Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը նվիրված ժողովածու

Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը նվիրված ժողովածու

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքում առաջին անգամ ներկայացվում է հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։ Ժողովածուն ներառում է հոդվածներ և նյութեր ինչպես հայտնի՝ ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ սակավ հետազոտված բազմաթիվ որմնանկարների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ներկայացրել են հայ միջնադարյան արվեստի մի ամբողջ ուղղություն, որն անմիջականորեն կապված է աստվածաբանությանը, ճարտարապետությանը և քանդակագործությանը: «Որմնանկարչությունն ուսումնասիրության կարիք ունի, և այն արվեստի ճյուղ է, որը վտանգված է ու ենթակա է ոչնչացման»,-նշեց նա:

Մատենադարանի փոխտնօրեն, գրքի կազմող և խմբագիր Կարեն Մաթևոսյանի խոսքով` գիրքը ներառում է հիմնականում եկեղեցական որմնանկարչությունը: «Ընդգրկվել է 19 հեղինակի հոդված: Այստեղ կարելի է ծանոթանալ որմնանկարչության բոլոր հիմնական ուղղություններին, այն վանքերին, որոնցում կան որմնանկարներ, որմնանկարների թե’ Արևելյան Հայաստանում, թե’ Արևմտյան Հայաստանում և գաղթավայրերում: Այս գրքով ցանկանում ենք կոտրել այն սխալ պատկերացումը, որ հայկական որմնանկարները փոքրաթիվ են, ուզում ենք նաև ցույց տալ, որ դրանք քիչ չեն և ունեն գեղարվեստական արժեք և յուրահատկություն»,-ընդգծեց Մաթևոսյանը:

Գիրքը հրատարակվել է «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում