«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի չորրորդ ցուցադրությունը

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի չորրորդ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Irates.am: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ ներկայացնելով ընտրանի արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուից: Սա Կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի թվով չորրորդ ցուցադրությունն է: Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Կենտրոնի «Արծիվ» սրահում:

20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի մասնավոր հավաքածուից ընտրված շուրջ 60 արվեստանմուշները ներկայացնում են 44 արվեստագետի, ովքեր ապրել և ստեղծագործել են տարբեր մայրցամաքներում, երկրներում և արվեստային կենտրոններում: Ցուցադրությունը սահուն կերպով ուրվագծում է անցյալ հարյուրամյակի ընթացքում արդի արվեստի զարգացումը այս գործընթացին ինտեգրված սփյուռքահայերի տեսանկյունից: Այս հեռանկարներից մի քանիսը քաջ հայտնի են Հայաստանում և արտերկրում, իսկ շատերը պետք է հայտնաբերվեն նորովի:

Հավաքական կերպով, այս աշխատանքները նաև թույլ են տալիս հետազոտելու՝ ինչպես է սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը պայմանավորել արդի հայ արվեստը, որը ձևավորվում էր արևելահայ կենտրոններում 1900-ականներից մինչ 1990-ականներ:

«Մասնավոր կոլեկցիոների կողմից հիմնադրված կենտրոնի առաջնահերթություններից է ավելի լայն հանրության համար անհասանելի արվեստի ցուցադրումը: Այդուհանդերձ, «Տարագիրներ ու երազողներ» ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է գրաֆիկական արվեստի մի թաքնված գանձարան, այլև բացահայտում է սփյուռքահայ արվեստագետների մի աստղաբույլ, որին անգամ արվեստի մասնագետները ծանոթ չեն Հայաստանում և որոնցից շատերը երբևէ Հայաստանում չեն ցուցադրվել»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է մինչև 2020թ. մարտի 1-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում