Գրականագետ Ավետիք Իսահակյանի հոբելյանը նշվեց գրական հանդիսությամբ

Գրականագետ Ավետիք Իսահակյանի հոբելյանը նշվեց գրական հանդիսությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 28-ին Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում հանդիսություն անցկացվեց:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը մեջ բերեց Հենրիկ Էդոյանի խոսքերն այն մասին, որ ոչ միայն Ավիկ Իսահակյանի բախտն է բերել, որ վարպետի թոռն է, այլև վարպետի բախտն է բերել, որ նման թոռ ունի: «Ավիկ Իսահակյանը համակարգված զբաղվում է պապի` Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ, բնագրերի հրատարակմամբ՝ հայ դասական գրողների երկերի ակադեմիական հրատարակությունների շրջանակում: Ավիկ Իսահակյանի հիմնական գրքերը վերաբերում են մեր մեծ գրողին, բայց վարպետի գործերն այնքան տարողունակ են, որ գրել նրա մասին, նշանակում է գրել 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի մեր ընդհանուր գրական շարժման, հայ ժողովրդի ազատագրական իղձերի մասին», – շեշտեց Դևրիկյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ Ավիկ Իսահակյանը երկար տարիների գրական, հասարակական գործունեության ընթացքում մշտապես երևացող, պայծառ դեմք է եղել` հատկապես իսահակյանագիտության խորքերը մեկնաբանելով, վերլուծելով, ներկայացնելով: «Ավիկն ամեն տարի նոր գրքեր է հրատարակում ու տարածում դրանք»,-ասաց Միլիտոնյանն ու Գրողների միության անունից գրական վաստակի համար մեդալ շնորհեց Ավիկ Իսահակյանին:

Խոսելով իր կատարած ծավալուն և կարևոր աշխատանքի մասին՝ Ավետիք Իսահակյանը շեշտեց, որ նշանակալի է այն հանգամանքը, որ Իսահակյանի ակադեմիական 14 հատորից յոթ հատոր արդեն տպագրել են և սկսել են նրա գիտական լիակատար ժողովածուի հրատարակումը:

«Վերջին քսան տարվա ընթացքում 25 գիրք եմ տպագրել Իսահակյանից: Ինքս յոթ մենագրության հեղինակ եմ: Հիմա նաև արձակ, էսսեներ եմ գրում` անդրադառնալով մեր պատմությանը, ներկային, նշանավոր մարդկանց»,-պատմեց հոբելյարը:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ընտանիքում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ասպիրանտուրան՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես բնագրագիտության բաժնի վարիչ։ 2008-2015 թթ. եղել է նույն ինստիտուտի տնօրենը։ Դասավանդել է ԵՊՀ-ում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում, եղել է Հայաստանի գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1973 թվականից Ավետիք Իսահակյանի երկերի ժողովածուները լույս են տեսել նրա աշխատասիրությամբ։ Հեղինակ է նաև բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Դամասկոսում, Բեյրութում, Վենետիկում, Փարիզում, Լոս Անջելեսում։ Մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտաժողովների։ Դասախոսությունների շարքով հանդես է եկել Սորբոնի և Լոս Անջելեսի UCLA-ի համալսարաններում։ 2000-ից ղեկավարում է Ավ. Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ Տասից ավելի գրքերի և մենագրությունների հեղինակ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում