Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների պատկերները

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների պատկերները

Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել:

Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ Աստվածամոր պատկերը աջով բռնած:

Ուշագրավ են Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևելյան ճակատում ներկայացված Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների պատկերները: Ճակատն ամբողջությամբ գրավում է քրիստոնեության տարածման առաքելական ավանդությունը:

Երկու առաքյալներն էլ պատկերված են ավանդական սրբերի հագուստներով, ոտաբոբիկ են, լուսապսակներով, ձեռքերը պարզել են դեպի կենտրոն, կարծես ցույց տալով իրենց միջև պատկերված անձանց: Նրանց շարժումներն արդեն տարակույս չեն թողնում, որ այդ ֆիգուրներն ամենասերտ կերպով առնչվում են ճակատի ամբողջ կոմպոզիցիայի հետ, կազմում հորինվածքի ոչ միայն անբաժանելի, այլև գլխավոր հանգույցները: Ըստ ավանդության՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները Վասպուրական են եկել, մկրտել Արծրունյաց տան առանձին անդամների և այնտեղ էլ նահատակվել: Պատահական չէ, որ այստեղ տեղ են գտել և՛ առաքյալները, և՛ Արծրունյաց տան փառապանծ նախնիները: Այդ մի հոյակապ «պաննո» է, որը գրավում է տաճարի արևելյան ճակատի ամբողջ տարածքը գլխավոր գոտու մակարդակով, և կենտրոնում բարձրանալով՝ համարյա թե հասնում որթագալարի գոտուն: Տաճարի երկու հակադիր ճակատների մշակման ընդհանրությունները խիստ ակնառու են և ակնհայտ: Արևելյան ճակատի կենտրոնում՝ մեծ մեդալիոնի մեջ, պատկերված է Արծրունյաց տոհմի նահապետը, իսկ ավելի ցած, գլխավոր գոտու սահմաններում՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հսկա ֆիգուրները և նույն գոտու մեջ՝ Արծրունյաց տան աշխարհիկ և հոգևոր դասի ներկայացուցիչները, որոնք առաջին քրիստոնյաները եղան հայոց երկրում: Այս ճակատում առաքյալները կոչված էին փառաբանելու Արծրունիների մեծագործությունները Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակ: Արևելյան ճակատում Արծրունիների կողմից քրիստոնեությունն ընդունելը Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների միջոցով, ներկայացնում է Արծրունիներին իբրև առաջին քրիստոնյա նախարարական տունը, խորհրդանշում նրանց պայքարը օտար նվաճողների դեմ, մեծարվում են Արծրունյաց նախարարական տան նախնիները՝ Հայաստանում քրիստոնեության տարածման գործում նախակարապետ լինելու համար: Արծրունյաց իշխանական տան անդամների առկայությունն այստեղ խորհրդանշում է Արծրունիների մեծ հավատն ու փրկության տենչը:

Այս սրբերի պատկերումն իր բնույթով եզակի տեղ է գրավում առհասարակ: Նրանք այստեղ ո՛չ այլաբանություններ են և ո՛չ էլ պահպանիչ խորհրդանշաններ: Այս միակ դեպքն է, որտեղ անմիջական կապ է ստեղծվում քրիստոնեական պաշտամունքի նշանավոր գործիչների և Արծրունիների միջև, հանգամանք, որը վերջին հաշվով կոչված էր փառաբանելու Արծրունիներին առհասարակ և իրական հողի վրա դնելու մի շարք այլաբանական հասկացողություններ, որոնք ներշնչված էին հանրահայտ աստվածաշնչային կերպարներով:

Հայաստանում քրիստոնեության ընդունման և տարածման պատմությունը ներկայացված է Օձունի կոթողների պատկերաշարում, պատկերաքանդակների շարքում տեղ են գրավում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները:

Ս. Թադեոս առաքյալի պատկերի հանդիպում ենք Կիլիկիայի Հեթում Բ թագավորի եռափեղկ պահարանի (1293թ., Էրմիտաժ) վրա, որտեղ առաքյալը ներկայացված է հասակով մեկ կանգնած:

Ազգային պատկերասրահի փոքրիկ կտավներից է «Թադեոս առաքյալ» կտավը: Առաքյալը պատկերված է կանգնած, ազգային դիմագծով ու հագուստով: Ամեն ինչ արված է անթերի՝ ճիշտ համաչափություններ, ծավալային տպավորություն, գունային նուրբ անցումներ:

Քրիստոնեական արվեստում հանդիպում ենք պատկերների, որտեղ առաքյալները պատկերված են նահատակության գործիքը՝ դանակը ձեռքին: Այդպիսին է Մատեո դի Ջիովաննիի «Բարդուղիմեոս առաքյալը» կտավը (մ. 1480, Գեղարվեստի թանգարան, Բուդապեշտ):

Մեծ Աղբակ գավառի Ադամակերտ քաղաքի մոտ գտնվող Ս. Բարդուղիմեոս եկեղեցու (IV դ.) արևելյան ճակատի բարավորի վրա ներկայացված է Հայաստանում քրիստոնեության առաջին տարածող Ս. Բարդուղիմեոս առաքյալը: Նա հեծյալ է, որը ձեռքի երկար տեգով սպանում է մանուկներ լափող վիշապին: Նույն դռան կամարների ներքին հարթության վրա փորագրված են բնական մեծությամբ ֆիգուրներ (կարծիք կա, թե դրանք եկեղեցին կառուցող վարպետներն են), որոնց ձեռքերին ինչ-որ գործիքներ են: Այդ խմբից ձախ՝ բուրվառներով երկու հոգևորականներ են: Հետաքրքրական է դրանց պատկերման եղանակը: Հարթության վրա նեղ երիզով փորված են մարմինների ուրվագծերը. մինչդեռ գլուխները տրված են քանդակային բարձրությամբ: Ակամայից մտաբերում ես քրիստոնեական գաղափարախոսության հիմնական դրույթներից մեկը՝ հոգևորի ու ներքին բովանդակության առաջնային լինելու մասին: Գլուխը, աչքերը հոգևորի արտահայտման գլխավոր միջոցն են, մարմինը՝ սոսկ զգայական, որը կարող է գտնվել երկրորդ պլանում:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում