Հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ

Հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Հին Նոր տարին՝ ամանորյա տոնական ռիթմերով. Հայաստանի պետական ջազ նվագախումբը հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում ներկայացրեց տոնական ծրագիր։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:

Նվագախումբը ինքնատիպ տոնական համերգով էր ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց սկզբից դրական ու ջերմ հույզեր հաղորդել ունկնդրին: Եվ ձեռնարկն, իսկապես, հաջողված էր: Տոնական երեկոյին կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի համար:

Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես եկան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ:

Վահագն Հայրապետյանն ուրախություն հայտնեց, որ այս տարի Ամանորի ընթացքում Հայաստանում բազում տոնական միջոցառումներ են անցկացվել, և տոնական միջոցառումները շատ աշխույժ են անցնում: Այս համերգն էլ նման տոնական միջոցառումներից մեկն է:

«Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր, թարմ ձևաչափ ներկայացրեց: Նվագախմբի հետ բազմիցս ենք համագործակցում, տարիներ շարունակ ելույթ ունենում, և մեր համագործակցությունը միայն ելույթներով չի եզրափակվում, ես մշակումներ եմ անում այս նվագախմբի համար, ինչպես նաև իմ գրած ստեղծագործություններն եմ առաջարկում: Այս համերգի համար էլ մի քանի գործ ունեի մշակած, որոնք ևս հնչեցին»,-նշեց Վահագն Հայրապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում