Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը այցելուների առաջ իր դռները բացեց ամբողջությամբ վերանորոգված և Վանի նվիրական անկյունով համալրված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողները մի խումբ արվեստագետների ուղեկցությամբ թանգարան այցելեցին Կապուտիկյանի ծննդյան օրը` հունվարի քսանին:

«Հուշային հատվածն ամբողջությամբ պահպանվել է, քանի որ Կապուտիկյանն իր կտակում հորդորում է ոչինչ չփոխել` չավելացնել ու չպակասեցնել: Մոսկվայաբնակ հայերի օգնությամբ կառուցվել է Վանի նվիրական անկյունը, որը պատշգամբի հատվածում է. այնտեղ հին պահարան էր` հին գրքերով, թերթերով: Այդտեղ այժմ ցուցադրվում են Վանից բերված սպասքը, մեծ տաշտակը, որում Կապուտիկյանների մի քանի սերունդ է լողացել և այլ նմուշներ»,-պատմեց տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը:

Նա շեշտեց, որ համալիր վերանորոգումն իրականացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցությամբ և մի շարք բարերարների ու անհատների նվիրատվություններով: Վերանորոգման համար Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հատկացրել է մեկ մլն 150 հազար դրամ:

Դեմիրճյանը տեղեկացրեց, որ Կապուտիկյանի հարյուրամյակի կապակցությամբ չորս գիրք են հրատարակել`հիմնականում պոեզիա: «Լույս ընծայեցինք նաև երկլեզու`հայերեն-ռուսերեն զուգահեռ թարգմանությամբ բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկվել են հեղինակի հարյուր լավագույն ստեղծագործությունները: Հարկ եմ համարում նշել, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ջանքերով մենք գիտական նստաշրջան կազմակերպեցինք, նախատեսում ենք հրատարակել երկհատոր կամ մեկ ընդարձակ գիրք երկու բաժնով` պոեզիա և արձակ, իսկ արձակի էլեկտրոնային գիրք ստեղծելու համար հավանաբար համագործակցելու ենք Հայաստանի ազգային գրադարանի հետ»,-եզրափակեց Արմենուհի Դեմիրճյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում