Գեղեցկուհիների նվագախմբից մինչեւ Կուստուրիցա ու Բելուչի, ապա՝ երեւանյան բեմ

Գեղեցկուհիների նվագախմբից մինչեւ Կուստուրիցա ու Բելուչի, ապա՝ երեւանյան բեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Aravot.am: Հարցազրույց բելգիաբնակ ջութակահար, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի հետ

– Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ճանաչված երաժիշտների Հախնազարյան ընտանիքը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հանդիսատեսի հետ նշեց հոր՝ մոսկվաբնակ ջութակահար, պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի ծննդյան հոբելյանը: Հրավիրված էիք նաեւ դուք: Համերգի ավարտին հանդիսատեսը փաստում էր, որ Հախնազարյանների բարձրարվեստ կատարումները նորություն չէին, սակայն հայտնություն էր Խաչատուր Ալմազյանը, որի անունը իրենց ծանոթ է որպես Էմիր Կուստուրիցայի պրոդյուսեր եւ Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմից, որտեղ հանդես եք գալիս Մոնիկա Բելուչիի հետ: Ի դեպ, մասնագետներն էլ նշում էին, որ Երեւանում բարձրակարգ ուսում եք ստացել Պյոտր Հայկազյանի եւ Վիլի Մոկացյանի ղեկավարությամբ: Որտե՞ղ էիք մինչեւ հիմա:

– Երեւանի կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնեցի Բրյուսել, ուսանեցի Իգոր Օյստրախի դասարանում, զուգահեռ դասեր եմ առել Նյու Յորքում Միշա Քեյլինի, իսկ Փարիզում՝ Էդուարդ Վուլֆսոնի ղեկավարությամբ: Գիտեմ, որ ինձ Երեւանում ճանաչում են Almazan Symphony նվագախմբի տեսահոլովակներով նույնպես: Իմ՝ դասական երաժիշտ լինելու մասին կամ այդ ոլորտում ծավալած գործունեությանս մասին այստեղ շատ քչերը կամ գրեթե ոչ մեկը տեղյակ չի եղել: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ինձ համար ինչ կարեւոր էր ու պատասխանատու, եւ ի՜նչ հուզիչ՝ դուրս գալ բեմ հենց ծննդավայրում, ու մի նվագախմբի հետ, որի արտիստների մի մասն իմ համակուրսեցիներն են, հանդես գալ մանկությանս ընկեր Էդուարդ Թոփչյանի հետ եւ, իհարկե, անսահման պատասխանատու էր դուետը աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Ստեղծագործությունը, որ կատարեցի, Ջովանի Սոլլիմայինն էր: Ի դեպ, այդ երկի համաշխարհային պրեմիերան կայացել է Կուստուրիցայի հերթական համերգներից մեկում, դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ:

Դեռ դպրոցական տարիներին երազանքս էր ունենալ իմ նվագախումբը: Այդ միտքը հենց այնպես չէր առաջացել մոտս: Բավական է ասել, որ դպրոցական նվագախմբում մեր բախտը բերել էր, որ ղեկավարում էր Զարեհ Սահակյանցը…

2007 թ. Սերբիայում հիմնեցի Almazan Symphony նվագախումբը…

– Մինչ նվագախմբի հիմնումը հակիրճ կներկայացնե՞ք ձեր գործունեությունը:

– Դա նորմալ, ավելին՝ հաջողակ գործունեություն էր: Տարբեր երկրներում մասնակցել եմ մրցույթների, փառատոների, համագործակցել նվագախմբերի, անվանի դիրիժորների հետ:

– Ձեր նվագախմբում միայն կանայք են՝ 25 երաժիշտներ…

– Թույլ տվեք ասել, որ միայն շատ գրավիչ կանայք եւ միաժամանակ՝ բարձրակարգ արվեստագետներ: Ընդ որում, դժվար է գտնել միաժամանակ եւ գեղեցկուհիներ, եւ բարձրարվեստ երաժիշտներ: Նվագախմբում հիմնականում ազգությամբ սերբուհիներ են, կան նաեւ արտիստներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից… Ի վերջո, միայն կին երաժիշտներով նվագախումբը մարքեթինգային քայլ է:

– Ինչո՞ւ հայուհու չեք հրավիրել նվագախումբ: 

– Մենք իրականացնում ենք միայն մասշտաբային նախագծեր, իսկ Հայաստանից հրավիրելը կլիներ ռիսկային:

– Խնդրում ենք մանրամասնել:

– Հայկական անձնագիրը ենթադրում է վիզա, իսկ այդ դեպքում չի բացառվում, որ վերջին րոպեին հայ երաժշտին կարող են մերժել:

– Ի՞նչ ճանապարհներով են լուծվում նվագախմբի ֆինանսական հարցերը:

– Հովանավոր երբեք չենք ունեցել: Նվագախումբը հիմնելիս ի սկզբանե ինքս մեծ ներդրում եմ արել, ինչը սկիզբն էր իմ պրոդյուսերական լուրջ աշխատանքի: Իսկ երբ այս նախագիծը կայացավ, միաժամանակ սկսվեցին հրավերներ տարբեր երկրներից:

– Ըստ էության դուք նաեւ նվագախմբի պրոդյուսերն եք, զուգահեռ էլ նման գործունեություն եք վարում աշխարհահռչակ այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Մոնիկա Բելուչին…

– Նվագախմբիս առաջին բեմելը 2007 թվականին էր՝ Կուստուրիցայի անձնական հրավերով, անվանի արվեստագետի Kustendorf Fun music festival-ի բացմանը, ինչը միանգամից ու մեծ ճանապարհներ բացեց նվագախմբի համար: Իսկ Մոնիկա Բելուչիի հետ համագործակցության առիթով պետք է ասեմ, որ ինձ համար ավելի կարեւոր էր այն, որ նվագախումբս ձայնագրեց ֆիլմի համար հատուկ գրված կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցայի երաժշտությամբ սաունթրեքները: Ֆիլմից հետո էլ շարունակվում են ջերմ հարաբերությունները Մոնիկա Բելուչիի հետ: Այս պահին, օրինակ, նախագիծ եմ առաջարկել նրան, որի գաղափարն իրեն դուր է եկել: Առայժմ այսքանը:

Ձեր թույլտվությամբ կուզեի անդրադառնալ Երեւանում կայացած համերգին՝ չթաքցնելով անսահման հուզմունքս եւ այն ներկայացնել օրինակով: 2018թ. ես եւ բալետի համաշխարհային աստղ Սերգեյ Պոլունինը բեմ բարձրացանք 44 հազար հանդիսատեսի առջեւ հեղինակավոր Exit Festival-ում: Հավատացնում եմ, որ բացարձակ հուզմունք չեմ ապրել այնպես, ինչպես երեւանյան այս համերգի առաջին փորձից մինչեւ երեկոյի սկիզբը: Այդ օրերին սարսափելի հուզված էի…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում