Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը

Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կնոջ՝ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանի՝ «Թաթուլ Կրպեյան․Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» աշխատության (ՀՀ ԳԱԱ պատմ․, ինստ․, 2016 թ․, Երևան) անգլերեն թարգմանությունն օրերս տպագրել է «Անտարես» հրատարակչությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մենագրությունում լուսաբանվում և վերլուծվում են Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում 1988-1991 թթ. մայիս ժամանակահատվածում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ հայ ազգային-ազատագրական պայքարի վերելքը, ընդհատակում կամավորական ջոկատների կազմավորումը և գործունեությունը, Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գլխավորությամբ 8-ամսյա ինքնապաշտպանությունը, խորհրդա-ադրբեջանական «Օղակ» ռազմական գործողության նախապատրաստումը և ծավալումը, Գետաշենի ենթաշրջանի հայաթափման ու անկման պատճառները, միջազգային հանրության և ԶԼՄ-ների արձագանքը, ինքնապաշտպանության պատմական նշանակությունը: Առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել Թաթուլ Կրպեյանի հասարակական-քաղաքական գործունեությունը լուսաբանող արխիվային փաստաթղթեր։

Մենագրությունը նախատեսված է բուհերի մասնագիտական ֆակուլտետներում դասավանդելու, պատմաբանների, գիտական լայն շրջանակների, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի պատմությամբ հետաքրքրվողների համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում