Ավելի քան 2 մլն բրազիլացի պահանջում է Netflix-ից հեռացնել Քրիստոսին որպես միասեռական ներկայացնող շոուն

Ավելի քան 2 մլն բրազիլացի պահանջում է Netflix-ից հեռացնել Քրիստոսին որպես միասեռական ներկայացնող շոուն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Netflix հեռուստատեսային ցանցով հեռարձակվող շոուներից մեկը, որը կոչվում է «Քրիստոսի առաջին գայթակղությունը» և Փրկչին որպես միասեռական է ներկայացնում, բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել Բրազիլիայում, որտեղ ավելի քան 2 մլն մարդ խնդրագիր է ստորագրել՝ պահանջելով հումորային շոուի հեռացումը մեդիահարթակից:

Ինչպես նշում է The Guardian-ը, շոուն ստեղծվել է բրազիլական Porta dos Fundos յութուբյան խմբի կողմից: Ըստ սցենարի՝ Քրիստոսն իր ընկերոջը՝ Օռլանդոյին, տուն է բերում՝ ընտանիքի հետ ծանոթացնելու:

Change.org կայքում տեղադրված առցանց խնդրագիրը պահանջում է Netflix-ից անհապաղ հեռացնել քրիստոնյաների համար վիրավորական շոուն:

Պարբերականը մանրամասնում է, որ միջազգային «Էմմի» մրցանակի արժանացած Porta dos Fundos-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «հասարակության ամենատարբեր մշակութային թեմաներում իրենք արժևորում են արվեստագետի ազատությունն ու սատիրան, և որ խոսքի ազատությունը ժողովրդավարական երկրի կառուցման համար կարևոր բաղկացուցիչ է»:

Երկրի նախագահի որդին՝ Էդուարդո Բոլսոնարուն, ֆիլմն «աղբ» է որակել՝ հայտարարելով, որ այն ստեղծողները չեն ներկայացնում Բրազիլիայի հասարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում