USD
EUR
RUB

Վահագն Դավթյան․ Համո Սահյանին

 

Աշնանային մի օր, այցելեցի քեզ հետ
Լեռների մեջ կորած ծննդավայրը քո:

Մի փրփրած, ճերմակ, սանձակոտոր մի գետ
Մեզ ուղեկից եղավ ու բամբ սրտմտանքով
Առասպելներ պատմեց ամբողջ ճանապարհին:
Նա ալևոր բաշը զարկեց ժայռին, քարին,
Այդ ժայռերից, քեզ պես, ծիածաններ հանեց,
Քեզ պես անցած բոլոր ճամփաներին ցանեց,
Ցանեց թեթև, շռայլ, անանձնական...

Նայում էի անվերջ, չգիտեի սակայն,
Քարափնե՞ր են արդյոք, թե՞ ավերված բերդեր,
Որ Սյունիքի ըմբոստ որդիք էին կերտել
Ընդդեմ չարի, մահու և ոսոխի:

Լանջերն ի վեր բոցն էր աշնանային հողի,
Ու երկինքն այդ բոցի կապույտ լեզուն:

Այդ երկնքում ցոլաց բարդու կատարը սուր,
Ու երևաց հետո քարե խոնարհ մի գյուղ:

Գյուղի շուրթին ծուխ կար, թեթև ու նուրբ մի ծուխ,
Որ բարձրանում էր վեր ու կապույտով ներկում Կապույտները վերին:

...Ես նայեցի հանկարծ քո աչքերին:
Խոնավ էին նրանք, որդիաբար խոնարհ,
Խոնարհ էին այնպես, այնպես էին խոնավ,
Որ այդպիսի աչքեր չէի տեսել բնավ:

Մեր մեքենան հետո սահեց գյուղամիջով,
Վանքի մոտով անցանք, որ իր բերված խաչով
Համրացել էր վաղուց ու մոռացել վաղուց
Իր աղոթքը, խունկը, տոնը վարդավառի:

Աշնանային հարուստ իր ավարի
Հրակարմիր ոսկին ալիքներին խառնած,
Լորագետն էր փախչում գյուղամիջով:

Մանուկները գյուղի՝ զանգակաձայն ճիչով
Մեզ ուղեկից եղան, մինչ ամպի հետ փոշու
Մենք կանգ առանք մի հին տնակի դեմ:

Քարե անտաշ մի տուն, քարե մաշված մի սեմ
Ու թիռ-թրթռացող մի նաիրյան բարդի...
Ոչ ծաղիկներ բուրող ու ոչ թփեր վարդի,
Ինչպես գրել էիր դու երգերի մեջ քո...

Տունը հենվել ծառին իր կորացած մեջքով,
Մրմնջում էր ասես նաիրյան երգ մի հին...

Տան դռնակը բացեց ինքը՝ Սահակ դային
Եվ կանգ առավ մի պահ սեմի վրա... Եվ ի՞նչ,
Ուրախության կա՞յծ էր, թե՞ արտասուք էր ջինջ,
Որ մի վայրկյան միայն աչքերի մեջ շողաց,

Հետո հանգավ իսկույն, այնտեղ թաքուն թողած
Մի այրական գորով. -Եկա՞ր, որդի...
Ծառից կապված հորթը որոճալը թողեց,
Ու թախիծ կար ասես աչքերի մեջ հորթի...

Հետո՞... Հետո բակում մայեց մորթվող մի գառ,
Իրիկնային մուժում շողաց կրակ մի թեժ,
Բաժակներում շողաց հոնի վճիտ օղին:

Ես լուռ նայում էի իրիկնային գյուղին
Ու լեռներին դեմի, որ կատարներն իրենց
Ձորերն վեր ելնող մուժով էին փակում:

Քո հայացքը դանդաղ թափառում էր բակում
Եվ որոնում ասես կորած մի բան... Բայց ի՞նչ...

Թփերի տակ կորած մանկութ ծիծա՞ղ մի ջինջ,
Հուշի ոսկե փշու՞ր, թե՞ ստվերն այն ձեռքի,
Որ իլիկ է մանել մի օր այս հին բակում,
Սակայն ու՞ր է հիմա... Հարցում արա հողին...

Բաժակներում ցոլում հոնի վճիտ օղին
Ու սակայն չէր ցրում մեր լռությունն, ավաղ...

Բակի բարդիները խշշում էին խաղաղ
Եվ աստղերի տխուր աչքերի մեջ նայում:

Մորմոքում էր մթնում մի լալագին մայուն,
Երևի գառ մի խեղճ իր մորը չի գտել...

Ու ձգվում է, ձգվում հուշի բարակ մի թել,
Մի կածան է ձգվում ու տանում է ինձ... Ու՞ր...

Ախ, այնտեղ էլ, այնտեղ մի գետակ կար մաքուր,
Ու բարդիներ կային... Ես հազիվ եմ հիշում...

Ու ես գիտեմ հիմա, որ գետակն այդ խշշում
Եվ գնում էր, թափվում Եփրատի մեջ վարար:

Ու՞ր ես, ու՞ր ես, կորած ծննդավայր,
Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում...
Տեսնես, մեր հին բակում կապույտ եղրևանու
Թուփը բուրու՞մ է դեռ, թե կտրել են վաղուց:

Մեր թթենին արդյոք հովերի հետ խաղու՞մ
Ու խշշու՞մ է արդյոք, թե չորացել ցավից
Եվ չի մաղում հողին իր պտուղը բարի...

Ի՞նչ իմանաս... Չկա իմանալու հնար...

Ինչու՞ այնպես եղավ, որ աշխարհում
Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:

Բարդին օրորում է իր կատարը տրտում
Եվ չի պատասխանում, ախ, ի՞նչ պատասխանի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ չլիներ սահման,
Եվ չլիներ սյունը այն սահմանի,
Ու ելնեինք մի օր, նախ մտնեինք Անի,
Ծունկի գայինք քարե մասունքների առաջ,
Համբուրեինք Անին, Անին՝ քարե հառաչ,
Անին՝ քարե մորմոք, Անին՝ թախիծ քարե,
Ու լռեինք, ինչպես ինքն է լռում դարեր...

Սլանայինք հետո Կարսի ճանապարհով,
Ու նա՝ հազարամյա՝ ելներ դեմից,
Այնտեղ մի տուն կա հին՝ "շինված անտաշ քարով",
Որոնեինք տունն այդ, համրանայինք սեմին:
Ու փնտրեինք նրա որմերի մեջ քարե
Պատանությունն այն խենթ բանաստեղծի,
Որ ներբողեց մի օր Արփենիկ ու արև
Ու մորմոքը երգեց մեր նաիրյան թախծի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ հետո խենթ մի գետ՝
Մեր երակը, մայրը, Արածանին,
Մեզ ուղեկից լիներ. զրույց բանար մեզ հետ,
Եվ ունկնդիր նրա ահեղ ձայնին,
Սլանայինք Մշո դաշտի միջով մուժոտ,
Ու նա զարթներ կրկին իր վաղեմի հուշով:

Սափորները առած հարսներ գային ջրի,
Հոտաղները երգեր ոլորեին,
Հսկայական խոփերն արեգակի հրից
Օդում շառավիղներ օրորեին:
Հով ու զովեր գային կապույտ Ծովասարից,
Ու աղբյուրի մոտ պաղ՝ մենք նստեինք հացի,
Ջուրը անուշ երգեր, գազպան կաթեր ծառից,
Բարի՜ լիներ լույսը լուսաբացի...

Արածանին բաշն իր նորից զարկեց քարին,
Առասպելներ պատմեր ամբողջ ճանապարհին,
Թլոր Դավթից պատմեր, նավասարդյան տոնից,
Հուզումի մեջ իր խենթ ելներ քարե հունից
Ու մեզ տաներ, տաներ իր կիրճերով լազուր...

Դեմից ցոլար հանկարծ բարդու կատարը սուր,
Ու ելնեիր իմ դեմ, Ծննդավայր...
Բացվեր դուռը մեր տան ու դռան մեջ՝ շվար
Իմ Երմոնյա տատը կանգներ հանկարծ,
Աչքերի մեջ ցոլար արցունքի ջինջ մի կայծ,
Ու շշնջար նա մեղմ. - Եկա՞ր, որդի...

Մեր թթենին խշշար, եղրևանին բուրեր
Ու լույս լիներ բարի առավոտի...

...Ես խմում եմ օղիս, աստղերիս եմ նայում,
Ախ, ինձ ու՞ր ես տարել, երազանքի իմ թել...

Դեռ լսվում է մթնում մի լալգին մայուն՝
Երևի գառն այն խեղճ դեռ մորը չի գտել...

Լրահոս
Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը «Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը Թոփչյանը կրկին ղեկավարելու է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը Աստծո աչքը Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը
website by Sargssyan