Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Անցած տարում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից մաքրման աշխատանքներ են իրականացվել Արցախի 7 շրջաններն ընղգրկող մոտ 4 տասնյակ հուշարձանների շրջակայքում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպվել են շաբաթօրյակներ և ծառատնկման աշխատանքներ «Տիգրանակերտ» և «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային, ինչպես նաև «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցների տարածքներում:

«2019 թվականին ՊՈԱԿ-ը պետական բյուջեով սահմանված ֆինանսական միջոցներով իրականացրել է ևս 11 հուշարձանների շրջակայքի մաքրման աշխատանքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքում գտնվող Ավան Հարյուրապետի պալատում, Խանական պալատում, Նաթավանի պալատում և Հյուսիսային պարսպի մի հատվածում, «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում, Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի Հովհաննեսի բերդում, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի Դրպասուտի եկեղեցու և հարակից տարածքներում, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարածքում գտնվող Հոռեկավանքի և Մելիք Բեգլարյանների ապարանքի տարածքում և Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Եղիշե վանքի և հարակից սրբավայրի տարածքում»,- նշել է Ա. Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում