Հակոբ Սողոմոնյան․ Լոշտակ հրեշտակը

Հակոբ Սողոմոնյան․ Լոշտակ հրեշտակը

/հատված վիպակից/

Հայրիկը մի հպարտություն ուներ՝ պարտեզը:

Ամենազարմանահրաշ, բազմատեսակ ծառ ու թփերով, պես-պես, գունագեղ ու բազմաբույր ծաղիկներով լի գողտրիկ մի անկյուն, ուր նրանք սովորաբար անցկացնում էին երեկոները: Հայրիկն ու մայրիկը նստում էին տաղավարում, սուրճ կամ թեյ վայելում, խաղաղ զրուցում:

Իսկ Լոշտակը մեղվի նման ծաղկից ծաղիկ էր անցնում, թփից թուփ, քայլում էր այնպես, ասես սավառնում էր:

Նրա թարթիչներին միշտ ծաղկափոշի էր, նրանից միշտ անմահական ծաղկի բույր էր ելնում:

Հետո՝ տարիներ անց, երբ Լոշտակը, իրեն առաջնորդող ձայնին հնազանդ, աղետյալներին սփոփելու համար կհեռանա տնից, ծնողներն այդ բուրմունքի հետքերով երկրներ ու սահմաններ են անցնելու և այդ բուրմունքով փնտրել-գտնելու են նրան:

Անմահական ծաղկաբույրը նրա տարբերակիչ նշանն ու հավերժական ուղեկիցն էր:

Սակայն հայրիկն ու մայրիկը դեռ չգիտեին այդ մասին, և Լոշտակի տարօրինակություններից կասկածամիտ դարձած մայրիկն սկսել էր վախենալ այդ բուրմունքից անգամ, և վախենալով հոգնում էր, ինչպես ի վերջո հոգնում են ցանկացած անսովորից՝ լավ, թե վատ: Եվ հոգնելով՝ ճգնում էր ազատվել դրանից:

Որդուն լողացնում էր այլևայլ հոտավետ հեղուկներով ու լուծույթներով, սակայն ծաղկաբույրը չէր անցնում, և մայրիկը հոգնեց նաև այդ անպտուղ ջանքերից ու համակերպվեց, ինչպես ի վերջո համակերպվում են ամեն ինչի՝ լավ, թե վատ: Թեև ամեն երեկո՝ տղային համբուրելիս, ակամա զարմանում էր, թե ծաղիկների բուրմունքն ինչու հենց նրան է կպել և ոչ թե իրեն, հայրիկին, կամ մեկ այլ երեխայի:

Մի ժամանակ ինքն իրեն համոզում էր, թե դա բնորոշ է բոլոր երեխաներին և տարիքի հետ անցնում է, ինչպես անմեղությունը: Եվ վերհիշելով բոլոր ծանոթ երեխաներին՝ իսկապես տեսնում էր, որ բոլորն էլ կորցրել են բարուր օրերի խենթացնող, անմահական բույրը: Իսկ Լոշտակը, ընդհակառակը, ինչքան մեծանում, այնքան թովիչ էր բուրում:

Լոշտակ էր, բավական չէ, հիմա էլ քայլող ծաղկեփունջ է դարձել: Մայրիկն արդեն ամեն ինչի մեջ հիվանդագին, արտառոց բան էր տեսնում:

Իսկ ցանկացած արտառոց բան անցանկալի է:

Մայրիկը երբեմն նույնիսկ վճռում էր որդուն արգելել ծաղիկների մեջ խաղալ, սակայն ամեն անգամ՝ տեսնելով, թե նա ինչ երանությամբ է շրջում ծաղկից ծաղիկ, թևաթափ էր լինում, զգում, որ ի վիճակի չէ որդուն զրկել իր գերագույն հաճույքից և գլուխն օրորելով՝ հակվում էր ասեղնագործի վրա:

Հայրիկը նման բաներին ուշադրություն չէր դարձնում, ճիշտն ասած, չէր էլ նկատում: Նա իրեն համարում էր ողջախոհ ու տրամաբանող մարդ, միայն անժխտելի փաստերին էր հավատում և նույնիսկ կատակով պարծենում էր, թե բնությունն իրեն պարգևատրել է «Տրամաբանության երկաթե խաչի ասպետ» շքանշանով, իսկ տանը եղած ժամանակ, ասպետական շքատեսքից ձերբազատվելով, մեղկ ու ծույլ փռվում էր ճոճաթոռում, դանդաղ շրջում հավերժական լրագրի անվերջանալի էջերը, հանդիսավոր ու ծիսական շարժումով թափ տալիս ծխախոտի մոխիրն ու ակնոցի վրայից մերթ ընդ մերթ նայում ծաղիկների մեջ կորած որդուն:

Այդ երեկոները նրանց ընտանեկան կյանքի ամենահաճելի պահերն էին, փոքրիկ երջանկությունը:

Եվ նրանք այնպես էին վարժվել այդ կյանքին, ամեն ինչ այնպես անհրաժեշտ ու սովորական էր թվում, որ մի քանի օր շարունակ չէին նկատում, թե Լոշտակն ինչքան անհանգիստ է դարձել, ծաղիկների մեջ, բզեզների, թիթեռների ու մրջյունների հետ խաղալու փոխարեն, տագնապած շրջում է պարտեզում, խոնարհվում ծաղիկների թերթերի, տերևների, ցողունների, արմատների վրա, շոյում, փաղաքշում, գուրգուրում, ինչ-որ բան շշնջում նրանց ականջին, ապա կրկին պտտվում ու պտտվում:

Լոշտակի տագնապը նրանք նկատեցին միայն այն ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերեցին, որ արդեն երեք օր ոռոգման ջուր չկա: Սակայն դա էլ այնքան չմտահոգեց նրանց. վթարներ լինում են նաև գերզարգացած, գերհզոր երկրներում:

Սակայն իրենց առավելությունը այլոց հանդեպ նաև այն է, որ ցանկացած դեպքի համար ունեն պատրաստի բաղադրատոմս, հատուկ մշակված ու նախատեսված ծրագիր, որը ներառում է թշնամուն կանխելու, հակահարված տալու, տարերային աղետի դեմն առնելու, հետևանքներն արագորեն վերացնելու, ամենաչնչին վթարն անգամ սեղմ ժամկետում կարգավորելու բոլոր անհրաժեշտ քայլերը. իրենք պատրաստ են ամեն ինչի. այլմոլորակայինների արշավանքին դիմագրավելուց սկսած մինչև խոհանոցի ծորակ փոխելը: Այնպես որ, ամեն ինչ ժամանակի հարց է, խուճապի մատնվելու կարիք չկա բնավ:

Որևէ վատ բան չկասկածելով՝ հայրիկը բացեց լրագիրն ու ապշահար բացականչեց. ջուրն այսուհետ տրվելու էր կտրոններով, յուրաքանչյուրին օրական երեք կում: Ճիշտ է, մինչ այդ հուսահատ և անօգուտ աղմուկ էր բարձրացել քաղցրահամ ջրի բնական պաշարների անհագուրդ օգտագործման, լեռնային անհասանելի լճի ջրերի աղտոտման դեմ, որոշ օդերևութաբաններ, երկարատև ու ահավոր երաշտ կանխատեսելով, կոչ էին անում նախապատրաստական միջոցների դիմել, սակայն նրանց կոչերն ու ահազանգերը մնում էին անարձագանք. իշխանություններն ու պաշտոնական մամուլը ամեն ինչ վերագրում էին ընդդիմության զազրախոսությանը և դրանով համոզում, հանգստացնում, ընդարմացնում էին հատուկենտ մտահոգվածներին:

Իսկ ժողովուրդն այնքան էր ուզում հավատալ իր ընտրյալների անսխալականությանն ու ամենազորությանը, իրենց քաղաքակրթության ու իրենց երկրի ամենակարողությանը, որ թերահավատ քամահրանքով ծաղրում էր սթափության կոչողներին, դավադիր ու խուճապ տարածողի պիտակ կպցնում, ծաղրում, թե տիեզերական նվաճումների այս դարում այդ ի՞նչ միջնադարյան մգլահոտ վախեր են, ի՞նչ երաշտ կարող է լինել այն ժամանակ, երբ կառավարության երկրպագուների շրջանում համառորեն լուրեր են պտտվում, որ վերջին զորախաղերի ընթացքում փորձարկված նոր զենքը կարող է ղեկավարել ամպերի շարժումը, ցանկացած պահի անձրև ու ձյուն ուղարկել իրենց ու դաշնակիցներին, իսկ կարկուտն ու երաշտը ուղղել թշնամու կողմը:

Նույնիսկ խիստ գաղտնի, սակայն խորհրդավոր ու թափանցիկ ակնարկներ էին անում այն մասին, որ շուտով, շատ շուտով կկարողանան սանձել նաև արևը, ղեկավարել նաև նրա ընթացքը, հավերժական գարուն ու հավերժական կեսօր պարգևել հպատակներին, իսկ ընդդիմադիրներին ու թշնամի կիսագնդին թողնել հավերժական խավարի ու ցրտի մեջ:

Շշուկներ կային, որ այդ օրվա համար կառավարությունը նախատեսել է իր ծննդյան հազարամյակի տոնակատարության օրը, սակայն ահա քանի տարի է՝ հետաձգում է՝ նախորդ կառավարությունից ժառանգած տոմարում քողարկված նենգամիտ անճշտության պատճառով:

Իհարկե, երաշտի սպառնալիքը կեղծիք է, թշնամու մոգոնածը, խուճապ տարածելու միջոց:

Բայց ահա կառավարությունը ինքն է հայտնում այդ մասին:

Իսկ կառավարական լրագրի յուրաքանչյուր տառ անառարկելի ճշմարտություն էր հայրիկի համար: Եվ նա ընդգծված հպարտությամբ ընթերցեց կառավարության վճիռը, որպեսզի մայրիկն էլ լսի ու արժանավույնս գնահատի նրա իմաստուն քաղաքականությունն ու հայրական հոգատարությունը:

Յոթ օր ու գիշեր տևած անընդմեջ խորհրդակցությունից հետո կառավարությունը որոշել էր հատուկ տաքացուցիչներ տեղադրել հյուսիսային ու հարավային բևեռներում, սառույցները հալեցնել ու ջուրը մղել հարավ և հյուսիս: Իսկ մինչ այդ պահանջվում էր պահպանել աշխարհի ամենահզոր, ամենաժողովրդավար երկրի քաղաքացուն վայել հանգստություն և հպարտություն, խուճապի չմատնվել, անհապաղ հրաժարվել լվացվելու և լվացք անելու անհեթեթ, վնասակար ու բարբարոս սովորություններից, վերացնել այն ամենը, ինչ անօգուտ վատնում է գալիք անխուսափելի հաղթանակների անփոխարինելի գրավական թանկարժեք ջուրը. կտրել բոլոր ծառերն ու թփերը, ծաղիկներն ու բույսերը, կատուներին, շներին, դեղձանիկներին, ոչխարներին ու կովերին հանձնել սպանդանոց, պինդ փակել ծորակներն ու սպասել կառավարության հաղթական գործողություններին:

Թեև հայրիկը շա՜տ-շատ էր սիրում իր պարտեզը և ամեն առավոտ աշխատանքի էր գնում կանխավայելելով երեկոյան անդորրի հաճույքը, սակայն մտքով անգամ չանցավ կասկածել կամ ընդվզել կառավարության որոշման դեմ. հառաչելով վեր կացավ, նկուղից վերցրեց կացինն ու սղոցը և գլխիկոր, ոտքերը քարշ տալով մտավ պարտեզ:

-Մեղք են, հայրի՛կ, մի՛ կտրիր, – հայրիկի առջև հանկարծ հայտնվելով՝ ասաց Լոշտակը:

Հայրիկը չափազանց մտազբաղ էր և նույնիսկ չնկատեց, որ որդին միանգամից այնքան բառ ասաց, ինչքան երևի չէր ասել ողջ կյանքի ընթացքում:

-Անօգուտ է, տղաս, կառավարության որոշումը կա:

-Խնդրում եմ, գոնե մինչև առավոտ սպասիր:

-Դրանից ի՞նչ կփոխվի, – ուզեց զայրանալ հայրիկը, սակայն որդու աղաչական հայացքը նկատելով՝ տեղի տվեց, – լավ, թող քո ասածը լինի:

Գիշերը չկարողացան քնել: Միայն առավոտյան կողմ հայրիկն ու մայրիկը թեթևակի ննջեցին: Իսկ երբ արթնացան, տղայի անկողինը թափուր էր: Հայրիկն ու մայրիկը պատշգամբ ելան:

Լոշտակը կանգնած էր պարտեզի մեջ, ինքնամոռաց, կլանված ինչ-որ բան էր շշնջում, և ականջներն այնպես էին շառագունել, որ ցոլքն ընկնում էր ծաղիկների վրա, հուրհրում: Պարտեզը երբեք այդքան գեղեցիկ չէր եղել, իսկ Լոշտակն ասես մի մեծ, վառվռուն, չքնաղ ծաղիկ էր:

Ո՞ւմ հետ էր խոսում, ի՞նչ էր ասում՝ անհայտ էր:

Հայրիկը ներքև իջավ, վերցրեց սղոցն ու կացինը: Սակայն հենց այն պահին, երբ սղոցը դիպավ վարդի թփին, սարսափելի ճայթյուն լսվեց, և հայրիկը ահաբեկված ետ ցատկեց. որոտ էր. անամպ երկնքի կապույտում դեղնակարմիր աղեղներով կայծակ փայլատակեց, ծիածանի գոտին ձգվեց ջինջ երկնքով մեկ, լազուր երկնքից հորդառատ անձրև թափվեց:

Ապշահար ծնողների աչքերի առջև, անձրևի տակ, ցնծագին կանգնել էր Լոշտակը: Եվ նրա ականջներից ասես լույս էր ճառագում:

Աղբյուր՝ Andin.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում