Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են

Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հայաստանի փոքրիկ երգիչները» քիչ առաջ ահազանգել էին, որ Արամի 23-ի հարևանությամբ առանց շինթույլտվության կատարվում են քանդման աշխատանքներ, ինչը կարող է վնաս հասցնել պատմական հուշարձան-շենքին:

«Հարցրեցի՝ թույլտվություն ունե՞ք, ասացին հա, բայց արդեն քանի ժամ է չեն ցույց տվել: Եթե աշխատանքներ սկսեին, կարող էր Արամի 23-ի շենքի տանիքը քանդվեր: Ասացին՝ մենք հիմա քանդում ենք, բայց ձեր պատը պետք է ամրակայենք, բայց հաշվի չեն առնում, որ մեր տանիքը եթե քանդվի, կարող է այս ամեն ինչը քանդվի: Ասում է՝ մենք թույլտվություն ունենք, որ էդ երկու բնակարանը պետք է քանդենք, բայց թույլտվության ցույց չեն տալիս»,-ասաց հերթապահություն իրականացնող շենքի աշխատակիցը, որն ահազանգել էր պատկան մարմիններին:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արամ Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ամուր» ընկերությունը շինթույլտվություն չուներ։

«Կա մշակութային շենքի վերաօգտագործման, պահպանման աշխատանքային նախագիծ, որը համաձայնեցված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, իսկ Երևանի քաղաքապետարանի հետ դեռևս համաձայնեցված չէ, շինթույլտվություն չկա։ Ահազանգել են, եկել ենք։ Ընկերությունից նախաձեռնել են աշխատանքներ իրականացնել՝ հուշարձան-շենքի վերօգտագործման, պահպանման համար, սակայն կասեցրել ենք: Հիմա այս պահին չեն քանդում»,-ասաց նա։

Հարցին, թե ավագանու վերջին նիստի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է Երևանի Արամի 23-ի մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, Երևանի քաղաքապետարանն էլ տալիս է շինարարության թույլտվությունը, «վաղն արդեն այդ նախագիծը ստորագրված կլինի շինարարների ձեռքում», այսինքն քաղաքապետարանը դեռ չի վավերացրե՞լ այդ փաստաթուղթը, Ա. Այվազյանն ասաց, որ դեռ համաձայնեցված չէ:

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ հունվարի 11-ին: Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում