Կոմիտասը օտարազգիներին էլ է հուզում արտասվելու աստիճան

Կոմիտասը օտարազգիներին էլ է հուզում արտասվելու աստիճան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Կոմիտասյան գանձերը հատկապես այս տարի՝ Վարդապետի ծննդյան հոբելյանի առիթով, արտասահմանյան երկրներում ներկայացվում են ոչ միայն անհատ երաժիշտների, տարբեր կազմերով անսամբլների, երգչախմբերի կողմից, այլեւ կազմակերպվում են գիտաժողովներ: Դրանցից մեկը Գերմանիայում՝ Հումբոլտի անվան համալսարանում անցկացված միջազգային գիտաժողովն էր՝ «Կոմիտասը եւ իր ժառանգությունը» խորագրով: Օրերս էլ Գերմանիայում կայացած «կոմիտասյան» հյուրախաղերից վերադարձել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը: «Առավոտի» հետ զրույցում երգչախմբի արտիստ, խմբավար Նարինե Ոսկանյանը մանրամասնեց. «Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված համերգներով հանդես եկանք ոչ միայն Գերմանիայում, այլեւ Բելգիայում, Եվրոպական մշակութային հիմնադրամի եւ Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի (ASBL) հրավերով, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգները կայացան Մյունխենի Բոլոր սրբերի եկեղեցում եւ Բրյուսելի Մայր տաճարում:

Իհարկե, ներկայացված ծրագրում գերիշխում էր Կոմիտասը, բայց, օրինակ, Մյունխենում կատարեցինք նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Հակոբ Մազլումյանի (պրոֆեսոր Վարդան Աճեմյանի դասարան) «Լռություն» ստեղծագործությունը՝ գրված երգչախմբի եւ թավջութակի համար: Կատարմանը մեզ միացավ գերմանաբնակ ճանաչված թավջութակահար Միքայել Հախնազարյանը: (Երիտասարդ այս կոմպոզիտորի «Կուզեմ» ստեղծագործությունը ժամանակին «Հովերի» մեկնաբանմամբ Երեւանում անցկացվող երիտասարդ կոմպոզիտորների փառատոնում արժանացել է առաջին մրցանակի-Ս.Դ.):

 

Հնչեց նաեւ Վաչե Շարաֆյանի «Նե» յուրատեսակ ստեղծագործությունը՝ գրված երգչախմբի եւ զանգերի համար, Սեւակի խոսքերով Արզաս Ոսկանյանի «Եթե մեռնել… բայց առայժմ ապրել է պետք» երկը եւ այլն, իհարկե, Կոմիտասի հոգեւոր ու աշխարհիկ խմբերգերից Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ…»:

Հետաքրքրությանը՝ իսկ ձեր ղեկավարությամբ հնչե՞ց որեւէ ստեղծագործություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, «Հովերի» «Լե» իգական կազմի մեկնաբանմամբ հնչեցին Կոմիտասի աշխարհիկ խմբերգերի շարան, Աննա Ազիզյանի «Կուկու»՝ երգչախմբի, զանգերի եւ հարվածային գործիքների համար, Պենդերեցկու Sanctus եւ Մյուրեյ Շաֆֆերի Snowforms ստեղծագործությունները»,- հայտնեց մեր զրուցակիցը: Խմբավարը հավելեց նաեւ, որ մյունխենյան համերգին խոսքով հանդես է եկել Europamusicale կազմակերպության խորհրդի նախագահ Մարտին Շտայնմայերը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքային իշխանությունների, տարբեր կառույցների ներկայացուցիչներ եւ, Բրյուսելի համերգի համեմատ՝ ավելի քիչ հայ հանդիսական:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե կոմիտասյան կատարումներից հետո արտասահմանցի ունկնդիրը, որ ժամանել էր ոչ միայն հարեւան քաղաքներից, այլեւ երկրներից, արտասվելու աստիճան հուզված էր: Հետաքրքրվեցինք՝ պարզ խոսքերով կարո՞ղ է մեկնաբանել այն, որ գոնե վերջին շրջանում մեզ հետ զրուցած հայ երաժիշտները իրենց հյուրախաղերից հետո նույնպես հավաստիացնում են, թե Կոմիտասը արտասվելու աստիճան հուզում է օտար հանդիսատեսին: Նարինե Ոսկանյանը հայտնեց. «Կոմիտասյան ցանկացած ստեղծագործություն կամ մշակում գանձ է, այդ գոհարները դուրս են եկել ժողովրդից, հետեւաբար պարզ են, անկեղծ եւ իսկապես արտասվելու աստիճան հուզիչ»:

Հետաքրքրությանը, թե «Հովերը» քանի՞ կոմիտասյան CD ունի, խմբավարն ասաց, որ 2-ը՝ «Պատարագը» եւ «Կոմիտասի աշխարհիկ խմբերգերը», սակայն երգչախմբի մյուս 7 CD-ներում էլ են ընդգրկված Վարդապետի ստեղծագործություններից:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում