Նանե․ Անցում կյանքով

Նանե․ Անցում կյանքով

Ծաղկած հիրիկը տարուբերեց
Նրբաթույր ծաղկաթերթերն իր`
Ի պատասխան իմ ողջույնի-
Ինչ շքեղ է դաշտը`
Ծաղկանց ու սեզերի բույրերով օծուն…
Ուզում եմ ոտքս կախ գցել,
Բայց շտապել է պետք-
Ընթացքս այլ հասցե ունի.
Ես ընդամենը անցնում եմ այստեղով…
Արտույտն է գեղգեղում`
Չինարի սաղարթներին ի ձույլ.
Հեքիաթ է դառնում պահը.
Եվ… ինչպե՜ս կուզեի
Նրա մի մասնիկը դառնալ
Ու ձայնակցել արտույտին…
Սակայն… չեմ կարող.
Ես ընդամենը
…անցնում եմ այստեղով…
Մարդ, ցավոտ էր ճանաչելը քեզ
Եվ ափսոսալ, որ նման չես
Սոճուն այն մայթեզրի,
Նախշաթև թիթեռներին`
Երիցուկների վրա պար բռնած,
Լեռներին ամպաշղարշ…
Եվ… փառք Աստծո,
Որ ես ընդամենը
անցնում եմ այստեղով…

***
Արահետս կանչեց ի վեր,
Ուր ծաղկածուփ, կանաչահեղց
Իմ բացատում.
Թռչունների երգչախումբն էր
Արեգակին ձոներ հղում…
Նրանց կողքին իմ ձայնը ուր.
Բայց… միացա,
Ու միաձույլ
Երգ-աղոթք էր
Երկինքները դեպի հորդում…
Հետո սեզ ու երեքնուկի հերթն էր՝
Ճակատն իմ զուգելու…
Սերմիկները բարդիների՝
Խենթ ու խելառ մեկն էին փնտրում…
Խառնվեցի նրանց պարին…
Օրը բացված ծաղկի նման
լո՛ւյս էր բուրում…
Լույսն ամենուր
Ու կաթում էր անգամ ծաղկանց
Աչուկներից…
Հետո ողջ փունջ իմ
բացատի հմայքներից
Տուն բերեցի,
Լույս բերեցի ու աղոթքը
առ Կատարյալ…
Հետո գիշերն անգամ սևսաթ
Իր ծամերի խոպոպներում
Վառ կանթեղներ վառեց հատ-հատ…
Մեղեդի էր ախորժալուր՝
Վար ցնցուղվեց իմ սնարին
Ու… օրորեց…
Այդպես երկար, այդպես՝ ժամեր…
Ու աշխարհը մեծ էր այնքան՝
Չափ ծաղկաքող իմ բացատի
Ու… սրտիս չափ…

***
Ժամադրվել էի աշնան հետ
Ճիշտ աշնանակեսին՝
Բացատում այն ծանոթ…
Ու հոկտեմբերյան օրվա համար այդ
Աշունը զարդարվել էր տեղը տեղին՝
Անտառափեշը
Կարմիր ու ոսկեմույն էր ծփում,
Դողդոջուն կաղամախիները
Լույս էին ցնցուղում շուրջբոլոր՝
Արևագույն տերևներով
իրենց սրտաձև…
Բայց երբ եկա,
Աշնան տեղ –
Ձմեռը խուժեց բացատ՝
Վայրի ու տիրաբար.
Ձյունը ծածկեց խայտագույնը աշնան
Ու ճերմակ քրքիջով
Ծիծաղեց իմ դեմքին…
Զարմանում ու…. Չեմ զարմանում…
Այդպես հաճախ է լինում,
Երբ սպասում ես մեկի,
Իսկ… ուրիշն է գալիս…

***
Հարատև ծես է՝
Մամոնայի հետ երթը ձեռք ձեռքի.
Մոմեր ենք վառում խորանում Աստծո
Ու շտապում ենք
Մեղանչել ծեգից…
Հարատև ծես է՝
Լույսերը թողած խավարին հառվել,
Որ մութ գործերի ստվերներն անգամ
Ի տես չհառնեն…
Հարատև ծես է՝
Խախտումն Աստծո հետ
Մեր կապած Ուխտի.
Մեկ բարու սերմ է՝ դիմաց անհաշիվ
Որոմի հունդի…
Հարատև ծես է բայց և Բարձրյալի
Հրավեր-կանչը
Դեպ լույսերը Իր…

***
Կայրի, կայրի մայրամուտը
շեղջը օրվա.
Կեզ բոցերի գալար ու խև հևքին ի պահ՝
Ապրումների ինչ վայրուվեր,
Ինչ դավ ու ցավ կմոխրանան…
Կայրի, կայրի մայրամուտը
Մինչ ի մրուր,
Թե գիժ քամին՝
Միշտ կամակոր ու միտքը ծուռ-
Ճարպիկ գողի իր վաղեմի
գործին գիտակ.
Փոթերի տակ իր փեշերի
Չթռցնի ու պահ չտա՝
Մեծ ու փոքր, պատառ-պատառ,
Որ դատարկում գալիք օրվա՝
Այգաբացի նոր գույների
խայտանքի մեջ
Ու թարմության,
Շաղ տա որպես հուշն անցյալի՝
Դեռ թրթռուն, բոսոր ու տաք…
Եվ բարուրում աչքը
բացած օրը մանուկ-
Նորից բազում հույզ-հոգսերի
հին բեռան տակ՝
Մեկ քայլն առաջ, մի քանիսը
անցյալ դեպի
Կըերերա…
Տեղ չենք հասնի՝
Ուր հրավեր կանչն է
տանում ժամանակի…
Տեղ չենք հասնի… թե դեռ այսպես՝
Մեկ քայլն առաջ, մի քանիսը՝
անցյալ գցենք…
Երազ հյուսենք մեղմ օրերի,
Հյուսենք տենչեր ժամերի տաք.
Ուր արևի ծամերն արձակ
Չեն խճճվում հևքում քամու…
Որ բոցերում՝ մինչ ի մրուր,
Ու մինչ ծնունդ-ավետիսը ամեն վաղվա՝
Այրի, այրի մայրամուտը
Շեղջը օրվա…

***
Շատրվանների տեսքին եմ հառվում,
Երբ ջնջել եմ ուզում թուխպը հուշերի,
Մտքերը՝ հոգնեցնող իրենց
Անցուդարձով միալար ու անդուլ…
Շռայլ են շատրվանները
Ու սփռում են հմայքն իրենց անծիր
Հենց այնպես –
Հանուն գեղեցկության պահի…
Վեր ցայտող շիթերը՝
Բարձրուղեշ ճյուղերի պես ճերմակ,
Բողբոջում են փթթուն,
Հանց մարգարտաբույլեր կաթնաշող
Ու պայթում հետո
Ճերմակ ծաղիկներով,
Որ ծաղկաժանյակ քող որպես
Խայտում են ու գալարվում
Փոթերով աջ ու ահյակ…
Պարը շատրվանի
Ու խոնավ համբույրը ցող-կաթիլների՝
Վարպետ մոգերի պես,
Ողջը ջնջում են պահերի մեջ փոքրիկ`
Հուշելով գաղտնիքը նոր սկզբի…

***
Մարդանանք, մարդիկ.
Լոկ մեզ է տրված
Լինել ավելին, քան արտույտները,
Կակաչը դաշտի…
Սակայն ես ինչո՞ւ գնում եմ հեռու
Ու լույս հավաքում պայթած բողբոջից,
Մաքրվում ցողով բիլ վաղորդայնի,
Ինչո՞ւ պաղ աստղից
մուրում ջերմություն,
Բարության դասեր…
Սերտում… ոչնչից…
Մարդանանք, մարդիկ,
Թե չէ ավելի՝
Աստծո պատկերով ու նմանությամբ.
Նախանձ է շարժում
ճամփեզրի բարդին,
Ոտնատակ սեզը ու թուփը վարդի…
Մարդանանք, մարդիկ.
Մեր ճանապարհը գուցե դեռ անցնի
Մեզնից բնության հազիվ մազապուրծ
Անկյունով գողտրիկ.
Պետք է սովորենք նախ
թռչուն դառնալ,
Քար դառնալ մամռած
պատում մի վանքի,
Պտղել բարիքով աշնանամուտին,
Փթթել գարունքին,
Լուսնաշող դառնալ ու…
հատիկ հունդի…
Որ դրանից ետ.
Վերջապես գուցե և կարողանանք
Մարդանալ, մարդիկ…
Մարդանալ… մարդիկ…

***
Մթնշաղը թաց է-
Շաղվել, կաթում է ցած…
Սրտիս նման փակ է գիրկն իր,
Ու… մոտ չգաք…
Մթնշաղը թաց է-
Հոգուն ճաք է բացված
Ու կապույտ է հոսում
Մայթերն ի վեր, ի վար…
Մթնշաղը թաց է,
Ծամը՝ քամու բերան…
Դուք ձեր գործին եղեք.
Ես… կողքին եմ նրա…

***
Ձյունում է՝ ձյունի –
Ճերմակ մելամաղձ բերած անհունից…
Ես անթեղել եմ ամառվա հուրը
Ու տանս ներսում
Ես եմ իմ հյուրը…
Հերիք չանեի թե ես ինքս ինձ՝
Ձեր դեմ էլ ի վերջ կբացեի դուռս…
Ձյունում է՝ ձյունի. որքան ուզում է.
Հնչում է մեղմիկ Շոպեն՝ «նոկտյուրնը»,
Բառերի հերկ է, ու… լի է տունս…
Ժամերի կանգ է,
Պահը՝ դուրս հունից,
Ուր մաղձոտ ու պաղ օրը տեղ չունի…
Դռներս փակ են ու պատուհանիս՝
Քող վարագույրի…
Ձյունում է՝ ձյունի…

***
Շողշողուն ակն է
Լուսինը երկնի հենց մատնեմատին,
Ու հարսնաքողի փոթեր
Ծիր կաթնի լույսը ցանուցիր…
Հայացքս կտրեմ աշխարհայինի
Մութ ու անհույսից,
Մեր ցանքսի դիմաց
Նույն չափով առատ
Որոմի հունձքից
Ու… երկնին հառվեմ…
Այս տոն-գիշերվա ժամերը լի են
Հրավառությամբ կաթող աստղերի,
Ցնորաշղարշ հմայքով անհաս
Կապույտ ափերի,
Ուր դեռ մեր ձեռքը,
Գոհություն Աստծուն,
Չի հասել կարգին…

Շողշողուն ակն է
Լուսինը երկնի հենց մատնեմատին,
Ու հարսնաքողի փոթեր
Ծիր կաթնի լույսը ցանուցիր…

***
Այսօր մի քիչ միտքս ծուռ է.
Ողջը թողնեմ՝ գնամ հեռու,
Հին կանչերին սիրտս լուռ է –
Ինչ-որ մի տաք բան է ուզում:
Օրս հաստատ չեն հուզելու
Ո՛չ թունդ գինին, ո՛չ բարկ գիրկը,
Բայց թե ի՞նչ է մտքիս մտքին –
Ո՛չ ես գիտեմ, ո՛չ էլ ինքը…
Այսօր մի քիչ միտքս ծուռ է,
Բայց չգիտեմ՝ ի՞նչ է ուզում.
Ձեր կանչերին սիրտս լուռ է.
Ողջը թողնեմ ու գնամ… ո՞ւր…

***
Օրն անդադար՝
Մելամաղձիկ ու կապտաշիթ
Անձրևում է…
Ամեն թռչուն մտել բույնը.
Ես էլ ահա-
Չորս պատերի մռայլ բանտում
Փակված բու եմ…
Օրը այսօր
Այնքան թափառ ու անտուն է…
Ու բոլորս ասես ինչ-որ
Կարևոր բան հասկանում ենք,
Ու բոլորիս հոգու մեջ նույն
Ունայնությունն ու թափուրն է
Եվ նույն թախծոտ
Մելամաղձիկ անձրևումը…

***
Որտեղի՞ց եկան՝ մարդուրաց այսքան,
Նզովքի թիրախ ու
Գավ կորստյան.
Ո՛չ տարտարոսը դուրս
ժայթքեց նրանց,
Ո՛չ փորձարկվեցին փակ դռան ետև՝
Գենետիկ շեղմամբ…
Մանուկներ էին՝ մայրածնության
Սուրբ ծեսով բացած աչուկներ մաքուր,
Պատանիներ՝ ջինջ,
կապույտ երազներ
Հևքով փայփայող աշխարհից թաքուն,
Մարդ էին, ի վերջո,
Աստծո շնչից շունչ ու հոգուց հոգու
Իրենց բաժինը Արարչապատկեր
Պարգև ստացած…
Եվ ո՞ւմն էր մեղքը՝ աթոռների՞նը –
Մոգական փայտի զորությամբ ասես՝
Իրենց դիպչողին փոխող մինչ ի վերջ
Ու ջնջող հինը,
Փողկապների՞նը՝
Որպես ստրուկի թոկ-խարան պրկած
Գլխների հիմը…
Ոսկու փա՞յլը նենգ՝ նրանց աչքերում
Գցած մարդ-կոչման արժեքն ու գինը…
Մեր հասկանալու բանը չէ հաստատ,
Արդարացման էլ
պատճառ անկասկած
Չենք գտնի… չկա….
Ախր դժոխքի դուռը փակ էր դեռ.
Այսքան մարդակերպ դժոխածիններ
Որտեղի՞ց եկան…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում