Սուրբ Ստեփանոսի քարկոծման տեսարանի պատկերագրական կերպը

Սուրբ Ստեփանոսի քարկոծման տեսարանի պատկերագրական կերպը

Ս. Ստեփանոս Նախավկան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չորս գլխավոր բարեխոսներից է: Նա մեկն էր այն յոթ այրերից, որոնք Երուսաղեմի եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին՝ ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին հրեաներին, և նրանք Ստեփանոսին՝ իբրև հայհոյիչի ու հերձվածողի, դատապարտեցին մահվան:

Երբ նա վկայում էր, որ Հիսուսը մարգարեների միջոցով կանխահայտնված Մեսիան է, բոլոր ներկաները տեսան, որ Սուրբ Հոգու զորությամբ խոսող Ստեփանոսի դեմքը փայլում էր հրեշտակի դեմքի պես: Եվ մինչ նա խոսում էր, նայեց դեպի երկինք և տեսավ Աստծուն՝ Իր ամբողջ փառքով, ինչպես նաև Հիսուսին, որ կանգնած էր Աստծո աջ կողմը ու ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմում» (Գործ. 7:56): Այս լսելով՝ հրեաները փակեցին իրենց ականջները, մոլեգնելով նետվեցին նրա վրա և քաղաքից դուրս հանելով՝ քարկոծելով սպանեցին:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները (XIII դար): Հյուսիսային պատի վրա պատկերված է Ստեփանոս սարկավագի քարկոծման տեսարանը, որը արցախցիների պատմական ճակատագրին շատ համախորհուրդ և բնութագրական է: Ի դեպ, ճշմարտության ու հավատի այդ առաջին նահատակի կերպարը լայն արձագանք է գտնում հատկապես իտալական վերածննդի վարպետների գործերում: Հայ որմնանկարիչը պատկերի գաղափարական և գեղարվեստական խնդիրները լուծել է զուգահեռաբար: Կարմիր եզրագծով շրջանակված տեսարանի խորքը բաժանված է երկու մասի: Ստորին՝ շագանակագույն հատվածը պատկերում է երկիրը, իսկ վերին՝ կապտավուն հատվածը՝ երկինքը: Երկրի և երկնքի սահմանը պատկերված է ճերմակավուն հորիզոնական եզրագծով: Թեմատիկ հորինվածքը քառախումբ է: Ստորին ձախակողմին պատկերված է քարկոծողների վեց հոգիանոց խումբը, որոնց դիմաց կանգնած է Ս. Ստեփանոս Նախավկան, աջ ձեռքին՝ բուրվառ, իսկ ձախ ձեռքին՝ սկիհ: Քարկոծողների ձեռքերին կան կարմիր, կլոր քարեր, որոնք նետում են սրբի վրա: Հետաքրքրական է նկատել, որ նետված քարերի մի մասը ընկած է գետին, մյուսները կախված են օդի մեջ և հրաշքով այնպես են արգելակված, որ չվնասեն Ս. Ստեփանոսին: Գծերի արտահայտիչ կառուցվածքը և մեղմ գույները թախծի տրամադրություն են ստեղծում. այն զուրկ չէ նաև ներքին լարվածությունից:

Ստեփանոս Նախավկայի պատկերի հանդիպում ենք Կիլիկիայի Հեթում Բ թագավորի եռափեղկ պահարանի (1293թ.) վրա: Աջ փեղկի կենտրոնում գահավորակին նստած է Մարիամը իլիկով, նրա գլխավերևի մեդալիոնում Ստեփանոս Նախավկայի պատկերն է գոտկատեղից:

Ստեփանոս Նախավկան՝ որպես Հայ եկեղեցու չորս գլխավոր բարեխոսներից մեկը, հաճախ պատկերվում է բարեխոսի տեսարաններում: Այդպիսի մի պատկերի ենք հանդիպում Սևանի Առաքելոց վանքի դռան (1486թ.) վրա: Տեսարանը ներկայացված է չորս անձով՝ մեջտեղում խաչի պատկերը: Դրանք են՝ ձախից աջ, չորս կամարների տակ պատկերված Հովհաննես Մկրտիչը, Աստվածածինը, Ստեփանոս Նախավկան և Գրիգոր Լուսավորիչը:

XVII-XVIII դդ. գեղանկարչական գործերի մեծ մասը նվիրված է «Տիրամայրը մանկան հետ» թեմային: Որպես ընդունված կարգ՝ մոր և մանկան մոտ լինում են Պետրոս և Պողոս առաքյալները, Սուրբ Ստեփանոսը, Հովհաննես Մկրտիչը, հաճախ նաև Գրիգոր Լուսավորիչը, նույնիսկ Գրիգոր Նարեկացին ու այլ հայրապետներ:

Փոքր Հայքի XVII դարի մանրանկարիչներից Գրիգորի աշխատանքներից ուշագրավը Հայսմավուրքն է, որտեղ ներկայացված են վարքաբանական մի շարք կերպարներ՝ Հովհաննես Մկրտիչ, Տրդատ թագավոր, Գրիգոր Լուսավորիչ, Ստեփանոս Նախավկա:

Արաքս գետի ձախ ափին՝ իրանական սահմանին գտնվող Մաղարդա վաքի Ս. Ստեփանոս Նախավկայի որմնանկարները պատկանում են Նաղաշ Հովնաթանի վրձնին:

7-րդ դարի բանաստեղծ և եկեղեցական գործիչ Վրթանես Քերթողը, իր «Յաղագս պատկերամարտաց» երկում վերլուծելով և հիմնավորելով պատկերների տեղը, դերն ու նշանակությունը քրիստոնեական հավատքի տարածման գործում, թվարկում է այն տեսարանները, որոնք զարդարում են եկեղեցիների և վկայարանների պատերը: Տերունական պատկերներից հետո հիշատակում է՝ «իսկ եկեղեցիս քրիստոնէից, եւ յարկս վկայից Աստուծոյ տեսանեմք նկարեալ զսուրբ Գրիգոր եւ աստուածահաճոյ չարչարանք իւր եւ սուրբ առաքելութիւնք, եւ զՍտեփանոս Նախավկայ ի մէջ քարկոծչացն, զերանելի եւ զփառավոր կոյսն զԳայանե եւ զՀռիփսիմէ հանդերձ ընկերօքն եւ յաղթող նահատակօքն…»:

XV դ. վերջերի բազմարդյուն արվեստագետներից Աբրահամ րաբունապետը Մատթեոսի անվանաթերթի ճակատազարդի կենտրոնական հատվածում պատկերել է թագակիր Տիրամորը՝ որպես ստնտու: Նրա գրկում մանուկ Հիսուսն է՝ մի ձեռքը օրհնող դիրքով, մյուսում՝ Ավետարան: Աբրահամը տեսարան է ներմուծել նաև Հովհաննես Մկրտչի և Ս. Ստեփանոսի կերպարները՝ տեղավորելով նրանց ճակատազարդի մեջ՝ Տիրամոր կողքերին:

Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցու անունը կնքվել է ի հիշատակ քրիստոնեության առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի, որ քարկոծվելով սպանվել է առաջին դարում: Վանքի արտաքին պատերից մեկի վրա կար քարկոծման տեսարանը պատկերող քանդակ: Եկեղեցու խաչկալը նույնպես պատկերում է Ս. Ստեփանոսի քարկոծումը, որի եզրին առաքյալների նկարներն են՝ կլոր շրջանակների մեջ։

Ազգային պատկերասրահի աշխատանքներից որոշ կտավների հեղինակներ հետևում են եվրոպական արվեստում հայտնի նմուշներին՝ երբեմն նույնությամբ ընդօրինակելով, երբեմն կատարելով որոշ փոփոխություններ: «Ստեփանոսի քարկոծման» տեսարանում կերպարների հագուստները՝ կարճ անդրավարտիքներ, բաճկոններ, լայն զարդարուն գլխարկներ, դեմքերը և վերջապես ճարտարապետական ներսակողմը մատնում են եվրոպական սկզբնատիպի առկայությունը:

«Սուրբ Ստեփանոսի քարկոծումը» տեսարանին է անդրադարձել հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդը: Նկարչի պահպանված առաջին ստեղծագործություններից է «Սուրբ Ստեփանոսի քարկոծումը» (1629): Այս գործը գունեղ է, մանրամասն նկարված է նյութական աշխարհի յուրաքանչյուր մանրուք, որքան հնարավոր է փոխանցված է աստվածաշնչյան ավանդության միջավայրը: Համարյա բոլոր հերոսները արևելյան շքեղ հագուստներով են, փայլուն զարդարանքներով, որը ստեղծում է տոնական մաժորային միջավայր:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում