«Արևելքը և հայ արվեստը»

«Արևելքը և հայ արվեստը»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Panorama.am: Դեկտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Արևելքը և հայ արվեստը» խորագրով ցուցահանդես:

Ազգային պատկերասրահի կայքից տեղեկանում ենք, որ «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը ներկայացնում է Ազգային պատկերասրահում պահվող հայ և օտարերկրյա՝ պարսիկ, չինացի, ճապոնացի, արևելցի այլ նկարիչների ստեղծագործությունները, ցուցադրում է աշխատանքներ Մ. Սարյանի, Ս. Փարաջանովի, Ժամանակակից արվեստի թանգարաններից, ինչպես նաև 20-21-րդ դդ. հայտնի վարպետների՝ արևելյան թեմաներին առնչվող գործեր:

Ցուցադրությունը բավական ծավալուն է և բազմաշերտ, ընդգրկում է արվեստի տարբեր տեսակների և ժանրերի ավելի քան 200 նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնելու գեղարվեստական տարբեր դպրոցների միջև և վկայում են Արևելքի և հայ մշակույթի փոխազդեցության մասին:

Ցուցահանդեսի անվանումը որոշակիորեն կապակցվում է օրիենտալիզմի հետ: 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին Եվրոպայում վառ դրսևորված գեղարվեստական այս հոսանքը իր հետաքրքրություններն ուղղել էր դեպի Արևելքի երկրները: Դրանք եվրոպացիներին գերում էին խորհրդավորությամբ և էկզոտիկայով, մղում էին ճանաչելու սեփական արմատներն ու անցյալը, համամարդկային մշակույթի զարգացումը: Գեղարվեստում օրիենտալիզմը դիմում է արևելյան սյուժեների, կիրառում է արևելյան մշակույթին բնորոշ ոճական արտահայտչամիջոցներ:

Հայաստանը պատմականորեն, մշակույթով կապված լինելով Արևելքի հետ՝ յուրովի է փոխարկում նրա պատմական և գեղագիտական հարուստ ժառանգությունը:
Ցուցահանդեսի կառուցվածքը, ցուցադրվող նյութը թույլ են տալիս արձանագրել արևելյան հովերը, սկսած ամենավաղ նմուշներից՝ 14-17-րդ դդ. մանրանկարների և որմնանկարների ընդօրինակություններից, ի հայտ բերել Արևելքի արվեստի արձագանքները ակունքներից եկող հաստոցային և մոնումենտալ երկերում, սրբապատկերներում, դիմանկարներում:
Հատուկ ուշադրություն է հատկացվում այն նկարիչներին, որոնց արվեստում այս թեման էական տեղ է զբաղեցրել: Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով. արվեստագետների ընդամենը մի քանի անուն, որոնց հետաքրքրությունը Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի երկրների ու մշակույթի նկատմամբ միշտ անմար է եղել:

Ցուցահանդեսը լուսաբանում է հայ գեղարվեստական աշխարհի այլևայլ եզրերը, որոնք տարբեր ժամանակային հատվածներում կապված են մեկ-միասնական գաղափարով, և վկայում է մեր ազգային մշակույթի բաց բնույթի, դարաշրջանի սրընթաց հոգևոր շարժումներում նրա ներգրավվածության մասին:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2020 թ. ապրիլի 30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում