Չարենցն ու Կոմիտասը

Չարենցն ու Կոմիտասը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մի անկյուն նվիրված է մեծն Կոմիտասին: Բանաստեղծը շատ է սիրել լսել Կոմիտասի երաժշտությունը, երգը, երբ լսել է նրան, երեխայի նման լացել է: Թեև նրանք ժամանակակիցներ են եղել, սակայն երբեք չեն հանդիպել միմյանց: Չարենցը նրան առաջին և միակ անգամ տեսել է, երբ Կոմիտասը դագաղում է եղել:

«Չարենցը ոչ նվագել, ոչ երգել գիտեր, բայց մեծ սեր ուներ երաժշտության հանդեպ: Նրա երկու կանայք էլ չգիտեին նվագել: Ռոյալ էր գնել, որ աղջիկը կարողանար նվագել սովորել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը:

Նա պատմում է, որ երբ Չարենցը ուզում էր Կոմիտաս լսել, գնում էր Ակսել Բակունցի մոտ. նա Գևորգյան ճեմարանում էր սովորել, հիանալի Կոմիտաս էր կատարում և Չարենցն ունկնդրում էր նրան՝ «երեխայի նման ձեռքների մեջ էր առնում գլուխն ու երեխայի նման հեկեկում»:

1935 թվականի հոկտեմբերի 21-ին է Կոմիտասը մահացել, նրա դին Երևան է տեղափոխվել 1936 թվականին: 1936 թվականի մայիսի 28-ին ժողովուրդը հրաժեշտ էր տալիս Կոմիտասին:
«Չարենցը տնային կալանքում էր: Նա գրություն է թողնում, որ տանից դուրս կգա, կգնա հրաժեշտ տալու և կվերադառնա: Այդպես էլ լինում է: Ռուբեն Զարյանը իր հուշերում պատմում է, թե ինչպես Չարենցը մտավ այն դահլիճը, որտեղ դրված էր Կոմիտասի դին: Երբ մտնում է բանաստեղծը, ժողովուրդն ակամայից, առանց պայմանավորվածության բաժանվում է երկու մասի, որպեսզի Չարենցը մոտենա Կոմիտասին: Դագաղը ցինկապատ էր, ապակով ծածկված էր միայն դեմքի մասը: Չարենցը մոտենում է, գլխարկը հանում, հրաժեշտի խոսքեր մտմտում, ապակու վրայից համբուրում Կոմիտասին: Չարենցը ծաղկեպսակներից մեկից վերցնում է երկնագույն մոմե ծաղիկ ու գալիս է տուն: Այդ ծաղկեպսակը Կուտինա նահանգի բնակիչներն էին բերել, որտեղի ծնունդ էր Կոմիտասը: Այդ մոմե ծաղիկն այժմ գտնվում է տուն-թանգարանում»,- ասում է Ա. Թասալյանը:

Նրա խոսքով, Չարենցը երբ լսել էր, որ Կոմիտասն այլևս չկա, մտմտում էր նրա հիշատակին պոեմ ստեղծել: «Հրաժեշտից հետո տուն է վերադառնում ու ամբողջացնում Կոմիտասի հիշատակին գրված պոեմը»,- նշեց Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահը:

Տուն-թանգարանում ներկայացված են նաև Կոմիտասի նոտաները, որոնք տպագրել է Չարենցը «Պետհրատում» աշխատելու ժամանակ:

«Բավականին դժվար էր, քանի որ այստեղ հնարավոր չի լինում նոտաները տպագրել, տանում է Մոսկվայի «Պետհրատի» բաժանմունք, այնտեղ տպագրում և բերում Հայաստան»,- ասաց Անուշ Թասալյանը:

Նշենք, որ տարին հոբելյանական է Կոմիտասի համար՝ 150-ամյակ: Տարվա ընթացքում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս կազմակերպում են միջոցառումներ՝ նվիրված մեծն Կոմիտասի 150-ամյակին:

Ջոտտո, «Չարենցը և Կոմիտասը» (1974)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում