Մահացել է Վահրամ Թաթիկյանը

Մահացել է Վահրամ Թաթիկյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կյանքի 70-րդ տարում վախճանվել է արձակագիր, երգիչ, երգահան Վահրամ Թաթիկյանը: Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ Վ. Թաթիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18-ից, Եղվարդի խճուղի 112, «Ադանա» սգո սրահում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12-14-ը, Հայաստանի գրողների միությունից:

Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում։ Նա արձակագիրներ Շահեն Թաթիկյանի և Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ: 1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։

Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում