Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել

Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի համար այս տարին հոբելյանական է՝ լրանում է ռեժիսոր, ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի 95-ամյակը, թատրոնի 40-ամյակը:

«Պատասխանատու տարի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը:

Նրա խոսքով, տարվա ընթացքում ծրագրում են իրականացնել տարբեր միջոցառումներ Հայաստանում և արտերկրում. կլինեն առաջնախաղեր, հանդիպումներ, Մալյանի ստեղծագործությունների ընթերցումներ:

«Կարծում եմ՝ պետական աջակցություն պետք է որ լինի: Չեմ կարծում, որ Մալյանի նման ռեժիսորներ շատ կան կամ եղել են, նրա ֆիլմերը մնայուն են, սիրված, շատ երկրներում Հայաստանը ճանաչել են հենց Մալյանի ֆիլմերով: Նրա ֆիլմերը մասնակցել են մի շատ միջազգային փառատոների»,- ասաց Ն. Մալյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կոնկրետ ծրագրերից մանրամասներ չներկայացրեց, բայց շեշտեց, որ այդ երկու կարևոր հոբելյանները կնշեն ըստ պատշաճի:

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը 2019-ին հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում և Ֆրանսիայում: Հյուրախաղերը կայացել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում՝ պետական աջակցությամբ: Թատրոնին աջակցել են նաև ՌԴ-ում և Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունները:

«Եվ Ռուսաստանում, և Ֆրանսիայում մեր ներկայացումները հանդիսականի կողմից ընդունվել են հրաշալի: Չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, խանդավառությունը, հրճվանքը, որ հանդիսատեսը ցուցաբերեց»,- ասաց Ն. Մալյանը:

Ներկայացումները խաղացել են հայերեն, ինչը թատրոնի գեղարվեստական ղեկավարը շատ է կարևորում:

«Մոսկվայում շատ երեխաներ կային, որ լավ չէին հասկանում հայերեն, բայց այնպես ուշադիր էին դիտում, ուրախանում: «Թումանյանի հեքիաթները» մի ներկայացում է, որը երևի կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել: Այն բեմադրել է Հենրիկ Մալյանը, խաղացել ենք արդեն 39 տարի, կարելի է արդեն համարել դասական դարձած ներկայացում: Խաղացել ենք աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել ենք փառատոների: Ամենուրեք հասկացվել է, ընկալվել, որովհետև հանճարեղ Թումանյանի տեքստն է Մալյանի բեմադրությամբ»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ֆրանսիայում խաղացել են Փարիզում, Իսի-լե-Մուլինոյում և Ալֆորվիրում: Փարիզում ներկա է եղել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դեսպանության աշխատակիցներ:

«Փարիզում հիմնականում մեծահասականեր էին դահլիճում, ծիծաղը չէր դադարում: Այնպես է բեմադրված, որ ինչ-որ նրբություններ կան, որ միգուցե մեծերն ավելի լավ են ընկալում»,- ասաց Ն. Մալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում