Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ կհնչի Չեխիայում

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ կհնչի Չեխիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունվարի 23-ին և 24-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Ֆիլհարմանիայի կայքից տեղեկանում ենք, որ համերգային ծրագիրը կոչվում է «Բախ և Մանսուրյան»։ Համերգի ընթացքում կկատարվի Բախի թիվ 32 և թիվ 68 կոնտատները, իսկ երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Համերգին կմասնակցեն Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չեխական Բարոկկո երգչախումբը, սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։

Տիգրան Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի (Հավերժական հանգիստ) մասին ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…

Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:

Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»:

«Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թ. նոյեմբերի 19-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում Բեռլինի RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիիբրայխի կատարմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում