USD
EUR
RUB

Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում»

 

Ոսպնյակն աջ աչքին հպած ակնավաճառը տնտղում էր Միքայելի մատանին և քթի տակ դնդնում ոչ այն է՝ երգ, ոչ այն է՝ աղոթք: Երգ կոչվելու համար դնդնոցը մեղեդի պիտի ունենար, աղոթքի համար` բառեր, բայց ոչ մեղեդի էր հյուսվում, ոչ էլ բառեր էին հոդաբաշխվում: Ակնավաճառի փակված ձախ աչքի թարթիչները թրթռում էին` ինչպես իրար քսվող թիթեռի թևիկներ, երբեմն միայն հեռանում մեկ-մեկուց, կկոցվում, երբ ոսկու շուկայի ծղրիդային բվվոցն ընդհատվում էր վաճառասեղանների ապակուն զարկվող զարդերի զրնգոցից: Արարատի առասպելական միաչքանի օձի էր նման ակնավաճառը և նրա ոսպնյակը թվում էր որպես թանկագին քար, ուր որ է պիտի շպրտվեր երկինք ու շողշողար արեգակի նման:

- Ոսկին մերն է, - եզրակացրեց ակնավաճառը, - երևի` Զոդից: Ակը փիրուզ է: Երկու կողմերում էլ ձկան թեփուկներ են փորագրված: Սրա նմանը տեսել եմ թանգարանում… Հատուկ պահոցում:

- Մեծ տատուս մատանին է, - շտապեց տեղեկացնել Միքայելը, ուզեց ասել նաև, որ պառավին լողացնելիս ծոցից ծալծլված, խունացած մի ծրար էր ընկել ջուրը, սուզվել մինչև տաշտակի հատակը ու թեև թույլ, խուլ, սակայն ճիշտ այնպիսի զրնգոց էր արձակել, ինչպիսին հիմա արձակում են վաճառասեղանների ապակուն զարկվող զարդերը:

Տիկնիկի չափ տկլոր պառավին մոռացած մի քանի զույգ կանացի ձեռքեր սուզվել էին զրնգոցի ետևից և երկար ժամանակ չէին կարողանում դուրս հանել տաշտակի հատակին սոսնձված ծրարը: Պառավի դեմքին ժպիտ էր նկարվել: Ոտքերի խուտուտից նա զգում էր, որ կանացի այդ ձեռքերն ավելի շատ խանգարում էին մեկմեկու, քան տաշտակի հատակից փորձում պոկել զրնգոց արձակած ծրարը: Թե ինչու մատանին մատին չէր հագել, այլ գցել էր ծրարը ու ծոցը խցկել, այդպես էլ չհասկացան, թեև ծրարի մեջ պահվող թղթակտորը, որի վրա անվարժ ձեռքով տուն էր նկարված, տան ետևի պատի տակ կլորիկ մի փոս, փոսի վրա երկանքի քար, կարծես հուշում էր, թե ինչպես պետք է կարդալ եղելությունը: Փախեփախից առաջ, եղած-չեղած ոսկին այդ փոսն էին գցել, ծածկել հողով, երկանքի քարով, մտածելով, որ մի օր հետ են դառնալու ու երկանքի քարն է իրենց մատնացույց անելու, թե որտեղ փորեն: Իսկ տան փոքր աղջնակը, որ հետո պիտի մեծ տատ դառնար, կամ գայթակղվել էր մատանու փայլից և կամ չէր հավատացել վերադարձի հնարավորությանը: Ամեն դեպքում ամաչել էր արարքից և մոտ յոթանասուն տարի ծոցում պահել գաղտնիքը:

- Ես չեմ ասում՝ գողացել ես, - առանց գլուխը բարձրացնելու ասաց Արարատի առասպելական միաչքանին, - թեև շուկա բերում են առավելապես գողացված զարդեր…

Շատ հին մասնագիտություն է գողությունը, շատ ավելի հին, քան` *****ությունը:
Ակնավաճառի ձախ աչքից հեռացան թարթիչները, իսկ ոսպնյակից նայող աչքը խոշորացավ, դարձավ վայրէջքի պատրաստվող թռչող ափսե… Հիմա, հիմա վեր է շպրտվելու թանկագին քարը…

- Եվ հետո իմ ի՞նչ գործն է` գողացել ես, թե ոչ: Ես հո Ներսես Աշտարակեցին չե՞մ: - Ակնավաճառը աչքից հեռացրեց ոսպնյակը և նրա ժպիտը վերածվեց դեպի ծուղակի խայծը հրող որսկանի խրախուսանքի: – Եվ ոչ էլ դու ես իշխան Սոլոմոն երկայնաբազուկ Արղությանը: Սրա տանը վախճանվեց, չէ՞, մեր նորընծա կաթողիկոս Հովսեփը, ով այդպես էլ չհասավ Էջմիածին` իր Աթոռին:

- Հա, Թիֆլիսում վախճանվեց, - ասաց Միքայելը, - վրաց հանգուցյալ թագավորի ջերմուկներում լողանալուց հետո:

- Կարծում ես` մրսե՞ց, - Միքայելի տեղեկության վրա փոքր-ինչ զարմանալով հարցրեց ակնավաճառը և մեջլիս մտնող աշուղի վճռականությամբ որոշեց խեղճացնել սազը ձեռքն առած այս նորելուկին: - Շատերն են կարծում, թե մրսեց, բայց գուցե Դարեջան որբևայրի թագուհի՞ն ծածուկ թույն գցեց նրա թեյի բաժակը: Հը՞…

Միքայելի լռության մեջ ակնավաճառը տոնում էր կայծակնային իր հաղթանակը: Դե խոսիր, գիտունիկ, խոսիր, տեսնենք` որքան է գիտելիքներիդ խորությունը: Եթե շուկա ենք մտել ու ոսկի ենք առնում, ոսկի ենք ծախում, հո չի՞ նշանակում, թե քնած ենք էշի ականջում, իսկ պատմությունն առանց մեզ քսվելու, գալիս է ու գնում:

- Հը՞, - մի անգամ էլ հրավերքի կոչ արեց ակնավաճառը, բայցև չդիմացավ հակառակորդին վերջնականապես ոչնչացնելու գայթակղությանը: - Մենք չէ՞ որ պիտի անկախանայինք, վերականգնեինք մեր թագավորությունը, իսկ իրենք արդեն հանձնվել էին Ռուսաստանին:

Եվ Ռուսաստանի հետ դաշնագրության մեր ծրագիրը հենց ինքը` Հովսեփ արքեպիսկոպոսն էր կազմել… Առաջին թագավորը կոմս Պոտյոմկինը պիտի լիներ… Հետո ի՞նչ, որ ռուս էր, թագավորությունն էր հայկական… Նախկին երեք դրոշներից` Արշակունյաց միագլուխ արծվից, Քրիստոնեության Գառն Աստծուց և փոքր հայոց երկու առյուծներից արդեն ձևել-կարել էին թագավորության նոր դրոշը: Նախանձը, չարությունը կարող էին, չէ՞, մի երկու կաթիլ թույն գցել թեյի բաժակը: Էլ չեմ ասում, որ Սանկտ-Պետերբուրգից էլ, հնարավոր է, աչքով անող է եղել…

- Կասկածներ եղել են, - ասաց Միքայելը, - ապացույցներ՝ ոչ: Ասացին՝ մրսել է: Փետրվարի վերջն էր, թագավորական բաղնիքի ջրերը եռում էին, իսկ դրսում սառնամանիք էր:
- Թեյի բաժակը քննող եղա՞վ… Կաթողիկոսի արյան բաղադրությունը ստուգվե՞ց… Թարմ հետքերով կարելի էր պարզել, թե ինչից մեռավ Հովսեփ կաթողիկոսը, բայց այդ գործը հո Դարեջան որբևայրին չէր անելու և կամ Սանկտ-Պետերբուրգից աչքով անողը… Իսկ Ներսես Աշտարակեցուն այլ հետքեր էին հետաքրքրում: Ջրօրհնեքի օրը գնաց նա իշխան Սոլոմոն Արղությանի տուն՝ տոնը շնորհավորելու և իշխանի մատին տեսավ հանգուցյալ կաթողիկոսի եպիսկոպոսական զմրուխտե մատանին: Բարև-բարի իրիկուն ասելուց հետո նա մատը տնկում էր պատից կախված Հովսեփի յուղաներկ մեծ պատկերի կողմը և ցույց տալիս հայրապետի մատին պսպղացող մատանին: «Ինչո՞ւ է հայրապետական զարդը ձեր մատին, իշխա՛ն, և ոչ թե իմ ձեռքում, - ասում է Ներսես Աշտարակեցին, - մինչդեռ հոգելույս քահայանապետի ժառանգը, որպես Աթոռի ներկայացուցիչ, ես եմ, և ոչ թե դուք»: Ծանո՞թ է քեզ այս պատմությունը, երիտասարդ:

- Ծանոթ է, - դառը ժպտաց Միքայելը, - ճեմարան եմ ավարտել:

- Բա ո՞ւր է սքեմդ, միրուքդ…

- Կարգալույծ եղա, - կարճ կապեց Միքայելը:

- Ա՜, - ցավակցեց ակնավաճառը, - բա հիմա ո՞նց ես ապրում… Դուք՝ կղերականներդ, ախր, ուրիշ փեշակ չունեք… Գոնե քահանա մնայիր՝ կնունքից, թաղումից, տնօրհնեքից մի քանի կոպեկ կշահեիր… Մատանիդ լավն է, բայց ոչ գործածելի: Հիմա կանայք զիզի-բիզի զարդեր են սիրում: Գին չեն տա, թեև՝ անգին է…

- Ես չեմ էլ վաճառում, - ստեց Միքայելը, - ուզում էի արժեքն իմանալ:

«Թույլ տուր չհավատալ», - մտքում ասաց ակնավաճառը և նրա կասկածը նկարվեց դեմքին:

«Վաճառող լինեի՝ մեծ տատիս ծոցից ընկած քարտեզը կվաճառեի, - իր սրտին հավատալով, արդարացավ Միքայելը, - բայց չվաճառեցի, չէ՞»:

Քարտեզն, իրոք, չէր վաճառել: Այդպես էր ստացվել. գնորդն ինչպես հանկարծակի հայտնվել էր, այդպես էլ չքվեց: Ձերբակալվե՞ց, խփվե՞ց սահմանի վրա, ինչ իմանաս:
Թուրքի հետ սահմանը, ճիշտ է, փակ էր, այս կողմից ռուս սահմանապահներն են հսկում, մյուս կողմից՝ ասկյարները, բայց արի ու տես, որ կան մարդիկ՝ այս կողմից այն կողմ են անցնում, այն կողմից՝ այս կողմ: Պապերից, տատերից, կորուսյալ երկրից խոսելիս, մի օր, մտերմիկ մի շրջապատում, պատմել էր մեծ տատի ծոցում պահված ծրարի մասին և ընկել էր կրակը: Նեղ ճակատով, մանրիկ աչքերով բարձրահասակ անծանոթը հայտնվել էր օրեր անց և առաջարկել գործարքի երկու տարբերակ. «Եթե վստահում ես ինձ, - ասել էր, - կգնամ, կգտնեմ ձեր գանձը ու հավասար կկիսենք: Այս տարբերակի դեպքում քո վախն է արդարացի` կարող է քեզ խաբեմ: Եթե չես վստահում` նախապես մի գին ասա, ես կվճարեմ: Այս տարբերակով էլ, անշուշտ, իմ վախն է արդարացի: Բայց ոչ այն պատճառով, որ չեմ հավատում քեզ և քո մեծ տատին, այլ, որովհետև, շատ հավանական է, որ թուրքն արդեն գտել է ձեր գանձը»: «Դու, ի՞նչ է, նման գործով շա՞տ ես եղել այն կողմերում», - հարցրել էր Միքայելը` զարմանալով, թե այդ բարձրահասակ մարդն ինչպես է աննկատ կտրում-անցնում սահմանը: «Մի քանի անգամ, - ասել էր անծանոթը, - և ոչ մի անգամ գանձ չեմ գտել: Փոսերը գտել եմ, գանձերը` ոչ: Ողջ երկիրը փորփրել են անաստվածները»:

- Հիշատակը` հիշատակ, - հիշողությունից ազատվելով ասաց Միքայելը, - բայց ուզում էի իմանալ մատանու իրական արժեքը:

- Ասացի արդեն` անգին է, - հաստատեց ակնավաճառը, - բայց որպես թանգարանային նմուշ է անգին: Գողը քո մատանին չի էլ գողանա: Գրպանիդ թաշկինակը կթռցնի, սա՝ չէ:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր կգնահատեն մատանիդ, նաև կփորձեն գողանալ, կամ գնել հնարավորինս էժան, բայց դրանից ոչինչ չի փոխվի… Միևնույն է, նրանց կանայք կամ սիրուհիները չեն հագնելու այս մատանին… Եվ, ուրեմն, էլի մնալու է որպես թանգարանային նմուշ… Բայց վերադառնանք Ներսես Աշտարակեցուն… Խելացի, հայրենասեր, սկզբունքային մարդ էր, ինչո՞ւ թողած Հովսեփ կաթողիկոսի մահվան պատճառների փնտրտուքը, զբաղվեց իշխան Սողոմոն Արղությանի, թող որ անթույլատրելի, մեղքով: Խեղճը վախից անկողին ընկավ, մեռավ… Իսկ Դարեջան թագուհին ապրեց երկար: Իսկ Սանկտ-Պետերբուրգից աչքով անողը ապրեց երկար…

Հայկական թագավորության ստեղծման գաղափարն էլ պայթեց օճառի պղպջակի նման…

Հիմա ես, դու, նա, երկու հարյուր տարի անց, կարո՞ղ ենք վերականգնել հավաստի պատմությունը: Կարո՞ղ ենք իմանալ, որ եթե մեզ կոտորել են հավատի համար, ապա ինչո՞ւ են կանգուն մեր եկեղեցիները, իսկ պալատները չկան… Հավաստի պատմությունը, ի դեպ, ընթանում է հորինովի պատմության կողքից, զուգահեռաբար: Մենք ապրում ենք հորինովի պատմության մեջ… Քեզ ինչո՞ւ կարգալույծ արեցին:

Վեհարանից դեպի Մայր տաճար շարժվող կաթողիկոսական թափորն անցնում էր հավատացյալների ու զբոսաշրջիկների միջով: Մարդկային միջանցք էր առաջացել Վեհարանի ու Մայր Տաճարի միջև: Ղողանջում էին եկեղեցու զանգերը: Ամպհովանու տակ քայլում էր Վեհափառը, խաչակնքելով ողջունում և օրհնում հավատացյալներին, զբոսաշրջիկներին: Գրկի երեխա տեսնելիս նա դուրս էր գալիս ամպհովանու տակից և աջը դնում մանկան գլխին: Կանայք համբուրում էին Վեհափառի աջը: Ամպհովանու ետևից քայլում էին պատվավոր քաղաքացիները, ըստ հոգևոր աստիճանակարգի` արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, վարդապետներն ու սարկավագները:

Սարկավագների դասի մեջ քայլող Միքայելի հայացքը թափորի շարքերի մեջ ճեղք որոնելով, սևեռված էր պատվավոր քաղաքացիներից այն մեկի վրա, ով գլխավերևում հովանոց էր պահել: Երբեմն սրա գլուխն էր նկատվում, երբեմն` կիսադեմը, ավելի հաճախ ձախ ձեռքը, որով բռնել էր հովանոցի երկար կոթը: Պիջակի թևքը ցած էր սահել, մերկացրել դաստակի կապտավուն դաջվածքը: Մարդկային միջանցքի երկու կողմերի առաջին շարքերում հիմնականում կանայք էին: «Տես, թե մեզ ոնց են խղճում կանայք, - Միքայելի ականջի համար շշնջացել էր կողքից քայլող սարկավագը և գլխի շարժումով աջ ու ձախ ցույց տվել: - Նրանց թվում է, թե մեզ գողացել են իրենցից… Նրանք իրենց որբևայրի են կարծում…»:

Վեհափառը հերթական մանկան գլխին էր դրել աջը, իսկ մանկանը գրկած մոր կողքին կանգնած հնամաշ շրջազգեստով կինը համառորեն իր կլորիկ փորն էր ցույց տալիս:

Վեհափառը հղի կնոջն էլ էր օրհնել: Իսկ կապտավուն դաջվածքի կարիճին փակվող-բացվող տեսադաշտը շարժում էր հաղորդել: «Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, - Երգ-երգոցից տողեր էր արտասանում Միքայելի կողքից քայլող սարկավագը: - Սերս հափշտակել ես, ով իմ քույր հարս, սիրտս հափշտակել ես քո մի հայացքով, պարանոցիդ մի մանյակով…»: «Այ Սողոմոն, - հեգնանքով ընկերոջն էր դիմել Միքայելը, - քեզ ծանո՞թ է հովանոցի տակ քայլող պատվարժանը»: «Բռնեցեք աղվեսներին, - սարկավագը այլ տողեր էր արտասանել Երգ-երգոցից, - բռնեցեք այգիներն ավերող պստիկ աղվեսներին, որովհետև ծաղկել են մեր այգիները…»: «Աղվե՞ս է», - հարցրել էր Միքայելը: «Սողոմոնի ժամանակ պստիկ աղվես էր, հիմա խոշոր գայլ է… Նվիրատու է, զավակս…»:

Արդեն եկեղեցու ներսում, պատարագի ժամանակ, Միքայելը մոտեցել, բռնել էր հովանոցը ձեռնափայտի վերածած պարոնի օձիքը և ոտքով անզգուշաբար դիպել ձեռնափայտի վերածված հովանոցին: Պարոնը կորցրել էր հավասարակշռությունը, ոտքը ոտքին զարկել և պիտի վայր ընկներ, եթե վրա չհասնեին երկու հաղթանդամ, հաստավիզ տղաներ: Միքայելին հրմշտելով նրանք եկեղեցուց դուրս էին հանել կարիճի դաջվածքով պարոնին` անասելի խառնաշփոթ առաջացնելով եկեղեցում… Տարիներ առաջ այդ պարոնը մուրացիկ երեխաների հանրապետության նախագահն էր: Ամեն երեկո, քնելուց առաջ, անավարտ շինության ավերակների մեջ, նա մանրակրկիտ հաշվում էր օրվա մուրածը և վայ նրան, ով կփորձեր ծոցը գցել թեկուզև մի լումա: Ծեծելուց առաջ, երբ քշտում էր ձախ թևքը, մուրացիկներին թվում էր, թե կարիճն է իրենց խփում: «Քանի՞ անգամ եմ ձեզ ասել, որ ձեր գործը մուրալն է: Մուրալը, - բղավում էր մուրացիկների հանրապետության նախագահը: - Մարդիկ չեն սիրում գողերին… Մուրացկաններին խղճում են, գողին` ատում…»: Երկրաշարժից հետո Միքայելը այդ հանրապետության քաղաքացիներից էր…

- Չեմ կարծում, թե հարբեցողությամբ ես զբաղվել, - ասաց ակնավաճառը, - կամ` մանկապղծությամբ… Առողջ, ամուր տղամարդու տեսք ունես և քեզ դժվար էլ է պատկերացնել սքեմի տակ…

Հրաժեշտից առաջ հոգեհայր Սրբազանը իր խուցն էր տարել աշխարհիկ հագուստով Միքայելին և շշուկով ասել. «Ներող եղիր, զավակս, ես չկարողացա մեղմել Վեհափառի զայրույթը»: «Դուք ինձ ներեք, հայր սուրբ, կարգազանց եղա: Խանգարեցի պատարագի խաղաղ ընթացքը»: «Խնդիրը պատարագը չէ, զավակս, - ասել էր Սրբազանը, - պատարագի խաղաղ ընթացքը վերականգնվեց: Դու խանգարեցիր մեղք գործած մարդու ետդարձի ընթացքը»: Սրբազանը թեթևակի հազոցով մաքրել էր կոկորդը և Սուրբ Գրքի անհրաժեշտ էջը մտովի գտնելով, կարդացել. «Եթե որևէ մեկը ետ դառնա իր անօրինությունից և իրավունք ու արդարություն գործի, նա կապրեցնի իր անձը: Ետ դարձեք անօրինությունից, որ ապրեք: Հաճելի չէ տեսնել մեռնողի մահը: Ուրեմն` ետ դարձեք, որ ապրեք»: Այսպես է ասված, զավակս»: Միքայելը ծնկել էր եպիսկոպոսի առջև, երկար նայել ծերի իմաստուն աչքերին, հետո քնքշանքով բռնել նրա աջը, համբուրել:

«Ամեն մեղք կարելի՞ է ներել, հայր սուրբ»: «Կարելի է, զավակս», - ասել էր Սրբազանը:

«Ապաշխարանքով, խաչհամբույրով կարելի՞ է փրկվել»: «Կարելի է, զավակս»: «Իսկ եթե խաբո՞ւմ է, որ ետ է դարձել, եթե կեղծո՞ւմ է»: Սրբազանը մատը վեր էր տնկել. «Նա տեսնում է ամեն ինչ»: «Նա երկնքում է, - ասել էր Միքայելը, - իսկ այստեղ` երկրի վրա եկեղեցին է, եկեղեցու սպասավորներն են… Մեր տեսողությունը չի՞ խեղճանում նվիրատվություններից… Այս ովքե՞ր են, հայր սուրբ, եկեղեցու բարերարներն ու նվիրատուները: Նույնիսկ եկեղեցի կառուցողները… Այս աղքատ երկրում որտեղի՞ց հայտնվեցին այսքան մեծահարուստներ… Դուք էլ գիտեք, որ արդար քրտինքով չեն հարստանում… Հարստանում են մեղքով… Գիշերով նրանք մեղք են գործում, առավոտյան՝ գալիս ապաշխարանքի: Առավոտն են մեղք գործում, երեկոյան են գալիս:

Եկեղեցին ներում է նրանց, իսկ կյանքը շարունակում է ապականվել: Մեղքը գործվում է այնտեղ, ներումը շնորհվում է այստեղ: Մեղքն ու ապաշխարանքը հեռացել են մեկ-մեկուց…»:

- Կարգազանց եղա, - վերջապես պատասխանեց Միքայելը ու մեծ տատի մատանին ծոցագրպանը գցեց: - Ես քեզ խաբեցի` թե չեմ ծախում, բայց ուրախ եմ, որ այս անգինը գին չունի:

Միքայելը դուրս ելավ ոսկու շուկայից և երկար ժամանակ գլխի չէր ընկնում` հավաստի՞, թե՞ հորինովի պատմության ճանապարհով է գնում… Իսկ ակնավաճառը, թեև տնտղելու ոչինչ չուներ, ոսպնյակը հպել էր ձախ աչքին, աջը՝ կկոցել, և կրկին նմանվել Արարատի առասպելական միաչքանի օձին:

Լրահոս
Ծիրանահասցե իմ փշոտ երկիր, Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով ՈՒմ շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի Սաղմոս ՃԽԹ Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը Զահրատ․ Իր աչքերը Վահագն Դավթյան. Իմ մայրենի, իմ բարբառ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը Քրիստոնեության ապրեցնող ուժը Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք
website by Sargssyan