Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին

Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին

Պողոս առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակը իր մեջ կրում է «դարեր ի վեր Աստծո մեջ թաքնված խորհուրդը» (Եփես. Գ 9), այն խորհուրդը, որը մեզ բոլորիս հայտնեց մեր Տեր Հիսուս Քրիստոս, այն է՝ Եկեղեցու միջոցով փրկագործության ծրագրի իրականացում:

Հարկ է նշել, որ նամակի նյութի ընդհանրականությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղական, այլև ողջ Եկեղեցու համար: Այս պատճառով էլ որոշ մեկնիչներ այն կոչել են «համակարգված աստվածաբանական երկ», «պողոսյան աստվածաբանության համառոտ շարադրանք», «մկրտության ճառ», «Քրիստոսի խորհրդի իմաստության մասին մտածումներ» և այլն:

Նամակի բովանդակության ընդհանրական լինելու հանգամանքը, հիմք է տալիս ենթադրելու, որ այս նամակը եղել է ընդհանրական բնույթի՝ ուղղված ոչ միայն Եփեսոսի Եկեղեցուն, այլ նաև Փոքր Ասիայի այլ եկեղեցիների:

Ինչպես արդեն հասկացանք, նամակում ներկայացված է ընդհանուր հետաքրքրություն ունեցող մի նյութ`Աստծո փրկչական տնտեսության իրականացումը մարդկության պատմության մեջ՝ Եկեղեցու հիմնադրումով: Եկեղեցու մեջ նաև միանում և մեկ ամբողջական մարմին են կազմում նախկին երկու թշնամիները`հրեաները և հեթանոսները: Եվ հենց այս է իրենից ներկայացնում Քրիստոսի առաքելությունը, որ Խաչելությամբ և Հարությամբ աշխարհին շնորհեց խաղաղություն և սահմանեց հաշտություն՝ մարդկանց և Աստծո միջև: Իսկ Սուրբ Հոգին հովանավորում և սնուցում Քրիստոսի ողջ մարմինը՝ փրկվածներին:

Այս բովանդակությունը հստակորեն ներկայացված է նամակի առաջին հատվածում: Իսկ նամակի երկրորդ մասում խոսվում է դեպքերի մասին, որոնք անմիջականորեն հիմնվում են առաջին մասի աստվածաբանական վարդապետության վրա, ինչպես օրինակ`ամուսինների փոխհարաբերությունները, ծնող-երեխա փոխհարաբերությունը, ստրուկների և տերերի փոխհարաբերությունները և այլն:

Շատ մեկնիչներ են փորձել հասկանալ նամակի իրական նպատակը, սակայն առավել հավանական է այն, որ Կողոսիայի հերետիկոսների դեմ պայքարելուց հետո Պողոս առաքյալը եկեղեցիներին է ներկայացնում իր վարդապետության ամփոփումը, որպեսզի հավատացյալները, հիմնված Քրիստոսի «մարմնի» վրա, կարողանան դիմագրավել հերետիկոսների պառակտիչ գործողություններին:

Փիլիմոնին ուղղված նամակն ամենակարճն է Պողոսի բոլոր նամակների մեջ: Այն իրենից ներկայացնում է մի անհատական նամակ, որն ուղղված է Կողոսայում բնակվող և Պողոս առաքյալի կողմից դարձի եկած Փիլիմոնին, որի ստրուկներից մեկը`Օնեսիմոսը, փախել էր տիրոջ մոտից, այնուհետև հանդիպել Պողոս առաքյալին և դարձել քրիստոնյա:

Օնեսիմոսին Պողոսը ցանկանում էր պահել իր մոտ իբրև գործակից և օգնական, սակայն ոչ առանց նրա տիրոջ` Փիլիմոնի համաձայնության: Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը նրան ուղարկում է Փիլիմոնի մոտ՝ նրան դիմելով. «Թերևս նա հեռացավ, որ ընդմիշտ ունենաս նրան այլևս ոչ իբրև ծառա, այլ … որպես մի սիրելի եղբայր … Եթե ինձ ընկերակից ես համարում քեզ, ընդունիր նրան, ինչպես ինձ կընդունես»:

Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան` Ներածություն Նոր Կտակարանի

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում