Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր

Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր

Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր… և սիրահարվեց:
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով.
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով…
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր…
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում:
Եվ աստղ-աչքերը վառ-վառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին:
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գըգվում…
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռ-լուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում,-
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային…
Իսկ էդ ժամանակ երկիր-սիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին:
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են. փրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին,
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին…
Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ…
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում