Գրողների միության հոբելյանի կապակցությամբ ցուցահանդես և պոեզիայի ցերեկույթ կազմակերպվեց

Գրողների միության հոբելյանի կապակցությամբ ցուցահանդես և պոեզիայի ցերեկույթ կազմակերպվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ նոյեմբերի 29-ին միությունում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են դասական և ժամանակակից գրողների անհատական, խմբակային լուսանկարներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ 85 տարվա ընթացքում միության անդամները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, եղել տարբեր վայրերում ու անմահացրել են իրենց հիշողությունները խմբակային լուսանկարներով նաև, որոնք ներկայացված են ցուցահանդեսում:

Խոսելով գրողների միության կարևոր դերի մասին` Միլիտոնյանն ասաց, որ այն բազմաթիվ գործառույթներ է իրականացնում: «Մենք «Գրական թերթ»-ի միջոցով բացահայտում ենք շնորհալիներին, իսկ «Գրեթերթ»-ի միջոցով հարթակ է տրամադրվում երիտասարդ ստեղծագործողներին: Իրականացվում են հանդիպումներ, քննարկումներ, գրողների հետ զրույցներ: Մեզ մոտ գործում է «Ցոլքեր» խումբը, որտեղ երիտասարդ գրողների հետ աշխատում են ավագները»,-շեշտեց միության նախագահը:

Նա նշանակալի համարեց թարգմանական գրականության զարգացումը, միջազգային հարթակներում հանդես գալու, տարբեր կազմակերպությունների, այլ երկրների գրողների միությունների հետ աշխատանքը, ընթերցողների հետ հանդիպումները:

«Մեզ համար առաջնահերթ է գրական մթնոլորտի պահպանումը, և պետք է շեշտեմ, որ յուրաքանչյուր գրող իր ստեղծագործական աշխարհով, ներկայությամբ ուրույն երևույթ է»,-եզրափակեց նա:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ներկաները մասնակցեցին պոեզիայի ցերեկույթին, որտեղ ներկայացվեցին հետաքրքիր և բազմաբովանդակ բանաստեղծություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում