Արտեմ Հարությունյան․ Աշխարհը աչք ունի և տեսնում է մեզ․․․

Արտեմ Հարությունյան․ Աշխարհը աչք ունի և տեսնում է մեզ․․․

1
Աշխարհը աչք ունի
երազիդ վրա
և հեգնում է քեզ`
երբ արթնանա
(օ՜, ինչ շփոթ է տեսիլքի միջանցքը):

Հպվենք երկրին մեր կեցությամբ,
և թույլ չտանք,
որ կախարդը վերադառնա
մութ անտառից
(հին ճիվաղը հեքիաթների,
բայց նոր զենքով):

Եվ երբ մենության տոպրակը
լցվում է հյուլե կրակներով
(վարք ու բարքի որքան
հեգնանք ամենուրեք),
և պարտադրում լինել նրանց նման՝
իրե՛նց նման՝
ուրվականով վխտող խաչմերուկում,
որտեղ մարդը հալչում է տես՝
հանց հաստաբեստ մոմի կտոր՝
մոմակալի էությունը
կաթիլ-կաթիլ ավերելով…

2
Ես հիմա աչքս պահում եմ
համառորեն ապրող կենդանիների
ուղղությամբ,
նրանք համեստ են
և չեն պարտադրում ընկերություն,
ոչ էլ պարտադրում են մենություն,
սոսկ խռխռում են, հաչում և նվնվում,
իսկ ոմանք պատրաստ են
բանակցության՝
առանց դիպլոմի և կրթության,
սոսկ սև հողի վրա գոյության,
որ նույնպես սնում է մեզ տեսիլքով,
փոխարենը չպահանջելով ոչ մի բան,
նրանք՝ կենդանիները ապրում են
այլ տարածքում՝
իրենց գաղտնի կյանքը մսխելով,
և հետո հայտնվում կտրուկ՝
ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակում,
անտառին կցված ինչ-որ պուրակում,
մերթ որպես գուշակ՝ ապագայի նշան,
մերթ Չարիքի արձան,
հետո դառնում կենդանակերպի
վաղուց մաշված
շրջիկ-նշան…

Հետևեք մեզ նաև Telegram-ում