Վահագն Մուղնեցյան. Եվ ձգվում է ուղին…

Վահագն Մուղնեցյան. Եվ ձգվում է ուղին…

Եվ ձգվում է ուղին…
Ամեն անգամ այստեղ
Պատմությունն է ձգվում՝
Մշուշոտ ու վայրի,
Եվ հառնում է հուշը՝
Հողի,
Մտքի,
Արյան,
Հուշը` Հոր և Որդու…

Եվ ձգվում է ուղին.
Ես չեմ տեսել ճամփա
Այսչափ խիստ ու դժնի,
Այսչափ իմաստուն ու խեղճ
Եվ զորությամբ մի խենթ
Կապված դարերի կայմին,
Կապված նախնիների
Զարկին սրտի ու տենչանքին…

Եվ հառնում է բարձրում
Փոքր իմ Խանչալին, –
Նա է, – գլխի վերև`
Կարմիր արև,
Ոտքերի տակ`
Կարմիր ավազ,
Եվ, – շատ ավաղ, –
Տարին մեկ անգամ
Ծաղկող ծառեր,

Որոնց բոլորահուն ներսում
Կարկամում է ուղին…
Իր մեջ ո՜նց է պահում
Հուշը` կարմիր ու բորբ,
Որ չմեռնի կարոտը
Խառնակ ու որբ,
Որ չփակվեն վերքերը
Նշանագիր…

Հետևեք մեզ նաև Telegram-ում