Խաչիկ Դաշտենց․ Հայերեն

Խաչիկ Դաշտենց․ Հայերեն

Մեր շուրջը լեզուներ նոր – հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ,
Հայերեն:

Կուլ չերթանք այս ահեղ լափումին
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, մի՛շտ խոսենք
Հայերեն:

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս է դարերեն,
Նա անվերջ խոսում է
Հայերեն:

Զավակիդ Հայկազյան դպրոց տար,
Եկ գրենք Մեսրոպյան տառերով,
Եկ խոսենք մեր անուշ
բառերով:

Մեր հանդեպ ապագա լուսեղեն
Թող հնչի մեր լեզուն վեհորեն,
Թող այրվի մեր հոգին
Այդ հրեն:

Մեզ ցրեց մի բազուկ անօրեն,
Թե կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք Հայ ենք, եկ խոսենք
Հայերեն:

Այս օտար աշխարհի ցրտերում,
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք
Հայերեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում