Նելլի Տոնոյան. …ուզում եմ հոգնությունդ հնձել

Նելլի Տոնոյան. …ուզում եմ հոգնությունդ հնձել

* * *

Կռվել ենք
ոչ ես եմ ուզում խոսել,
ոչ ՝ ինքը
մեր միջև երկար ծառացող անդունդ ,
թթու ինչ-որ բան ենք կրծում
ինքը կարողանում է առանց աղ ուտել,
ես չեմ կարողանում ․կծում,գցում եմ,
ոչ մեկս չենք խոսում,
ոչ էլ անդունդին ենք նայում,
երևի էսքան անտարբեր մեկ էլ աստված է եղել․․․

* * *

Երեկոները ծովի ալիքների պես,
ափ առ ափ քեզ հրում են չծամված ու
չմարսված ժամանկների մեջ,
դու ողջ հասակովդ կուչ ես գալիս
հասնում սովորական ճանճի չափսերին
ու բզզալով պտույտ ես
տալիս որտեղ պատահի։

* * *

կոպերիդ ծանրությունը հայրիկ
մի ողջ դաշտի է վերածվում երբ
ուզում եմ հոգնությունդ հնձել… 

* * *

Մեր սիրելի երկրում, փոշոտ
փողոցներում թրև եկող չորքոտանիներին
թրև եկող երկոտանիներին պարուրում է
դատարկության զգացումը միայն իսկ
մնացած ամեն բան գործում է ինչպես
միշտ ինչպես որ պատահի․․.

* * *

Մորս ճաքճքված շուրթերին չապրած մանկությունն է․․․

* * *

…թաղի երեխեքի պետքը չի, որ Դերո պապը մեռել է, միայն մի պահ ձայները կտրեցին,
թողեցին մշտական խաղերը, շարքով կանգնեցին պատի տակ ու քար
կտրեցին, դուդուկի ձայն, տեր հոր աղոթք, ինչ-որ ծեսեր ու լաց ու կոծ:
Երևի մահվան էությունը զգում են երեխեքը, բայց ամենամիամիտ ցանկությամբ
հավատում են, որ Դերո պապը կամ մյուսները շուտ ետ են վերադառնալու, մեծերի
պես չեն. մեծերը հավատը կորցնում են ու լռակյաց դարձած սպասում ու սպասում:

* * *

Սիրելի՛ Բրոդսկի,
երթուղայինի, անցումների,
տների, շենքերի, կատուների ու մուրացիկների
կողքով անցնում են հուսահատ,
ծերուկները, պատանիները ՝
դյուրագրգիռ 30-ն անց
պճնամոլները ու երեխաները
կայտառ՝ հայացքները երկնքի
թռչուններին, սայթաքում են
նրանք՝ օգնություն աղերսելու
միտումով, խոսքի տեղ փրփրում
է թշվառությունն ու արևը է՛լ արև
չի ներկայանում քան
սովորական շրջան, իրենց
սրտերում հոգիներում ու
ուղեղներում արևը ոչինչ է ու
ամեն բան ոչինչ է ամեն բան ՝
անարժեք։

* * *

Գալիս են հյուր բաժակներն ու ափսեները նույնն են,
գնում ես հյուր բաժակներն ու ափսեները դարձյալ
նույնն են,գալիս են հյուր հարաբերությունները
նույնը չեն, գնում ես հյուր դարձյալ նույնը չեն․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում