USD
EUR
RUB

«Կոմիտասյան գոհարները ոչ ոք չի խլի, եթե ինքներս չկորցնենք դրանք»

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aravot.am: Օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի հետ մեր հանդիպման առիթը Youtube-ում նոյեմբերի կեսերին տեղադրված «Քարեղեն երաժշտություն» ֆիլմն էր, որը ներկայացնում էր երգչուհու արտասահմանյան ելույթներից մեկը՝ «համեմված» հայկական ճարտարապետական կոթողներով, այդ թվում՝ Գառնու տաճար, Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: Ֆիլմում կան պատկերասրահում նկարահանված կադրեր: Նկարներից ու քանդակներից ճանաչելի են Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքները: Տեսաֆիլմը սկսվում է երգչուհու հյութեղ մեցցո սոպրանոյով հնչող Կոմիտասով:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վարսենիկ Ավանյանը հայտնեց, որ ֆիլմի հեղինակը ռեժիսոր, օպերատոր Եվգենի Բենինն է, նկարահանումներն արված են հայ ճանաչված նկարչի ու քանդակագործի մոսկովյան Niko պատկերասրահում:

Երգչուհին վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս մենահամերգներով: Մասնագետներն ու հանդիսատեսը հատկապես տպավորված են նրա մեկնաբանմամբ ֆրանսիական եւ գերմանական ծրագրերով: Միայն այս տարի նա ունեցել է 7 մենահամերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150 եւ Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյաններին: Կամերային երեկոներից 4-ը կայացել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կլայպեդայում եւ Վիլնյուսում: Վերադարձից հետո էլ օրերս Վարսենիկ Ավանյանը նույն ծրագրով հանդես եկավ ՀԲԸՄ-ի դահլիճում:

Երգչուհին Ելենա Օբրազցովայի կենտրոնում Կարինա Պողոսբեկովայի հետ

Ներկայացնելով արտասահմանյան մենահամերգները, արվեստագետը նշեց, որ մերձբալթյան համերգներին աջակցել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպանությունը: «Մերձբալթյան համերգներին ինձ ուղեկցում էին անակնկալներ, ավելի ճիշտ՝ հպարտության առիթներ: Կլայպեդայում եւ Վիլնյուսում ինձ նվագակցող կոնցերտմայստերիցս՝ Նարա Ստեփանյանից, որը Երեւանից տեղափոխվելուց հետո գործունեություն է ծավալել Կլայպեդայի երաժշտական ակադեմիայում եւ երաժշտական թատրոնում, տեղեկացա, որ որդին՝ Արամ Մուրադյանը, նվաճել է ուշուի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Կլայպեդայի ֆրանցիսկյան եկեղեցում ունեցած երեկոյի ավարտին էլ հոգեւոր հայրը՝ եղբայր Բենեդիկտը, ներկայացրեց հայերենից իր թարգմանությամբ Նարեկացու «Մատյան որբերգության»-ը: Կոմիտասից ու Տերտերյանից բացի, ներկայացրի նաեւ Էդվարդ Աբրահամյանի ռոմանսներից եւ հոգեւոր երաժշտություն: Հանդիսատեսի, այդ թվում մասնագետների ջերմ ընդունելությունից արդեն որերորդ անգամ համոզվեցի, որ ես հզոր մշակույթ կրող ազգի ներկայացուցիչ եմ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե մերձբալթյան համերգներին մասնակցություն է ունեցել Վիլնյուսի օպերային թատրոնի մեներգիչ Ստեփոնաս Զոնիսը:

Ստեփոնաս Զոնիսի եւ Նառա Ստեփանյանի հետ

Սանկտպետերբուրգյան եւ մոսկովյան համերգների առիթով էլ նշեց, որ Երեւան վերադառնալուն պես իրեն զանգահարել է երաժշտագետ Օլեսիա Բոբրիկը եւ շուրջ 2 ժամ խոսել կոմիտասյան երաժշտության մասին, որակելով այն ոչ եվրոպական, ոչ էլ արեւելյան, այլ, մասնագետի խոսքերով՝ «էլեգանտ»: Երգչուհին ափսոսանքով փոխանցեց երաժշտագետի հետեւյալ միտքը՝ «շատ եմ շրջագայում, բայց հիմա մոտս մեծ զարմանք է, թե ինչու աշխարհում Կոմիտաս չի հնչում, կամ գուցե հնչում է, ես չեմ հանդիպել…»:

Անդրադառնալով Մոսկվայում նկարահանված ֆիլմին, մանրամասնեց, թե Niko պատկերասրահում կայացած համերգի առիթով աջակցություն է ստացել Նիկողայոս Նիկողոսյանի դուստր եւ արվեստագետի պատկերասրահի տնօրեն տիկին Գայանեից: Եվ Մոսկվայում, եւ Սանկտ Պետերբուրգում Ելենա Օբրազցովայի մշակույթի կենտրոնում կայացած մենահամերգներին իրեն նվագակցել է մեր հայրենակից, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Կարինա Պողոսբեկովան: Մեր զրուցակիցը հատուկ շնորհակալություն հայտնեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին, որը մինչ արտասահմանյան շրջագայությունը իրեն «զինել է» կոմիտասյան այնպիսի տեղեկություններով, որոնց, երգչուհու պնդմամբ՝ չենք հանդիպի Վարդապետին նվիրված որեւէ աշխատության մեջ: Ասաց նաեւ, թե կայացած 4 երեկոներից 3-ը վարել է ինքը, իսկ վիլնյուսյան մենահամերգը՝ Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Ինձ այսօր իսկապես տանջում է ռուսաստանցի երաժշտագետի զարմանքը, թե ինչու աշխարհում մինչ օրս ինքը կոմիտասյան երաժշտության չի հանդիպել: Գուցե անհրաժեշտ է էլ ավելի լծվել Կոմիտաս քարոզելուն: Պարզ է՝ կոմիտասյան գոհարները մեր ձեռքից ոչ ոք չի խլի, եթե ինքներս չկորցնենք դրանք… Ունեցել ենք, չէ՞, Տիգրան Մեծ, Ծովից ծով Հայաստան… Ո՞ւր է հիմա… Ախր Կոմիտասի վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն է, դրանց մարմնավորման կենսունակ ձեւերի հայտնաբերումը: Եվ նա հիմնվելով մեր երաժշտության խոր ու բազմակողմանի ուսումնասիրության վրա, առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարեւոր թեզը եւ իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունը, ընդ որում՝ կանխանշելով նրա հետագա զարգացման ուղիները»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Վիլյամ Սարոյան․ «Ամերիկացի մեծն ապուշը» Արտաշես Հարությունյան․ Առաջին սեր Մատթեոս Զարիֆյան․ Փիլիսոփա ժպիտս Էմինեմը ռեփի ընթերցման արագության ռեկորդ է սահմանել Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում Շուշանիկ Կուրղինյան, Ընկերներիս Րաֆֆի․ Իսրայելը Բաբելոնում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միևնույն կնոջը» Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ինչո՞ւ է Արմեն Ամիրյանը գրել «Գեներալի երազը» պիեսը «Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից Ի­տա­լիա­յի շուն­չը Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում «Երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը» Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը «Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը Թոփչյանը կրկին ղեկավարելու է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը Աստծո աչքը Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը
website by Sargssyan