Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ է ներկայացվել 2019 թ. հուլիսին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի փակման շրջանակում տեղի է ունեցել նաև «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը: Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը վերադառնում է ջութակահար Դիանա Ադամյանին շնորհված մրցանակով:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին` ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի կանոնակարգի համաձայն` ըստ ռուսական այբուբենի այբբենական կարգի, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում