«Ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք»

«Ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք»

«Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Քրիստոս հորդորում է նախ խնդրել Երկնքի Արքայությունը, Նրա արդարությունը և ապա հոգալ երկրային գործերի մասին: Մարդու համար Երկնքի Արքայության փնտրումը, աստվածահաճո ապրելը և հոգու փրկության վերաբերյալ մտահոգությունն ամենակարևոր և էական մտահոգությունը պետք է լինի: Քրիստոնյան ձգտում է հավիտենական երանելի կյանքին և այդ նպատակն իր համար ուղեցույց պետք է լինի: Երկնքի Արքայության ձգտումը չի խոչընդոտում երկրային գործերով, ուսմամբ, ընտանիքում և աշխատավայրում պարտականությունների կատարմամբ զբաղվելուն: Քրիստոնեական կյանքը պահանջում է միայն, որ բոլոր գործերից առաջ դրված լինի հոգու և հավիտենական կյանքի մասին մտահոգությունը: Երկնքի Արքայությունը փնտրում են հոգով, սրտով, հոգևորի մասին խոկումով, և որպեսզի սիրտը ուղին գտնի ու հասնի Երկնքի Արքայության դարպասին, պետք է մաքուր լինի և ազատ՝ կրքերից, քանի որ մաքուր սիրտն է Սուրբ Հոգու բնակարանը, այդ է պատճառը, որ Քրիստոս փարիսեցիներին ասաց. «Աստծո թագավորությունը դրսից տեսանելի նշաններով չի գալու. կամ չեն ասի, թե՝ «Ահա այստեղ է կամ այնտեղ», որովհետև ահա Աստծո թագավորությունը ձեր մեջ է գտնվում» (Ղուկ. 17:21):

Աստված կհոգա, որ մարդն անհրաժեշտն ունենա երկրային կյանքի համար և դրա մասին միտքը չպետք է տանջի քրիստոնյային, ինչպես տանջել է հեթանոսներին: «Դու անարգում ես քեզ, երբ հալումաշ ես լինում անցողիկ բարիքներ ձեռք բերելու հոգսերով: Ասա՛ ինձ, ինչո՞ւ Քրիստոս հորդորեց հաց խնդրել»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Եթե մենք Տիրոջից խնդրենք հոգու համար անհրաժեշտը, ապա Աստված կտա նաև մարմնի համար անհրաժեշտը: «Տերունական աղոթք»-ն ասողը, մինչ հանապազօրյա հաց խնդրելը, խնդրում է Տիրոջից՝ Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի (Մատթ. 6:9-11): Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ եթե Աստված մարմնի համար անհրաժեշտը տալիս է առանց խնդրելու, ապա ինչո՞ւ ենք «Տերունական աղոթք»-ում հանապազօրյա հաց խնդրում. «Իհարկե, նրա համար, որ աղոթքի միջոցով գիտակցենք, որ Աստված է մեզ սնում և ոչ թե մեր մտահոգությունը, որպեսզի ընդունելով այս՝ երախտագիտությամբ ավելի մոտենանք Նրան»:

Երկնքի Արքայություն փնտրողն ազատվում է ոչ անհրաժեշտ իրերի հանդեպ հակումից, և նրան տրվում է փրկության համար անհրաժեշտը, այդ թվում նաև նյութական բարիքներ: Ս. Աթանաս Մեծն ասել է, որ Երկնքի Արքայությունը ոչ այլ ինչ է, քան ապագա բարիքների ճաշակումը: Հոգսը, ապրուստի համար ավելորդ անհանգստությունը խլում է մարդու ողջ ժամանակն ու ուշադրությունը՝ հեռացնելով հոգու փրկության մասին հոգսից: Ավետարանն ասում է, որ եթե Աստված կերակրում է թռչուններին, որոնք ո՛չ ցանում են և ո՛չ հնձում, հագցնում է դաշտային շուշանին, որ անգամ Սողոմոն արքան իսկ իր ամբողջ փառքի մեջ չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել, ապա առավել ևս կսնի և կհագցնի նրանց, ովքեր փնտրում են Երկնքի Արքայությունը (Մատթ. 6:26-31): Դարեր առաջ որոշ աղանդներ, ավետարանական այս խոսքերը չարափոխելով, ծուլություն են քարոզել: Այնինչ Աստված դեռևս դրախտում առաջին մարդկանց աշխատելու պատգամ տվեց և դա պատիժ չէր նրանց համար, քանի որ իրենք դեռ չէին մեղանչել: Հետևաբար, ով աշխատում է՝ կատարում է Աստծո կամքը: Աշխատելու պատգամը հաստատվեց, երբ Աստված Ադամին և Եվային դրախտից վտարեց և ասաց, որ իրենց երեսի քրտինքով իրենց հացը վաստակեն (Ծննդ. 3:19): Այնուհետև Նոր Կտակարանում ևս հանդիպում ենք աշխատելու պատգամին. մինչ քարոզելը Քրիստոս աշխատում էր և պատգամում, որ մարդիկ աշխատեն և աշխատեն ոչ միայն իրենց համար, այլ նաև՝ մերձավորին օգնելու: Առաքյալներին ուղարկելով քարոզչության՝ Տերն ասաց նրանց. «Ճանապարհի համար ո՛չ պարկ վերցրեք, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ և ո՛չ էլ գավազան, քանզի աշխատողն արժանի է իր օրապահիկին» (Մատթ. 10:10), իսկ յոթանասուներկու աշակերտներին էլ ուղարկելով՝ ասաց. «Ձեր իջևանած տա՛նը մնացեք, և այնտեղ ինչ-որ տան ձեզ, կերե՛ք և խմեցե՛ք, որովհետև մշակն արժանի է իր վարձին» (Ղուկ. 10:7): Քրիստոս իր առաքյալների հետ միասին իրենց գանձանակն ունեին, որպեսզի հոգային իրենց հոգսերը: Հացն ու ձուկը բազմացնելուց հետո Նա առաքյալներին ասաց, որ ավելացած հացն ու ձուկը հավաքեն, բնականաբար, մյուս օրերի խնայողության համար: Պողոս առաքյալն էլ մշտապես աշխատում էր. նա վրանագործ էր: Եփեսոսի երեցների հետ հանդիպման ժամանակ առաքյալն ասաց նրանց. «Դուք ինքներդ գիտեք, որ իմ այս ձեռքերով շահեցի և հոգացի թե՛ իմ և թե՛ իմ ընկերակիցների կարիքները: Ես իմ կյանքի օրինակով ցույց տվեցի ձեզ, թե այդպես պետք է աշխատել և օգնել տկարներին՝ հիշելով այն խոսքը, որ Տեր Հիսուսն Ինքն իսկ ասաց, թե՝«Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը»» (Գործք Առ. 20:34):

Քրիստոս հարցրեց, թե արդյո՞ք մտահոգվելը մեկ կանգունով կավելացնի ձեր հասակը (Մատթ. 6:27): Սույն համարի հետ կապված Օգոստինոս Երանելին ասել է, որ Քրիստոս այստեղ նկատի ունի տարիքը, քանի որ առանց Աստծո օգնության մարդ չի կարող իր կյանքը մեկ ժամով անգամ երկարացնել: «Մի մտահոգվեք վաղվա մասին: Վաղվա մտահոգությունը վաղվան թողեք: Յուրաքանչյուր օրվա նեղությունը ինքնին բավարար է» (Մատթ. 6:34),- պատգամում է Տերը և Նրա հորդորին միանում է նաև Ս. Հովհան Ոսկեբերանը. «Բավակա՞ն չէ քեզ, որ ուտես քո երեսի քրտինքով վաստակած հացը: Ինչո՞ւ ես քեզ ենթարկում չարչարանքների, ինչո՞ւ ես ձգտում օրն ավելի ծանրացնել, քանի որ օրվա նեղությունն ինքնին բավարար է: Մենք չենք արարվել նրա համար, որ ուտենք, խմենք և հագնվենք, այլ որպեսզի աստվածահաճո ապրելով՝ արժանանանք ապագա բարիքներին: Այսօրվա բարիքները ոչինչ չարժեն՝ ի համեմատություն ապագա բարիքների: Այսպիսով, երբ մարդը փնտրում է ապագա բարիքները, ստանում է և այսօրվանը, մի՛ փնտրիր տեսանելին և անպայման այն կստանաս: Ոչինչ այնքան վտանգավոր չէ մարդու համար, որքան անցողիկի հանդեպ հակումը և հակառակը՝ ոչինչ այնպես չի տանում մարդուն ներկա և ապագա բարիքների վայելմանը, որքան ապագա բարիքների գերադասումը: Այսինքն՝ ստանալ ապագա բարիքները, նշանակում է ստանալ նաև ներկայինը»:

Հայրաբանության հարուստ գանձարանը, իր գանձերը բաշխելով ընթերցողներին, հորդորում է. «Մի՛ ասա, թե ի՞նչ եմ ուտելու, երբ ծերանամ: Մեզ արգելված է հոգս անել վաղվա օրվա համար, իսկ դու հոգս են անում ծերության մասին: Քրիստոսի տանը Քրիստոսին չենք փնտրում, եթե Հավիտենության Տանն աղոթում ենք միայն անցողիկի համար: Մեկը կին է խնդրում, մյուսը՝ հագուստ, երրորդը՝ ապրուստ: Թեև անհրաժեշտ է Ամենակարողից խնդրել այն, ինչի կարիքն ունես, բայց պետք է միշտ հիշել, թե ինչ պատվիրեց Տերը. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Մեղք չի համարվում Քրիստոսից խնդրել այն, ինչ անհրաժեշտ է, եթե այն ավելորդ չէ»:

Այսպիսով, թողնենք երկրային մտահոգությունները, Աստծո կամքին հետամուտ լինենք, քանի որ, ինչպես Քրիստոս է ասում. «Ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նույնիսկ, երբ դեռ բան չեք խնդրել Նրանից» (Մատթ. 6:8):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում