USD
EUR
RUB

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

 

Նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված բանաստեղծուհի, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի և «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը:

«Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում այս գիտաժողովի մասնակիցներիդ, որ համախմբվել եք երախտիքի տուրք մատուցելու մեծանուն գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին՝ մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակին, նրա ծննդյան 100-ամյակի առիթով:

Հոգելույս Սիլվա Կապուտիկյանը մեր նոր գրականության մեջ կարևոր ավանդ ու ժառանգություն է թողել, որին մեր ժողովուրդը լավ ծանոթ է ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում: Ստեղծագործական առաջին քայլերից ի վեր նա արժանիորեն զգաց և վայելեց մեր ժողովրդի սերն ու գնահատանքը, քանզի իր աստվածատուր տաղանդը, բեղուն գրիչը ողջ նվիրումով ծառայեցրեց հարազատ ժողովրդին, նրա իղձերի արտահայտմանը, նրա իդեալներին ու արդար դատին: Նրա ստեղծագործությունը՝ արձակ, թե բանաստեղծություն, շնորհալի խոսքով գովքն է հայրենիքի, վերհուշը մեր պատմության, նրա սլացքների ու վշտերի և ապագայի հանդեպ լուսավոր հավատի: Արդարև, նրա ստեղծագործությունը պահապան զինվորի պես հսկում է հազարագանձ մեր լեզվի մաքրությանը, մեր ժողովրդի զավակաց սրտերում հայրենյաց սիրուն, որպեսզի ազգս հայոց միավորված լինի իր սրբազան, աստվծպարգև հայրենիքով և միշտ հարազատ իր ինքնությանը՝ կերտի իր կյանքը:

Հայրենակենտրոն ուղղվածության հետ բարձր արժեք ունեն տաղանդաշատ բանաստեղծուհու խոհական և քնարական ստեղծագործությունները, որոնք անձնական ապրումներից ու մտորումներից վերածվում են համամարդկային զգացումի: Այդ համընդհանուր ընդգրկումի շնորհիվ նրա գրական գործերը հարազատ են նաև այլազգի ընթերցողներին և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Իր բեղուն գրչով, իր գործունեությամբ, նաև շրջագայություններով հայկական գաղթօջախներ, Սիլվա Կապուտիկյանը նպաստեց աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությանը, հայրենիքի և սփյուռքի կապերի ամրապնդմանը: Նա առանց վարանելու մասնակցեց Արցախի ազատագրման շարժմանը՝ իր ելույթներով ու հրապարակախոսություններով ջանքեր բերելով մեր ժողովրդի զավակաց իրավունքների պաշտպանությանը: Նա իր ուժերը նվիրեց նաև մեր նորանկախ պետականության ամրապնդմանը և մեր ժողովրդի առջև լեռնացած դժվարությունների հաղթահարմանը:

Այսօր առանձնակի զգացումներով ենք հիշում նաև, թե որքան ջերմությամբ էր Սիլվա Կապուտիկյանը կապված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր Սուրբ Եկեղեցուն: Հիշում ենք գրական գործիչների ու մտավորականների հետ նրա այցերը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետին, ինչը խորապես արտահայտում էր մեր Եկեղեցու դարավոր առաքելության կարևորումը մեր ժողովրդի կյանքում: Քաղցրությամբ ենք հիշում նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծանուն բանաստեղծուհուն շնորհեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը՝ գնահատելով մեր լեզվի, մեր գրականության աննկուն ու նվիրյալ մշակի երախտիքն ու վաստակը:

Սիրելիներ, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը նշելով մեր ժողովուրդը արժևորում է նրա կյանքն ու ստեղծագործությունը, անդրադարձ կատարում իր պատմության որոշակի շրջանին, հաստատում այն արժեքները, որոնցով ուզում է ապրել ու դրանք փոխանցել սերնդե սերունդ: Մենք հավատում ենք, որ Սիլվա Կապուտիկյանի գործերը այսօր և ապագայում ներշնչման աղբյուր են լինելու մեր շատ զավակների համար, ապրեցնելով ստեղծագործելու ջիղը մեր կյանքում և վառ պահելով մեր ժողովրդի իղձերն ու տեսիլքները:

Մեր գնահատանքն ենք բերում այս գիտաժողովի կազմակերպիչներին և վերստին Մեր բարեմաղթանքներն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ:

Թող մեր ժողովրդի սրտում մշտավառ մնա Սիլվա Կապուտիկյանի և ազգիս մեծանուն զավակների հիշատակը՝ նրանց պատգամներով և օրինակով ապրելու առ Աստված հավատքով, առ հայրենին աննվազ սիրով, պայծառ գալիքի հույսերով: Եվ թող Ամենակարողն Աստված Իր Սուրբ Աջի և շնորհների ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և օրհնի ու զորակից լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ իրագործելու մեր ազգային նվիրական, դարավոր իղձերը:

Թող Փրկիչ մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը լինեն մեզ հետ և բոլորի՝ այսօր և միշտ. ամեն», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Ողջունի խոսքով հանդես եկավ նաև «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տ.գ.դ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Գիտաժողովին կներկայացվեն բանախոսություններ ու զեկույցներ անվանի բանաստեղծուհու կյանքի, գործունեության և ստեղծագործական վաստակի վերաբերյալ:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Հրանտ Մաթևոսյան․ Գոմեշը Ղևոնդ Ալիշան. Հրազդան Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին Մեր խիղճը կփրկի մեզ Դատաստան, հալածանքների պատճառը Պարույր Սևակ. Անտառի վեպը Սուրբ Բարսեղ Կեսարացի եպիսկոպոսապետի ճառը Սուրբ Երրորդության մասին «Մոսկվայի «Գարաժում» հայ ճարտարապետների կառուցած ամառային կինոթատրոնը շատ զիլ է ստացվել» Թանգարանը կարիք ունի այցելուների, մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ. Ա. Իսահակյանի անվան թանգարանի տնօրեն Ավետիք Իսահակյան․ Թե դեպի կյանքը, թե դեպի մարդիկ Մուշեղ Իշխան․ Տապանագիր ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը՝ ՏԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ՏԷՐՎԻՇԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ Ո՞րն է ձեր ընտրությունը Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը Ո՞ւմ կամ ինչի՞ վրա հույս դնել Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն
website by Sargssyan