Տիգրան Հեքեքյան. Երբ եղավ հեղափոխությունը, երկրորդ հարկն էին սարքում, արագ–արագ հինգ հարկն էլ սարքեցին

Տիգրան Հեքեքյան. Երբ եղավ հեղափոխությունը, երկրորդ հարկն էին սարքում, արագ–արագ հինգ հարկն էլ սարքեցին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ««Հին Երևան» նախագիծը վաղուց վերածվել է բիզնես նախագծի, դարձել է 5 հարկանի շենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Նրա խոսքով, վաղուց որոշվել է, որ ոչ մի թանգարան, մշակութային ոչինչ չի լինելու այդտեղ, միայն հյուրանոց, սրճարան, ռեստորան, վարձակալվող տարածքներ:

«Սնկի նման այնտեղ աճում են հինգհարկանի շենքերը, ոչ ոք բան չի ասում, մինչդեռ ասում էին երկու հարկանի շենքեր են լինելու»,- ասաց Տ.Հեքեքյանը:

Մաեստրոն նշեց, երբ որ եղավ հեղափոխությունը, ընդամենը երկրորդ հարկն էին սարքում, արագ -արագ հինգ հարկն էլ սարքեցին:

«Նոր Հայաստանում էլի շարունակվում են ապօրինություններ: Իհարկե, նախարարությունն է այս ամբողջը վերահսկում, բայց, ինձ թվում է, ինչ որ օրենսդրական պակաս կա, այս մարդկանց ձեռքում լծակ չկա, դիմում են ոստիկանություն, ոչինչ չի լինում»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:

Ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունից հետո, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդպես էլ եղել է:

«Նկատի չունենք փլուզվելու դեպքը, այլ քանդել՝ բուլդուզերով քանդել»,- իր ասածը հստակեցրեց նա:

Տ. Հեքեքյանն արձագանքեց. «Այսինքն ստացվում է՝ կարելի է այնպես անել, որ ինքն իրեն քանդվի, բայց այդտեղ մենք մեղք չունենք»:

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ 2019 թ. հունվարի 11-ին: Հենց այդ շենքոի, անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։ Մինչ այս պահը շենքը դեռ նույն վիճակում է, թեև պատկան մարմինները հայտարարել էին, նույնիսկ պայմանագիր կնքել, որ այն վերականգնվելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում