USD
EUR
RUB

Խոնարհությունը փրկություն է

 

(Հոգևոր պայքարի մասին, մաս 3-րդ)

Հայր Նիկոն Աթոսացին նշում է, որ սատանան չի վախենում ոչ մեր մտքից, ոչ էլ մեր գիտելիքներից: Նա դրանցից ավելին ունի: Նա չի վախենում նույնիսկ մեր առաքինություններից: Նա դրանցից ավելին ունի: Նա միայն մի առաքինություն չունի, և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ի՞նչ առաքինություն է դա: Հայր Նիկոնը պատմում է՝ մի անգամ, ինչ-որ արդյունքի հասնելուն պես, հպարտորեն գնացի իմ ծերի մոտ: Նա, ինձ տեսնելով, անմիջապես հասկացավ, որ սայթաքել եմ և առանց իմ խոսքերին սպասելու՝ ասաց.

- Ինչո՞ւ ենք այդքան հպարտ, որդյա՛կ: Ի՞նչ գործերով ենք հպարտանում: Կարծում ես՝ պահք պահելով քի՞չ ենք ուտում: Սատանան մեզանից ավելի շատ է պահք պահում. երբեք չի ուտում: Որ գիշերները չենք քնում կամ քի՞չ ենք քնում: Սատանան ավելի շատ արթուն է, քան մենք. երբեք չի քնում: Այն, որ ժուժկա՞լ ենք, որ կուսությունը պահո՞ւմ ենք: Սատանան մեզանից ավելի կույս է. եթե նույնիսկ ուզենա պոռնկություն անել, չի կարող, նա մարմին չունի:

Ականջներիս չէի հավատում: Ինչ առաքինություն էլ ունենանք, սատանան նույնպես տիրապետում է դրանց: Անկախ նրանից, թե ինչ առաքինություններ ենք ձեռք բերում, երբեք չենք ունենա այն առաքինությունները, որ սատանան ունեցել է, երբ հրեշտակապետ է եղել: Եվ դրանք բոլորը կորցել է: Ինչո՞ւ, քանի որ մեկ առաքինություն էր պակասում նրան: Մենք պետք է ձգտենք ձեռք բերել այդ առաքինությունը, որպեսզի փրկվենք: Սատանան մեզ հաղթում է ոչ միայն մեղքերի միջոցով: Նա մեզ ավելի շատ հաղթում է առաքինությունների, քան մեղքերի միջոցով: Մեղքերը տեսնում ենք, կարող ենք խուսափել դրանցից, իսկ առաքինությունների համար պայքարում ենք, որպեսզի ձեռք բերենք:

Սի սուրբ ասում է. «Ուզո՞ւմ ես պահք պահել, սատանան քեզ օգնում է: Ուզո՞ւմ ես ողորմություն տալ, սատանան քեզ օգնում է: Եկեղեցինե՞ր ես կառուցում, սատանան քեզ օգնում է, ինչո՞ւ, որովհետև գիտի, որ եթե այդ ամենին հասնենք, ապա կարող ենք հպարտանալ և ամեն ինչ կործանել»:

Սբ. Անտոն Մեծն իր խրատներում զգուշացնում է. «Նա շատերին առհասարակ չի թողնում առաքինության հասնել, իսկ ուրիշների էլ գործերի մեջ է խառնվում և ոչնչացնում նրանց պտուղները՝ սովորեցնելով բարեգործություններ և գթասրտության գործեր անել՝ դրանց սնափառություն խառնելով: Մարդիկ այդպիսիների մասին մտածում են, թե պտուղներով հարուստ են, մինչդեռ ոչ մի պտուղ չունեն: Ուրեմն աշխատենք նույնիսկ մինչև մահ հակառակ կանգնել սնափառությանը, կոտրել դրա չարագույն ճյուղերը, որպեսզի կործանման դուռը չհասնենք: Փախի՛ր սնափառությունից, որովհետև շատերը կործանվեցին դրանից: Այն մարդուն դրդում է բազում ջանքերի՝ պահքերի, աղոթքների, շատ անգամ գիշերային հսկումների, մարդկանց առջև տրվող ողորմության և նման բազում բաների, բայց այս ամենով նա ուրիշ ոչնչի չի հասնում՝ անպատվությունից և անարգանքից բացի: Չջանաք ցույց տալ, թե ոմն մեկն ենք, կամ մի առանձին մեծ բան ենք, որպեսզի դրա պատճառով չկործանվենք և չմոլորվենք սնափառության բազմաթիվ ճյուղերի մեջ, որովհետև սնափառության դևերը չափազանց շատ են»: Հետևաբար, մենք պետք է ձեռք բերենք այն առաքինությունը, որը սատանան չունի: Խոնա՛րհ լինել: Քրիստոս հենց այդպես արեց: Ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (Փիլիպ. 2.7-8): Մենք պետք է խոնարհ լինենք, սովորենք խոնարհ հոգի ունենալ: Պետք է խոնարհամտություն ձեռք բերենք, այլ ոչ թե պարզապես խոնարհ խոսենք: Խոնարհ հոգի, խոնարհ մտածողություն ունենալ, նշանակում է չհամարել, որ ուրիշները մեզանից ցածր են և մեզ շատ կարևոր չհամարել: Երբ տեսնում ենք, որ ինչ-որ լավ բան ունենք, ասենք. «Աստված տվեց ինձ»: Աստվածաշնորհ պարգևնե՞ր ունենք. «Աստված դրանք տվեց ինձ»: Ինչ-որ բա՞ն ենք անում. «Աստծո օգնությամբ»: Ամեն ինչ պետք է Աստծուն վերագրենք, քանի որ միայն Նրա շնորհիվ ենք ինչ-որ բանի հասնում: Այս կերպ կպահպանենք մեր խոնարհությունը և հպարտության մեջ չենք ընկնի:

Ինչ էլ որ անենք, պիտի խոնարհ հոգի ունենանք: Հատկապես գործնականում խոնարհ պիտի լինենք, երբ անհրաժեշտ է: Օրինակ՝ երբ տեսնում ենք, որ լարված իրավիճակ է ստեղծվում, ինչ-որ մեկի հետ վիճելու ենք: Եկեք զիջենք նրան: Եթե լուրջ բան չկա՝ զիջի՛ր, թող մյուսը ճիշտ լինի: Ուշադի՛ր եղիր ուրիշի հոգու հանդեպ: Բայց նրան մի՛ զիջիր սատանային. այստեղ ուշադրություն է պետք: Մի բան է, եթե խոնարհ ես, իսկ մեկ այլ, եթե վախկոտ ես ու չես պայքարում: Խոնարհ լինելը մի բան է, իսկ խղճուկ լինելը՝ մեկ այլ բան: Երբ տեսնում ես, որ զիջում ես ու զիջում, իսկ մյուսը դա օգտագործում է և նստում պարանոցիդ, ապա ոտքի՛ կանգնիր և նրան իր տե՛ղը դիր: Սա չի նշանակում, որ խոնարհ չես: Բայց մեր զիջողականությունը կարող է մեկ ուրիշի մեղք գործելու պատճառ դառնալ: Կան դեպքեր, երբ մենք զիջում ենք և խոնարհ ենք ուրիշի հանդեպ սիրո պատճառով, բայց դեպքեր կան, երբ պետք է մեր տեղում ամուր կանգնենք և դիմացինին իր տեղը դնենք: Բայց նույնիսկ դրանից հետո խոնարհ ենք մնում: Այստեղ պետք է ուշադիր լինել: Քրիստոս ինքն է մեզ օրինակ տալիս: Նա մեզ սովորեցրեց ոչ միայն խոսքերով, այլև՝ Իր կյանքով: Երբ Նա ձերբակալվեց, ծեծի ենթարկվեց, խոշտանգվեց, նախքան խաչվելը մի զինվոր եկավ և հարվածեց Նրան: Նա թույլ տվե՞ց, որ երկրորդ անգամ էլ հարվածի: Ո՛չ: Ինչո՞ւ, ի վերջո, Ինքն էր ասել, որ եթե մեկ այտիդ հարվածեն, մյուսն էլ դարձրու: Այնուամենայնիվ, Նա թույլ չտվեց, որպեսզի զինվորը մեկ անգամ էլ հարվածի՝ ասելով. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում» (Հովհ. 18:23): Նա դրանով ի՞նչ էր ուզում մեզ ցույց տալ: Հենց այն, ինչի մասին խոսում ենք: Կարո՞ղ էր դեմքին ապտակ ընդունել, եթե ընդունեց Խաչը: Արդյո՞ք ավելի մեծ ցավ կզգար ապտակից: Նա ընդունեց մեխերը, գեղարդը, այնպիսի մարտիրոսական մահ ունեցավ, որ մեզ հենց դա ցույց տա՝ մի բան է խոնարհ լինել, մեկ այլ՝ վախկոտ: Եկեք այս ամենը նկատի ունենանք: Լինենք խոնարհ, բայց միևնույն ժամանակ՝ խիզախ: Նորից վերադառնանք մտքերի ուժին: Մի՛ մոռացեք, թե ինչ է պատահել սատանային: Եսայի մարգարեն ասաց, որ սատանան այդպիսին է դարձել իր մտքերի պատճառով: Նա մտածեց, թե կբարձրանա ամպերի բարձունքներին, կլինի Բարձրյալի նման (Ես. 14.13-14): Հրեշտակը սատանա դարձավ իր մտքի պատճառով: Ի՜նչ ուժ ունեն մտքերը...

Այն մենաստանի դիմաց, որտեղ ապրում եմ, բարձր գագաթին կարելի է մի խուց տեսնել, որում նախկինում մի խոստովանահայր էր ապրում: Ես ձեզ շատ տպավորիչ մի բան կպատմեմ, որը տեղի է ունեցել այդ խցում: Խոստովանահոր անունը Սավվա էր: Նրա բազմաթիվ խոստովանազավակներից մեկը Ռումինիայից մի սարկավագ էր: Այդ սարկավագը դեռ երիտասարդ էր, երբ ժամանեց Սուրբ լեռ: Նա ապրում էր լռության մեջ, անապատում՝ Սուրբ Աննայի վանքի մոտակայքում (սա բավականին վաղուց էր):

- Հա՛յր,- մի անգամ տխրությամբ ասաց սարկավագը, - վաղը՝ Սբ. Պատարագին, մի՛ մոռացեք հիշել ծերացած մորս, որն արդեն երեք օր է, ինչ մահացել է:

Հայր Սավվան, առանց իր անհանգստությունը ցույց տալու, հարցրեց.

- Ասա՛, որդի՛ս, արդեն երեք օր է, ինչ մայրդ մահացե՞լ է, այսինքն՝ նա մահացավ երեկ չէ առաջին օ՞րը: Ռումինիայո՞ւմ մահացավ: Ինչպե՞ս իմացար նրա մահվան մասին այս երկու օրվա ընթացքում:

Լռություն տիրեց, քանի որ այդտեղ հեռախոս չկա: Մեր մենաստանում էլեկտրականություն և հեռախոս չունենք:

- Ես ինչպե՞ս իմացա,- սարկավագը սկսեց երկչոտությամբ խոսել, - դե, նրանք ինձ ասացին...

- Ո՞վ ասաց:

- Իմ պահապան հրեշտակը:

- Քո պահապան հրեշտա՞կը: Դու տեսա՞ր քո հրեշտակին:

- Արժանի եղա՝ նրան տեսնելու: Եվ ոչ միայն մեկ անգամ: Արդեն երկու տարի է, որ նա հայտնվում է ինձ և մասնակցում իմ աղոթքներին: Միասին կարդում ենք Սուրբ Աստվածածնին նվիրված աղոթքները, ծնրադրություն ենք կատարում և հոգևոր զրույցներ վարում:

Երբ սարկավագն ասաց. «Արդեն երկու տարի է», այդ բառերը շատ տխրեցրին հայր Սավվային.

- Իսկ այդքան ժամանակ ինչո՞ւ ինձ ոչինչ չասացիր, որդի՛ս:

- Հրեշտակն ասաց, որ անհրաժեշտ չէ:

- Որդի՛ս, վստա՞հ ես, որ նա, ով քեզ հայտնվում է, Աստծո հրեշտակն է: Վստա՞հ ես:

- Բացարձակապես վստահ եմ, Հա՛յր: Մենք միասին աղոթում ենք, ամեն օր հազարավոր ծնրադրություն ենք կատարում, ապագա կյանքի մասին ենք խոսում՝ դրախտի մասին: Նա իմ պահապան հրեշտակն է:

Սարկավագը անսասան էր թվում իր վստահության մեջ: Միայն փորձառու հոգևոր հոր հանդեպ վստահությունը նրան անկեղծացրեց: Դևն ինչպե՞ս կարող է որևէ մեկին ամրացնել աղոթքի մեջ: Չէ՞ որ նա պատերազմ է մղում աղոթողների դեմ: Ի վերջո, նրանք համաձայնեցին ստուգել այդ պահապան հրեշտակին:

- Հենց ժամանի, նրան խնդրիր ասել՝ Սբ. Կույս Աստվածածին, - ասաց հայր Սավվան, - և թող խաչակնքվի:

Այնուամենայնիվ, ամեն բան այնքան էլ հստակ չէր: Երբ սատանան քեզ երկու տարի պատրանքի մեջ է պահում, աչքերդ և ականջներդ մոլորեցնում է, ապա պատկերացնում ես, թե լսում ես «Սբ. Կույս Աստվածածին»-ը և մտածում ես, թե տեսնում ես՝ նա ինչպես է խաչակնքվում:

Հաջորդ այցի ժամանակ սարկավագը գոհունակությամբ ասաց իր հոգևոր հորը.

- Հա՛յր, ամեն ինչ այնպես է, ինչպես ասել եմ քեզ: Սա Աստծո հրեշտակն է, իմ պահապան հրեշտակը: Ե՛վ «Սբ. Կույս Աստվածածին»-ն ասաց, և՛ խաչակնքվեց:

Ի դեպ, չնշեցի, որ սրբերն ու հրեշտակները գիտեն, թե ինչ ենք մտածում: Բայց սատանան այն հատկությունները չունի, որ կարծում ենք, թե ունի: Եկեք նրան չվերագրենք այն հատկությունները, որ նա չունի: Նա սարսափելի թերություններ, սարսափելի մինուսներ ունի: Դրանցից մեկն այն է, որ նա չգիտի, թե ինչի մասին ենք մտածում: Հիմա այլ թերությունների մասին չենք խոսի: Հրեշտակները գիտեն, թե ինչ ենք մտածում: Սրբերը՝ և ոչ միայն երկնքում գտնվողները, այլև մեր մեջ եղողները, այն պահին, երբ մեզ տեսնում են, արդեն գիտեն, թե ինչի մասին ենք մտածում: Սատանան դա չգիտի: Սատանան պարզապես է իր մտքերն է ուղարկում մեզ: Նա չգիտի, թե մենք դրանք ընդունե՞լ ենք: Եթե տեսնում է, որ մեր ծրագիրը փոխում ենք, ապա հասկանում է, որ ընդունել ենք: Նա չգիտի, թե ինչ ենք մտածում: Սա նրա ամենամեծ թերություններից մեկն է: Մյուսների մասին եկեք ուրիշ անգամ խոսենք:

Հայր Սավվան սարկավագին ասաց.

- Ահա, թե ինչ կանենք: Հիմա ես մի բանի մասին կմտածեմ և բարձրաձայն ոչինչ չեմ ասի, իմ մտքերը կմնան ինձ հետ: Երեկոյան հրեշտակին խնդրիր քեզ ասել, թե ինչ էի մտածում: Եթե նա ասի, ապա, անկասկած, Աստծո հրեշտակն է, և այնժամ արի ու հաղորդիր ինձ:

Սարկավագը վերադարձավ իր խուցը: Նա մի տեսակ անհանգիստ էր, ինչ-որ տհաճ կանխազգացողություն ուներ: Միևնույն ժամանակ, հիանում էր իր հոգևոր հոր առաջարկած լավ գաղափարով: Հենց հրեշտակը գիշերը հայտնվեց, սարկավագը նրան խնդրեց լուծել խնդիրը: Աննկատ շփոթությունն արտացոլվեց հրեշտակի պայծառ դեմքին: Ակնհայտ էր, որ նա շփոթված էր:

- Բայց ինչո՞ւ ես, վե՛հ մարդ, հետաքրքրված ինչ-որ քահանայի մտքերով: Արդյո՞ք ավելի լավ չէ, եթե ես այս երեկո ցույց տամ դժոխքը, դրախտը, Սբ. Տիրամոր փառքը:

Սարկավագը, որն արդեն որոշակի կասկածներ ուներ, շարունակեց պնդել.

- Ես հնազանդություն եմ ցուցաբերում իմ հոգևոր հորը: Ասա՛ ինձ, ի՞նչ էր նա մտածում:

Հրեշտակը նորից փորձեց շեղել խոսակցությունը:

Սակայն սարկավագը շարունակում էր պնդել: Հրեշտակի այդ արհեստական հնարքները լավ տպավորություն չթողեցին նրա վրա:

- Ասա՛ ինձ, թե ինչ էր մտածում իմ հոգևոր հայրը: Հարցը հեշտ է: Ինչո՞ւ չես պատասխանում: Մի՞թե չգիտես:

- Զգուշացի՛ր սարկավագ, քո պահվածքով հնարավոր է կորցնես իմ բարեհաճությունը:

- Ես քեզ մի պարզ բան եմ խնդրում: Ի վերջո, գիտե՞ս, թե ինչ էր մտածում իմ հոգևոր հայրը, թե՞ ոչ:

Այդ պահին լուսավոր դիմակն ընկավ: Սարկավագի առջև հայտնվեց մի սարսափելի պատկեր, որի գազանային շուրթերից հնչում էր.

- Դու կմեռնես, ոչնչությո՛ւն: Վաղը այս ժամին մենք քեզ այրելու ենք դժոխքում: Վաղը այս ժամին:

Եվ սարկավագը մենակ մնաց: Իրեն թևաթափ էր զգում: Այդ երկու տարվա տեսիլքների ողջ քաղցրությունը չէր կարելի համեմատել այն սարսափելի դառնության հետ, որն այժմ զգում էր: Եթե նրան հեռվից չաջակցեին իր հոգևոր հոր աղոթքները, որը չէր քնել և աղոթում էր նրա համար, ապա նա կարող էր մահանալ: Շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանա ուշքի գալ և ոտքի կանգնել: Նա այլևս չէր կարող իր խցում մնալ: Ոչ մի տեղ իրեն ապահով չէր զգում, բացի իր հոգևոր հոր մոտից: Ողջ ճանապարհին նրա ականջին սպառնալիքն էր հնչում. «Վաղն այս ժամին»: Սարսափը համակել էր նրա միտքը: Մի կերպ հասնելով «Հարության» խուցը՝ կառչեց իր հոգևոր հոր զգեստից և վայրկյան անգամ չէր ուզում այն բաց թողնել:

- Մի՛ վախեցիր, որդյա՛կս, հանգստացի՛ր, - ասաց ծերը:

- Ինչպե՞ս չվախենամ, երբ ժամանակը մոտենում է: Մոտենում է ժամանակը, երբ նրանք ինձ կբռնեն: Ի՛մ Քրիստոս, փրկի՛ր ինձ:

Իսկապես, նշված ժամին խորամանկ ոգիները կատաղությամբ հարձակվեցին նրա վրա:

Նա սարսափած և անհուսությամբ բղավեց.

- Փրկի՛ր ինձ, Հա՛յր, մեռնում եմ: Տանում են ինձ: Փրկի՛ր:

Հայր Սավվան ծնկի եկավ և ցավով ու արցունքներով սկսեց աղոթել Տիրոջը, որպեսզի Տերը խղճա իր ծառային և հալածի չար ոգիներին: Նրա աղոթքները լսելի եղան: Տանջահար սարկավագը փրկվեց առյուծի երախից: Ժամանակի ընթացքում, Հայր Սավվայի խնամքի ներքո, սարկավագը հանդարտվեց: Նրա հոգևոր կյանքը բարենպաստ էր. հետագայում նա քահանա ձեռնադրվեց և միշտ առանձնանում էր իր բարեպաշտությամբ: Եվ այնուամենայնիվ, այն տարիները, որոնց ընթացքում նա պատրանքի մեջ էր հայտնվել, տհաճ հետք թողեցին: Սատանան նրա հանդեպ իրավունքներ էր ձեռք բերել: Արդյո՞ք նա այդպիսի քաղցր տեսիլքներ և պատկերներ կտար նրան իզուր: Ուստի, իր հետագա կյանքի ընթացքում սարկավագը նյարդային փորձությունների ենթարկվեց: Փորձառու հոգևոր հայրերը չար ոգու հետ նրա երկամյա համագործակցության հետքերն էին տեսնում դրա մեջ: Աստված մեզ ամեն ինչ տվել է մեր փրկության համար: Սատանան այսօր իր տրամադրության տակ այնքան զենք ունի, որքան երբեք չի ունեցել: Բայց և առաջին անգամն է, որ քրիստոնյաները պաշտպանության համար այնքան զենք ունեն, որքան երբևէ չեն ունեցել: Նախկինում քրիստոնյան իր ձեռքի տակ երբեք քրիստոնեական ռադիոկայաններ չուներ: Քրիստոնեական և հոգևոր կյանքի վերաբերյալ երբևէ այդքան գրքեր չեն բաժանվել, որոնք օգտակար են առօրյա կյանքում: Մենք երբեք չենք զինվել այդքան շատ բաներով: Նախկինում այնքան ձայներիզներ չկային, որպեսզի մարդը կարողանար ինչ-որ հոգևոր բան լսել, խորհուրդներ ստանալ: Սատանան զինել է իր կողմնակիցներին, բայց Աստված էլ Իր կողմնակիցներին է զինել: Մենք ամեն ինչ ունենք փրկվելու համար: Եվ ամենակարևորը՝ Եկեղեցու Սբ. Խորհուրդներն ունենք: Մի՛ բաժանվեք ձեր ծխական համայնքից: Մի՛ հեռացեք քահանայից: Այդ ամենով, ինչ ունենք, արդարացում չունենք, եթե դժոխք գնանք: Միայն մեր ծուլությունը մեզ դժոխք կտանի, և ուրիշ ոչինչ: Մի հոգևոր հայր ասում է, որ այն ամենով, ինչ ունենք, ավելի հեշտ է դրախտ գնալ, քան դժոխք: Դժոխք գնալու համար պետք է ավելի շատ աշխատել, դրախտ գնալն ավելի հեշտ է: Ամեն ինչ կախված է մեր մտքից: Սատանան այնքան ուժ ունի, որքան մենք ենք նրան տալիս: Ինչո՞ւ ոմանց հետ նա կարող է անել ինչ ուզում է, իսկ մյուսների հետ ոչ: Ինչո՞ւ գիտելիք ունեցող այնպիսի մարդիկ, որոնցից մեկի մասին արդեն նշել եմ, կարող են այնպիսի անհեթեթություններ ասել, որ ամբողջ աշխարհը ծիծաղի նրանց վրա, սակայն իրենք չհասկանան և ասեն. «Ուզում ենք եկեղեցիներ հիմնել, տիեզերական ժողովներ ենք ուզում»: Եվ բոլորը ծիծաղում են, իսկ նրանք չեն հասկանում: Սուրբ Աթոս լեռան ծերերից մեկն ասում է. «Առաքյալները հավաքվեցին վերնատանը և Սուրբ Հոգին ստացան: Սուրբ Գրքում ասվում է, որ Քրիստոսի Համբարձումից հետո առաքյալները հավաքվել են մի սենյակում: Այդ սենյակը տան ամենաբարձր կետն էր: Այն հոգևոր սենյակում, որը կոչվում է միտք (միտքը գտնվում է մարմնի բարձրագույն մասում), մենք առաքյալների նման ընդունում ենք Սուրբ Հոգու շնորհը, որոնք, հավաքվելով տան ամենաբարձր մասում՝ ստացան Սուրբ Հոգին»:

Կյանքն ու մահը, դրախտն ու դժոխքը կախված են մտքից, սա՛ է մեր շարժման մեկնարկային կետը դեպի վեր կամ վար: Եկե՛ք մեր միտքը սուրբ արհեստանոց դարձնենք: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8): Եվ մենք սաղմոսերգուի հետ միասին ասենք. «Ինձ փրկության ցնծություն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ» (Սաղմ. 50.14):

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan