդույթը թոթափելու ժամանակը:
Ճիշտ է, մենք փոքր ածու ենք, բայց չէ՞ որ մեր բոլոր հաղթանակները, Սարդարապատն ու Արցախի հերոսամարտը մեզ է պարգևել հենց միասնության ոգին՝ հայոց նահատակների սխրանքի գնով:
2003 թ.

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում