USD
EUR
RUB

Վահագն Մուղնեցյան․ Աղոթք

 

Տեր, գոհացրու վերջին պահին
Իմ անունը հիշողներին,
Իմ անհանգիստ Հոգու հևքին
Հանգստություն մաղթողներին.

Նրանց, ովքեր
Իմ չգործած մեղքի համար
Ինձ ներեցին,
Ինձ,- անընտել վարքիս համար,-
Հերքեցին ու հերյուրեցին,

Գոհացրու, Տեր,
Սխալներս նորոգելով հրճվողներին,
Անկումներիս տագնապները
Ճաշակելով պղծողներին,

Իմ տան դրսում
Ինձնից երես թեքողներին,
Ինձ,- աղքատիկ կյանքիս համար,-
Բաց ու թաքուն լքողներին,

Իմ տան ներսում,- իրենց մտքում,-
Ինձ ամոթանք տվողներին`
Արևիս տակ անբանիբուն
Տաքանալով սառչողներին…

Տեր, գոհացրու վերջին պահին
Մահիս կյանքով հաղթողներին
Եվ այդ վերջի գրկում անգամ
Հոգուս ձեռքից կառչողներին:

* * *

Ճախրիկ մենավոր
Երբ գլխի ընկա`
Ով եմ իսկապես,-
Որ վերջալույսն ու առավոտը ճոխ
Իմ տան ստվերում չեմ տարբերակում,
Որ հոգուս ներսում որոնում եմ ինձ
Ու չեմ հստակվում,-
Մի քիչ զարմացա,
Մի քիչ տրտմեցի,
Ցավի հետ մեկտեղ`
Թոշնեցի մի քիչ…

Լավ է` գիտեի,
Թե ով եմ այնտեղ`
Իմ հոգու դրսում,
Միայն այնտեղ եմ ինքս ինձ տեսնում,
Զանազանում ու ամենքից զատում,
Գիտեի հստակ`
Ով է հանապազ
Իմ վարքը հսկում,
Իմ բախտի ծառի բարունակները,-
Կարեկցանքի ու խանդաղատանքի
Ողջագուրումով,- շտկում ճարահատ:

Ես ինձ չեմ խաբում.
Ներսում գայթում եմ,
Ներսում` խարխափում,
Օտար մեղքեր են
Իմ գլխին բարդում…
Դատարկվում եմ ես`
Պարպվում ցմրուր,
Եվ իմ հատակն եմ
Պարզորոշ տեսնում:

* * *
Գլխի եմ ընկնում, ահա, վերջապես,-
Դրսում ու ներսում նույն մարդը չեմ ես,-
Ներսում վհատ եմ` անկիրք ալևոր,
Դրսում` սիգաթև ճախրիկ մենավոր:

Ճողփյուններ

Ահա, հայացքս այնտեղ է արդեն`
Երկինքներից դուրս այն մի երկնքում,
Որտեղ ամեն օր` հետմիջօրեին,
Տեսնում եմ նրան` մեծ Հայեցողին,-
Իմ մոտենալով` հեռանում է Նա,-
Եվ ի զորու չէ հոգին իմ գունատ
Հետևել նրա գունավառքային
Փոփոխումներին:

Հայացքիս միջով սահում եմ վեր,-
Քշվում եմ լուռ և կամ տարուբերվում,
Ապա, ճախրեճախրիկ,
մեղեդային հևքով
Սավառնում եմ փութով
բարձունքները դեպի,
Որտեղ ծաղկազարդ է ծառը
անուրջներիս,
Որի սաղարթաճոխ
հրճվանքների ճոճքում
Թաքնվում են համբույրներն իմ
պատանության`
Բողբոջները, որ այդպես էլ ցածում փակ
մնացին:

Այնպե՜ս եմ ուզում մոտենալ Նրան,
Բայց իմ ընթացքն է դժվար –
ծանրանում,
Երբ հայտնվում եմ հոգևոր մահի
Որդեգիրների ապաստարանում:

Եվ կրկնվում է,
Ինչպես ամեն օր` հետմիջօրեին.
Աղջամուղջի մութ մատներն են ձգվում,-
Իմ սև ստվերն են իրենց հետ բերում,-
Որ պարփակեն իմ հայացքի հեռուն,
Եվ լուսե հոգու իմ երակներից
Կառչելով քաշեն - տանեն դեպի ցած`
Դեպի հովիտը մղձավանջասեր
անորոշության…

Հավաքելով անկարեկից թևերը իր`
Լռությունն է ամբողջանում որպես
դադար,
Որի խորքում խտանում է ու գոհանում
Ինքն իրենով խրախուսվող
մեծ մի անկում.
Վայրէջքելու սարսուռներից
Իմ հայացքն է նվաստանում,
Որ շփոթվել - խճճվել էր
Անուրջներիս սաղարթներում:

Դեղին շրշյուն
Անտեղյակ թող մնամ իմ ցավին
իրական,
Երազի հագուստով թող նինջս վայելեմ,
Եվ կյանքի դիցուհու տեսիլը թող շրշա,
Արթնանամ` լորենու բուրմունքը
համբուրեմ:

Դեղնել են, բարակել
շավիղներն իմ կյանքի`
Կհալվեն - կփարվեն ամայքին այս
աշնան,
Երբ վերջին մի ստվեր իմ դուռը կթակի`
Ինձ ուրախ կժպտա
սուրհանդակը մահվան:

Բարեգութ գտնվիր, սուրհանդակ,
այս անգամ,
Վերջին նինջս ապրեմ
պարտեզում երկրային,
Հետո մեծ գոհությամբ դեպի քեզ
կդառնամ`
Դեպի վե՜ր - կձուլվենք
Աստղակաթ հեքիաթին:

Երեք ուղեկից
Գաղտնիքն ապրում է հենց
այսօրվա մեջ,
Երբ որ Աշխարհի ստվերից անջատ,
Պոկված շքերթից աստղահանդեսի`
Ինձ է մոտենում մի բազմագունակ
Լուսե շառավիղ:

- Գտիր քո Գույնը,- ասում է հենց Նա,
Ով պետք է ասեր:

Զանգակատունն է արթնացել ծեգին,-
Տես, սթափվել է գմբեթն ալևոր,-
Եվ ղողանջները տաճարի ներսում
Բուրվառում են… Կյանք:

- Գտիր քո Ձայնը,- ասում է հենց Նա,
Ով պետք է ասեր:

Օ՜, ի՜նչ գույներ են շիկնում
Տաճարի ձեղունների տակ,
Օ՜, ի՜նչ աղերսներ ունեն ձայները
Օրհնաբանական, որ միահավան
Ողբում են… Հավատ:

- Գտիր Մեղեդին, որը ապրում է
Գունաձայնության ներդաշնության մեջ,-
Ասում է հենց Նա, Ով պետք է ասեր:

Որչա՜փ անուշ է հնչում մեղեդին`
Սուզվում կապտաշող երանգների մեջ,
Խաղում ձայնաթև ալյակների հետ,
Մեկ ոստնելով վեր, մեկ սահելով վար`
Աչքը` երկնալուր գմբեթին պայծառ,
Շրթին` լուսածոր - առինքնող բարբառ`
Որպես դյութանքը քանդող բանալի,
Բացում է դուռը պերճ հոգիների
Խաղաղապարգև  փափուկ աշխարհի
Եվ մեղեդախոս գոհունակությամբ
Ներբողում է… Մահ:

- Գտար վերջապես,- երևութանում`
Ասում է հենց Նա, Ով պետք է ասեր:

Ասում է հենց Նա, Ով ետ է սանրել
Վարագույրները ամպե շղարշի
Եվ նայում է ինձ հոգեաշխարհի
Բաց պատուհանից,
Ով իր Ընծան է ուղղորդում դեպ ինձ
Երկնային ծովի շնորհապարգև
Կապույտ հնձանից`
Երեք ուղեկից.
Կյանք, Հավատ և Մահ:

Փախուստ

Չգիտեմ, իսկապես, ում բախտը կբերի.
Ով ընտրեց մաքառման
դժվարին այս ուղի՞ն,
Թե՞ նրա, ով գնաց`
ինքն իրեն հանձնելով
Ապահով նոր մի կյանք
գտնելու հրճվանքին:

Ընթա՞ցք է, թե՞ փախուստ,
իրենք էլ չգիտեն,
Միայն թե հեռանան -
վերանան տագնապից,-
Խտացող տագնապից`
անորոշ ու վայրի,-
Դեպի դուրս,
դեպ հեռուն հայրենի եզերքից:

Եվ հոգ չէ, թե հեռվում ինչ դռներ կթակեն,
Ինչ գնով կծախեն թանկ
պատիվը իրենց.
Հեռանալ, ինչ գնով ուզում է թող լինի,
Մոռանալ`
փակուղում մնալով անհասցե:

Աղբյուր՝ Grakantert.am

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan