«Իռլանդացին» ֆիլմի հայազգի սցենարիստը «Օսկար»-ի է առաջադրվել

«Իռլանդացին» ֆիլմի հայազգի սցենարիստը «Օսկար»-ի է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2020թ. «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկը, որում ներառվել է նաև հայազգի Սթիվեն Զաիլյանը:

Ինչպես նշվում է oscar.go.com կայքում, նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ որպես ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» դրամայի սցենարիստ:

Քրեական դրաման պատմում է տարեցների տնից մի տղամարդու մասին, որը երիտասարդ տարիքում հայտնի էր որպես «Իռլանդացի» մականունով քրեական հեղինակություն:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, փետրվարի 10-ին կայանալիք «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը երկրորդ անգամ կանցկացվի առանց հաղորդավարի:

«Կրկնել անցյալ տարվա փորձը. Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի հետ միասին որոշում կայացվեց, որ այս տարի ևս չի լինի հաղորդավար»,- ասել Է ABC Entertainment-ի նախագահ Քերի Բերկը:

Անցյալ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել էր առանց հաղորդավարի:

«Օսկար» մրցանակների հանձնման 91-րդ արարողության հաղորդավարը՝ ամերիկացի կատակերգու դերասան Քևին Հարթը, հրաժարվել էր այդ դերից՝ իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում