Պողոս առաքյալի նամակը Կորնթացիներին

Պողոս առաքյալի նամակը Կորնթացիներին

Աթենքում ծավալած իր քարոզչական գործունեությունից հետո Պողոս առաքյալը տեղափոխվում է Աքայիայի մայրաքաղաք Կորնթոս: Այն նշանավոր առևտրական քաղաք էր, որն ապրում էր բազմամբոխ և շվայտ կյանքով: Կորնթոսում Պողոս առաքյալի գործունեությունը տևում է 18 ամիս:

Հենց Կորնթոսում է Պողոս առաքյալը գրում Թեսաղոնիկեցիներին ուղղված 2 նամակները, ինչպես նաև այս քաղաքը դառնում է առաքյալի սրտին շատ ավելի հոգեհարազատ, քան Աթենքը, քանզի կորնթացիների բարքերի ապականությունը երբեք այնքան չէր խանգարում առաքյալին քարոզելու իր Ավետարանը, որքան որ աթենացիների փիլիսոփայական հպարտությունը:

Կորնթոսը եղել է նաև Պողոս առաքյալի երկրորդ ճամփորդության վերջին կայանը Հունաստանում, ինչից հետո նա վերադարձել է Անտիոք՝ նախապապարաստվելու իր երրորդ ճամփորդությանը, որը նրան կրկին պիտի բերեր Հունաստան:

Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակը բավականին ծավալուն է, ինչպես նաև առաքյալի նամակներից ամենահարուստն է, որտեղ ներառված են բազմաթիվ թեմաներ: Նամակի սկզբում խոսվում է քղվացիների տեղեկության մասին առ այն, որ Կորնթոսի Եկեղեցում հայտնված աղանդների պատճառով տեղի է ունենում եկեղեցու պառակտում: Հենց սրա դեմ է Պողոս առաքյալը պայքարում նամակի առաջին 4 գլուխներում: Նա այս ամենից ամենավտանգավորը համարում է Ապողոսի խումբը (հավանաբար այս խմբին էին պատկանում փիլիսոփայական կրթություն ունեցողները), ինչպես նաև իր քննադատության սլաքը հաճախ ուղղում է մարդկային իմաստության դեմ, ցույց տալու համար, որ «այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծո առջև» (Գ 19): 

Այնուհետև Պողոս առաքյալը տեղեկանում է, որ Կորնթոսի քրիստոնյաների մեջ լայն տարածում է գտել մի այնպիսի սարսափելի պոռնկություն, որը առկա չէ նույնիսկ հեթանոսների պարագայում: Այս ամենից ամենասարսափելին այն էր, որ ընտանիքի անդամներից մեկը կարող էր կենակցել սեփական հոր կնոջ հետ (Ե 1): Տեղեկանալով այս մասին՝ առաքյալը խստորեն հանդիմանում է կորնթացիների անտարբերությունը այս երևույթի նկատմամբ և պահանջում այդպիսի պղծություն գործած անձի անհապաղ դատապարտություն (Ե 4-7): Զարմանալի չէ նաև այս պոռնկության ներթափանցումը դեպի Կորնթոսի Եկեղեցի, քանզի շատ կորնթացիներ քրիստոնյա դառնալով չկարողացան անմիջապես ըմբռնել նոր կրոնի բարոյական պահանջկոտությունը՝ այդպիսով շարունակելով իրենց հեթանոսական հին սովորույթները:

Քրիստոնյաները պետք է ի վիճակի լինեն դատել նույնիսկ հրեշտակներին, ինչպես նաև իրենց հարցերը լուծելու նպատակով չպետք է գնան հեթանոսական դատարաններ, այլ պետք է փորձեն սեփական ուժերով հարթել միմյանց միջև ծագած բոլոր անախորժությունները: Առավել խորանալով այս մտածումի մեջ առաքյալը նշում է, որ նույնիսկ եղբայրների միջև գոյություն ունեցող տարբերությունները այնքան էլ լավ ցուցանիշ չեն նրանց համար, քանզի, ըստ երևույթին, մկրտությունը պետք է մաքրած լինի նրանց գործած բոլոր մեղքերը (Զ 1-11): Իրենց նամակով կորնթացիները ցանկանում են Պողոսից պատասխան ստանալ ամուսնության և կուսության (Է), չաստվածներին մատուցվող զոհի (Ը-Ժ), աստվածային պաշտամունքի, Տերունական ընթրիքի (ԺԱ), ոգեկան շնորհքների(ԺԲ-ԺԴ), մարմինների հարության (ԺԵ) և այլ հարցերի մասին:

Երբ քննում ենք ամուսնության և կուսության վերաբերյալ Պողոս առաքյալի մտքերը, հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ նա անհամբեր սպասում էր Տիրոջ գալստյանը. ստրուկները և ազատները, ամուսնացածները և չամուսնացածները թող մնան ինչպես որ կան, քանի որ «այս աշխարհի վայելչությունը անցնում է» (Է 31), և «այսուհետև ժամանակը կարճ է» (Է 29):

Կուռքերին մատուցված զոհերի մասին խոսելիս (Ը 1-ԺԱ 1)՝ առաքյալին առաջնորդում է այն գաղափարը, որ քրիստոնյան մի կողմից ազատ է այդ հարցում, սակայն մյուս կողմից էլ պետք է հարգանք տածի իր եղբոր զգացմունքի հանդեպ:

Նամակում Պողոս առաքյալը անդրադարձ է կատարում նաև ծիսական հավաքույթների ժամանակ կնոջ գլուխը քողով ծածկելու սովորությանը՝ ասելով, որ ամեն մարդու գլուխը Քրիստոսն է և կնոջ գլուխը`տղամարդը, ուստի պետք չէ, որ տղամարդը աղոթքի ժամանակ ծածկի իր գլուխը, քանզի նա Աստծո պատկերն ու փառքն է, իսկ իր կինը իր մարդու փառքն է, և այդ պատճառով էլ նա պարտավոր է քողը դնել իր գլխավերևում;

Նամակի վերջաբանը պարունակում է տեղեկություն քարոզչական ծրագրերի մասին, ինչպես նաև ողջույններ և օրհնություններ՝ ուղղված իր ընթերցողներին (ԺԶ):

Այս ամենին հաջորդում է կորնթացիներին ուղղված երկրորդ նամակը, որտեղ սակայն տեղ չեն գտել առաջին նամակում արծարծված թեմաներից և ոչ մեկը: Բ Կորնթացիս նամակի ոճը հիմնված է ավելի զգացմունքային ֆոնի վրա, որտեղ առաքյալն արտահայտում է իր սրտի հարստությունը`ուղղված իր հոգևոր զավակներին, որոնց «ծնել է Քրիստոսով», և շարադրում է Քրիստոսի համար ունեցած իր չարչարանքները, ինչպես նաև իր ստացած «հայտնության գերազանցությունը»:

Հարկ է նշել, որ Բ Կորնթացիս նամակը համարվում է Պողոսի ամենաանձնական և ամենազագացական նամակը:

Նամակի բովանդակությունը հետևյալն է.

ա. Պողոսի կապը Կորնթոսի եկեղեցու հետ

բ. Երուսաղեմի քրիստոնյաների համար օրհնության հորդորներ

գ. Պողոսի ջատագովությունը իր առաքելական արժանիքի

Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան «Ներածություն Նոր Կտակարանի»

 Արմեն Չաքմիշյան

Աղբյուր` Qahana.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում